Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-472-07.02.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի 64-րդ հոդվածի  2-րդ մասի 53-րդ կետում « կենդանի խոշոր» բառերից հետո լրացնել «եւ մանր» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 


Ներկա իրավիճակը

Նախորդ տարի  կառավարությունը հաստատեց  ՀՀ-ում  2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը եւ ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը։

Ծրագրով նախատեսվում է ոլորտի տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) մոտ 30,000 գլուխ տոհմային  մանր եղջերավոր կենդանիներ։

Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես մատչելի վարկավորման պայմանների կիրառման եւ կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների եւ այծերի ձեռք բերման (ներկրման) եւ բարձր մթերատու հոտերի ձեւավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ եւ տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացումը։

Որպես արդյունք ակնկալվում է.

 ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչեւ 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի ծավալները։   2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ  3.5 մլրդ դրամ արժեքով միս եւ 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար, հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների եւ խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։

Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի ու Կոտայքի մարզերում անցյալ տարվա ընթացքում ստեղծվել կամ ընդլայնվել են մանր եղջերավոր անասունների  տոհմաբուծական տնտեսություններ։ 2019 թվականին ներկրվել է ավելի քան 1000 գլուխ բարձրարժեք տոհմերի ոչխար, որոնց սերունդը պատրաստ կլինի իրացման արդեն այս աշնանը։ Անասունների մի մասը ներկրվել է պետական աջակցության ծրագրերի շրջանակներում։

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից     ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքով ԱԱՀ-ից ազատվում է նաեւ տոհմային կենդանի ոչխարների եւ այծերի   (ԱՏԳԱԱ 0104 10 100 0 եւ 0104 20 100 0 ծածկագրեր) ներմուծումը: Սակայն ՀՀ տարածքում իրավաբանական անձանց կողմից (ԱԱՀ վճարող համարվելու դեպքում) վերջինների վաճառքը հարկվում է ԱԱՀ-ով: Արդյունքում՝ Հայաստանում տոհմային ոչխարների կամ այծերի ձեռքբերումն ավելի թանկ կարժենա, քան դրանց ներկրումը։

Սույն նախագծի նպատակը տեղական տոհմային տնտեսությունների զարգացմանն աջակցությունն է, ներկրման հետ հավասար պայմանների ապահովումը։

Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային մանր եղջերավոր կենդանիների վաճառքը ԱԱՀ-ից ազատման դեպքում նորաստեղծ եւ գործող տոհմաբուծական տնտեսությունները կարող են ավելի ցածր գնով իրացնել տոհմային անասունները, ինչը կնպաստի անասնապահության զարգացմանն ու Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը։

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները»  64-րդ հոդվածի 2-րդ մասի 53-րդ կետով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային կենդանի մանր եղջերավոր կենդանիների օտարումը  ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ:

Ակնկալվող արդյունքը

Նախագիծը միտված է լուծելու հետեւյալ խնդիրները.

-  նպաստել տոհմային անասնաբուծության զարգացմանը,

- նպաստել տոհմային փոքր եւ միջին  տնտեսությունների զարգացմանը,

- ապահովել ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունը եւ արդյունավետությունը,

- նպաստել ոչխարի եւ այծի մսի եւ կաթի արտադրության ծավալների ավելացմանը,

- նպաստել շուկայում տեղական ոչխարաբուծության եւ այծաբուծության  արտադրանքի մրցունակության եւ ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը,

- նպաստել նախիրներում տոհմային կենդանիների մասնաբաժնի ավելացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

07.02.2020թ.

                                                      ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ  եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա/ նախագիծը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան)

բ) նախագծի ընդունման  հիմնավորումը

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝   ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ