Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-461-01.02.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով՝

1.1. «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում (6 ամիս) այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:»

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «1-ին» բառից հետո լրացնել «1.1-րդ» թիվը եւ բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրը.

Գործող օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ընտանեկան պայմաններից ելնելով, հայտարարված զորակոչին ենթակա քաղաքացուն տրվում է տարկետում, սակայն բաց է թողնված ընտանիքի անդամի մահվան դեպքը, որը խախտում է ընտանիքի մյուս անդամների կյանքի բնականոն ընթացքը, խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը: Արդյունքում խնդիր է ծագում վերականգնել այդ հավասարակշռությունը՝ այլ կերպ ասած համակերպվել ընտանիքի անդամի կորուստի փաստին:

3. Առկա խնդրի առաջարկվող լուծումը.

Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվի տարկետում 6 ամիս ժամկետով այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում՝ հնարավորություն տալով քաղաքացուն հաղթահարել ընտանիքի անդամի մահվան հոգեբանական տրավման:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

31 հունվար 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արմեն Փամբուխչյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Ազգային Ժողովի պատգամավոր՝

Արմեն Փամբուխչյան /009/