Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-474-12.02.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում.

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով,

«4) Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ»:

2. 3-րդ մասը «ժամանակահատվածները» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«ներառյալ՝ այդ ընթացքում Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցներում աշխատած ժամանակահատվածները»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. «Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցներում ձեռք բերած մասնագիտական աշխատանքային ստաժը աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս (աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս կամ վերահաշվարկելիս)հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե անձը ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք(անձն ունի առնվազն 12 օրացուցային տարվա սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մասնագիտական ստաժ)»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«ՀՀ Պետական կենսաթոշակների մասին» Օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման

1. Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումների կատարումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիություն ընդունած ջավախահայերի նկատմամբ պետական հոգածություն ցուցաբերելու եւ մասնավորապես Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի նահանգների հայկական դպրոցների մանկավարժների հետխորհրդային տարիների մինչեւ 2003թ.-ի աշխատանքային ստաժը ճանաչելու անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 «Հայաստանի Հանրապետության Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների պատճառներն են.

Համաձայն «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին»  13.03.1992թ.–ին ընդունված համաձայնագրի՝ կողմերը, այդ թվում Հայաստանը եւ Վրաստանը փոխադարձաբար  ճանաչել են իրենց քաղաքացիների աշխատանքային ստաժը մինչեւ սույն համաձայնագրի ընդունման ժամկետը (հոդված 6, 2-րդ կետ): Հետեւաբար ՀՀ քաղաքացիություն ստացած Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական դպրոցների մանկավարժները զրկվում են մասնակի կենսաթոշակի արտոնություններից (արտոնությունների մասին տես՝ «Պետական կենսաթոշակների մասին»   օրենքի հոդված 16-ում):

3. Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է ճանաչել ՀՀ քաղաքացիություն ստացած վերոնշյալ մանկավարժների 1992թ.-ի մարտից մինչեւ 2003թ. օգոստոսը Վրաստանում աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խրախուսելու վերոնշյալ մանկավարժներին, ովքեր տարիներ շարունակ հայեցի կրթություն եւ դաստիրակություն են ապահովել Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական դպրոցների աշակերտների համար՝ դրանով էականորեն նպաստելով վերոնշյալ տարածաշրջանների հայապահպանության հույժ կարեւոր գործին:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հետ կապված իրավական այլ ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման հետ կապված իրավական այլ ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ եմ ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Կից ներկայացվում են նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների եւ այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտության մասին տեղեկանքները:

Խնդրում եմ նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝   ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ:
 
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ