Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-458-30.01.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26 -ին   ՀՕ-491-Ն «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2.1.-րդ մասում «անձինք» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած եւ ՀՀ զինված ուժերում սպայական կազմի ռազմական կոչում ունեցող զինծառայողները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ  մասի համաձայն, սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Այս կարգավորումը որոշակի անհավասարություն է առաջացնում այն անձանց նկատմամբ, ովքեր ՀՀ զինված ուժերում անցել են զինվորական ծառայություն, ունեն սպայական կազմի ռազմական կոչում, սակայն կրթություն չեն ստացել ռազմաուսումնական հաստատությունում, որի հետեւանքով էլ զրկվում են գույքահարկից ազատվելու հնարավորությունից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու միջոցով կվերացվի Օրենքի 15-րդ հոդվածի բացը, եւ զինվարականները ովքեր չեն ուսանել զինվորական կրթական հաստատությունում, սակայն  կրթություն են ստացել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում,  ունեն սպայական կազմի ռազմական կոչում եւ ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն են անցել, կարող են օգտվել Օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունից:

ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած լինելու պայմանը սահմանվել է այն հիմնավորմամբ, որպեսզի, օրենսդրական փոփոխության դեպքում, անհավասար պայմաններ չստեղծվեն զինվորական կրթական հաստատությունում ուսանած եւ այլ բարձագույն ուսումնական հաստատություններն ավարտած անձանց միջեւ, քանի որ զինվորական կրթական հաստատությունում ուսանած զինվարական ծառայողների համար որպես պարտականություն սահմանվում է հետագայում ՀՀ զինված ուժերում ծառայելը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Պարոն Ա. Միրզոյանին

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Գույքահարկի մասին օրենքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Հարգանքով ՝  Վիկտոր Ենգիբարյան  /066/