Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-442-10.01.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերում «համապատասխանաբար պետական կամ» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը կարգավորում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (ներառյալ՝ սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռքբերված հողամասերը, բացառությամբ սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռքբերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են՝ 1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար տրամադրված հողամասերը. 2) հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար տրամադրված հողամասերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շենքեր եւ շինություններ, այդ թվում կիսակառույց շենքեր, շինություններ՝ անկախ դրանց ավարտվածության աստիճանից:»:

Սակայն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 26.11.2005թ. ուժի մեջ մտած ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետեւանքով հողամասի իրացման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Այս կարգավորումը իրավակիրառ պրակտիկայում հակասական մեկնաբանությունների տեղի է տալիս, մասնավորապես՝ թե որ հողամասերի գծով պետք է կադաստրային արժեքըվճարվի պետական, եւ որ հողամասերի դեպքում՝ համայնքային բյուջե: Բազմաթիվ են դեպքերը, երբ օրենսդրական տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով չի իրականացվում տվյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի ուժով նույն հոդվածում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերը օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած երրորդ անձինք պարտավոր են վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե:

Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից, որպես սկզբնական սեփականատերեր կարող են հանդես գալ երկու սուբյեկտ՝ պետությունը եւ համայնքները: Մինչդեռ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ցանկացած դեպքում եւ ՀՀ հողային օրենսգրքի օրենսգրքի 64-րդ հոդվածում նշված հողամասերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունք ունենալու պայմանի հաշվառմամբ կարող են հանդես գալ միայն որպես «պայմանական սեփականատերեր»: Այսինքն՝ նրանց պայմանական սեփականության իրավունքը պահպանվում է սկզբնական սեփականատիրոջ փոփոխության դեպքում, ինչը եւ տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 26-ից հետո (նաեւ դրանից առաջ):

Հետեւաբար այս իրավիճակում 2005 թվականի նոյեմբերի 26-ից հետո համայնքներին փոխանցված հողամասերի նկատմամբ պետք է ճանաչվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքը՝ որպես պայմանական սեփականություն, եւ միաժամանակ համայնքների սեփականության իրավունքը՝ որպես սկզբնական սեփականություն:  Այստեղից բխում է, որ այդ հողերը 2005 թվականի նոյեմբերի 26-ից հետո օտարելիս դրանք ձեռք բերող հանդիսացող երրորդ անձինք պետք է վճարեն կադաստրային արժեքը սկզբնական սեփականատիրոջը, որը, ըստ էության, տվյալ իրավահարաբերություններում, համայնքն է: Ուստի ինչպես Երեւանի, այնպես էլ մյուս համայնքների առումով սահմանված է հավասար մոտեցում հողամասերի կադաստրային արժեքի վճարումն ընդունող սուբյեկտի առումով:

Սույն հիմնավորմամբ պայմանավորված որոշման բովանդակությունը բխում է Հայաստանի Հանրապետության  կառավարության  2018 թվականի մարտի 6-ի  N 251-Ն որոշման իրավակարգավորումներից, համաձայն որի, գործադիրը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի նույնանուն հոդվածներով, Երեւան քաղաքի մասով սահմանել է հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ  Երեւան համայնքի բյուջե վճարելու իրավակարգավորում:

Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվի վերը նշված իրավաիրացնող խնդիրը, մասնավորապես՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը: Միաժամանակ, դրանով Հայաստանի Հանրապետության համայնքները ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքով հողամասերի հետագա օտարման ժամանակ կստանան վճարվող կադաստրային արժեքի գծով եկամուտները, որը էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

26 դեկտեմբերի 2019 թվականի  N 1966 - Ա  
   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 26
           Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

19 դեկտեմբերի  2019 թվականի  N 1846 - Ա
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 19
           Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                         ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1846-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
 
Հարգանքով`  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ