Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-446-10.01.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

գ) պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները.

դ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.

ե) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. դ) ՀՀ Ազգային ժողովի  հաստատմանն է ներկայացնում անկախ սեփականության ձեւից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը».

2. է) Սույն օրենքով եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանված կարգով  թույլտվություն է տալիս տեղափոխելու եւ փոփոխելու հանրապետական նշանակության հուշարձանները».

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի (բ) եւ (թ) կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

1. բ) ՀՀ Ազգային Ժողովի հաստատման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը».

2. «թ) կազմում եւ սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու դրանց պահպանության կարգը»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կատարում է ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին»:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ

Նկատի է առնված, որ 1998 թվականի դեկտեմբերի 12–ին (ՀՕ-261) ընդունված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ի սկզբանե Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Միայն 2003 թվականի ապրիլի 11-ի փոփոխությամբ է այդ իրավասությունը փոխանցվել ՀՀ կառավարությանը, որից հետո պետության կողմից պահպանվող հուշարձաններից շատերը, մասնավորապես մայրաքաղաքում, քաղաքաշինական նպատակներով քանդվել են, բնակիչները տարհանվել եւ կառուցվել են տարբեր «էլիտար» բարձրահարկ շենքեր: Կցվում է պետության կողմից պահպանման ենթակա այն հուշարձանների ցանկը, որոնք օրենքի վերոհիշյալ փոփոխությունից հետո քանդվել են, օտարվել կամ ապամոնտաժվել:

Աղաղակող փաստ է, որ մայրաքաղաքը իր պատմական դիմագիծը կորցրել է, հատկապես XIX դարի եւ XX դարի սկզբին կառուցված, նախկինում պետության կողմից պահպանվող պատմական շենքերի քանդմամբ կամ աղճատմամբ:

Որպես օրինակ կարելի է մատնանշել հանրության մեջ հատկապես բողոքի մեծ ալիք բարձրացրած այնպիսի շենքերի քանդումն ու օտարումը, որպիսիք են՝ «Սպայի տունը» Վազգեն Սարգսյան փողոցում, նախկին Պետդումայի շենքը Շահումյան հրապարակում, «Աֆրիկյանների տունը» Տերյան փողոցում, Գիտությունների Ազգային Ակադեմիայի հին շենքը (Լեզվի ինստիտուտի) Սայաթ Նովայի փողոցում, Երեւանի «Փակ շուկան», բազմաթիվ շենքեր Աբովյան, Հանրապետության, Արամի փողոցներում: Ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում քանդված հին Երեւանի  տներն ու շենքերը:

Հաշվի առնելով 2015թ սահմանադրական բարփոխումներով պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ այլեւս խորհրդարանական երկիր է, այսկերպ եւս մեկ լիազորություն կբերենք խորհրդարանական վերահսկողության դաշտ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ժ Ո Ղ Ո Վ

ԻՄ ՔԱՅԼԸ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

9.01.2020թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 75-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ եւ 50-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

Առաջադրվող օրենքի նախագծին կից ներկայացնում ենք՝

1) օրենքի ընդունման հիմնավորումը.

2) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Պատգամավոր`                                            Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ