Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2016թ. հոկտեմբերի 4-ին  ընդունված  Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 381-րդ հոդվածի 6-րդ կետից հետո ավելացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ:

«7. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս՝ պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն եւ տեղեկացնել իրավասու՝ ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձը հայտը ստանալուց հետո տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետեւ սպասարկման կենտրոն) տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Սպասարկման կենտրոնը դիմումատուի հայտի հիման վրա, իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո, առավելագույնը 24 ժամվա ընթացքում, ստուգում է անսարք ՀԴՄ-ն եւ անհրաժեշտության դեպքում կազմում անսարք լինելու մասին ակտ: Վերանորոգման աշխատանքների ողջ ընթացքում սպասարկման կենտրոնը, ՀԴՄ կիրառողի պահանջով՝ տվյալ աշխատանքային օրվա ընթացքում, ժամանակավոր օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք: Մինչեւ ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը՝ ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է»:

Այնուհետեւ հաջորդող 8-րդ  կետում վերջին բառից հետո եկող վերջակետի փոխարեն դնել ստորակետ եւ լրացնել հետեւյալ բառերով:

«Հսկիչ դրամարկղային մեքենային եւ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման եւ գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու նախագծի վերաբերյալ

Գործնականում տնտեսավարող սուբյեկտները հաճախ ՀԴՄ-ների տեխնիկական անսարքության հետեւանքով լուրջ խնդիրներ են ունենում, իսկ գործող օրենսդրությունը հստակ չի սահմանում անսարքության պատճառով տվյալ ժամանակահատվածում շահագործվող ՀԴՄ-ների վերանորոգման կամ նոր ՀԴՄ-ների տրամադրման հստակ ժամկետներ: Նշենք նաեւ, որ 2017թ. Հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության N 1318-Ն որոշմամբ սահմանված հաշվիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված Կանոններում եւս չի սահմանվում խափանված ՀԴՄ-ների նորոգման կամ նոր ՀԴՄ-ներով փոխարինման հստակ ժամկետներ:

Առաջարկվող նախագիծը քննարկվող խնդրին տալիս է օրենսդրական լուծում:

Համոզված ենք, որ օրենսդրական նախաձեռնությունը կնպաստի առկա խնդրի կարգավորմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

20.01.2020թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ խնդրում սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝                                                               ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ