Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-460-31.01.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների, գործունեությունը, տվյալ կազմակերպությունների, դրանց միջոցով աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների միջեւ իրավահարաբերությունները, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների վերահսկողությունն իրականացնելու կարգը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1. զբաղվածություն` Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված եւ «Զբաղվածության մասին » ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները.

2. աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, «Զբաղվածության մասին » ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին(այսուհետ` լիազորված մարմին) եւ/կամ/ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին

3. գործազուրկ` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող եւ «Զբաղվածության մասին » ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել է գործազուրկի կարգավիճակ.

4. թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող եւ տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

5. զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն (այսուհետ` զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն)` պետական կառույցներից անկախ, ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաեւ իրեն դիմած եւ (կամ) լիազորված մարմնի կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

6. չզբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն չունեցող անձ, որը զբաղված չէ «Զբաղվածության մասին » ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որեւէ տեսակով:

7. նախնական վճար՝ որոշակի գումար, որը աշխատանք փնտրող անձը վճարում է զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությանը` վերջինիս պահանջով, օրենքով սահմանված պայմանագիրը կնքելուց եւ/կամ/ գործատուի հետ անձամբ հանդիպելուց եւ աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ:

8. Հավանական գործատու՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի ներկայացրած թափուր աշխատատեղի պահանջներին, մասնագիտական հմտություններին եւ կարողություններին համապատասխանում է աշխատանք փնտրող անձը` մինչեւ օրենքով սահմանված կարգով տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը:

Հոդված 3. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը

1. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների կազմակերպությունների գործունեություն ըենթակա է լիցենզավորման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների կազմակերպությունների գործունեության չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:


ԳԼՈՒԽ 2

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԶԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների իրավունքները

Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններն իրավունք ունեն`

1. գործատուներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից ստանալու տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաեւ սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների եւ այլ միջոցառումների մասին, որոնց հետեւանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ, եւ/կամ նոր ստեղծվող աշխատատեղեր:

2. անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից ստանալու տեղեկություններ նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարած լինելու մասին:

Հոդված 5. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների պարտականությունները

Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները պարտավոր են`

1. աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցել աշխատանք փնտրող, տվյալ կազմակերպությանը դիմած յուրաքանչյուր անձի, առանց աշխատանք փնտրող անձից նախնական վճարումներ պահանջելու:

2. իրականացնել աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, օժանդակել աշխատանք փնտրող անձանց ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին ապահովել անհրաժեշտ մասնագիտություն եւ որակավորում ունեցող մասնագետներով.

3. մատուցել աշխատանքի տեղավորման ծառայություններ՝ ելնելով միաժամանակ աշխատանք փնտրողների եւ գործատուների շահերից.

4. իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

5. իրականացնել աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը..

6. կազմակերպել գործազուրկների մասնագիտական ուսուցումը` ՀՀ կառավարության սահմանած կարգով.

7.աշխատանք փնտրող անձանց ուղեգրելու գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

8. կազմակերպել երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9 աջակցել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

10. լիազոր մարմնին գրավոր հարցման հիման վրա տրամադրել գրավոր տեղեկատվություն իրականացրած աշխատանքների վերաբերյալ:

11. կիսամյակային կտրվածքով լիազոր մարմնին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքի, ստացված ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ կատարված աշխատանքի արդյունավետության վերաբերյալ:

12. մեկամսյա ժամկետում վարացնել լիազոր մարմնի կողմից գրավոր նախազգուշացմամբ արձանագրված խախտումները:

13. աշխատանք փնտրող անձի հետ պայմանագրի կնքումից հետո՝ վերջինիս ցանկությամբ ապահովել հավանական գործատուհի հետ հանդիպում:

Հոդված 6. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության վերահսկողությունը.

1. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին):

Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները

լիազոր մարմինը պարտավոր է՝

1. ուսումնասիրել զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների՝ կիսամյակային կտրվածքով ներկայացրած հաշվետվությունները:

2. ստուգել զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը :

3. ուսումնասիրել զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների ստացված ֆինանսական միջոցների իսկությունը:

4. զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների կողմից սույն օրենքի դրույթները խախտելու եւ/կամ/ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում տալ գրավոր նախազգուշացում- տեղեկացում՝ հայտանբերված թերությունները մեկամսյա ժամկետում շտկելու համար:

լիազոր մարմին իրավունք ունի՝

5. գրավոր հարցման միջոցով ստանալ ցանկացած տեղեկատվություն զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ

6. իրականացնել ստուգումներ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գրասենյակային տարածքներում

7. դադարեցնել եւ/կամ/ զրկել լիցենզիայից՝ մինչ մեկ տարի ժամկետով, եթե արձանագրված խախտումները չեն վերացվել գրավոր նախազգուշացումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

ԳԼՈՒԽ 3

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Աշխատանք փնտրող անձի իրավունքներն ու պարտականությունները

Աշխատանք փնտրող անձը զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ հարաբերվելիս պարտավոր է

1.զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների օգնությամբ աշխատանքի անցնելուց եւ օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող համարվելուց հետո, վերջինիս հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպությանը՝ իր մատուցած ամբողջական ծառայությունների համար վճարել միայն առաջին ամսվա աշխատավարձի՝ ոչ ավել քան 35 տոկոսը:

2.պահպանել սույն օրենքի հիման վրա իր եւ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Հոդված 9. Աշխատանք փնտրող անձը զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական ծառայությունների հետ հարաբերվելիս իրավունք ունի՝

1. ստանալ մանրամասն տեղեկատվություն հավանական գործատուի մասին

2. պայմանագրի կնքումից հետո, իր ցանկությամբ եւ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների միջնորդությամբ հանդիպել հավանական գործատուի հետ:


ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 10. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Ամցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

2. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների լիցնզավորման կարգն ու չափորոշիչները սահմանում է կառավարությունը՝ իր համապատասխան որոշմամբ:

3. Սույն օրենքի պաշտոնական հրապարկման պահից հետո վեցամսյա ժամկետում՝ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները պարտավոր են դիմել՝ լիցենզիա ստանալու համար:

ԳԼՈՒԽ 5

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 
Ներկայումս զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների (աշխատանքի տեղավորման գործակալություններ) գործունեությունը, հիմանականում, չի կանոնակարգվում որեւէ օրենքով, այնինչ նրանց մատուցած ծառայությունները կապված են մի շարք կարեւոր գործոնների հետ:

Փաստացի նրանց ծառայությունները միտված են լուծել գործազրկության որոշակի խնդիր, որի դիմաց ստանում են գումարներ: Իրականում, սակայն, նրանք զբաղված են իրենց դիմած քաղաքացիներից գումարների «կորզմամբ», եւ չեն լուծում որեւէ խնդիր:
Բացի վերոշարադրյալից նման ընկերություններից շատերը աշխատում են ընդհանրապես օրենքի սահմաններից դուրս:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի ընդունմամբ հանրության շրջանում կմեծանա այդ ընկերությունների նկատմամբ վստահությունը եւ ՀՀ-ում նրանց գործունեության արդյունքում որոշակիորեն կլուծվի գործազրկության խնդիրը:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ կլուծվի մի շարք խնդրահարույց հարցեր, մասնավորապես.

1) զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի արդյունքում շոշափելիորեն կլուծվի գործազրկության խնդիրը,

2) նման ընկերությունները ամբողջապես կմտնեն օրենքի դաշտ,

3) կհեշտացվի եւ առավել ճիշտ մակարդակով կիրագործվի թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործընթացը քաղաքացիներին,

4) օրենքով սահմանված հաշվետվողականության սկզբունքը կնպաստի զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների առողջ մրցակցությանը,

5) հանրության շրջանում կբարձրանա վստահությունը այս ընկերությունների հանդեպ, որի արդյունքում գործատուները հնարավորություն կունենան գտնել համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրող անձիք կգտնեն իրենց հարմար եւ համապատասխան աշխատանք: