Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-436-26.12.2019-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կազմակերպության գործունեության հաշվետվությունը

1. Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնում է գործունեության տարեկան հաշվետվություն:

2. Կազմակերպության գործունեության տարեկան հաշվետվությունը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.

1) Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը եւ պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում),

2) Գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ պաշտոնը,

3) Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան եւ նպատակները,

4) Կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ),

5) Հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացված նիստերի քանակը,

6) Հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը եւ համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ),

7) Տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարը,

8) Օգտագործված դրամական միջոցները եւ/կամ շարժական, անշարժ գույքը,

9) Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի եւ դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

3. Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուրը հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել են հանրային միջոցները (պետական կամ համայնքային միջոցներ), ապա նրանց գործունեության տարեկան հաշվետվություններում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի ներառում է.

1) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) եւ տեղեկատվություն դրանց մասին (նպատակ,  հիմնական արդյունքներ).

2) hանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարը՝ ըստ ստացման աղբյուրների.

3) hանրային դրամական միջոցների եւ/կամ տրամադրված գույքի օգտագործման ծախսերը.

4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի (այսուհետեւ՝ Համակարգ) անձնական էջում եւ իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:

5. Կազմակերպությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են:

6. Կազմակերպությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին:

7. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության օրինակելի ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը:

8. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքների» բառը փոխարինել «օրենքի» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձեւակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաեւ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) 8?րդ հանձնարարականի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով: Փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հարցադրումներ:

Նախագծով կատարվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները): ՖԱԹՖ-ի 8?րդ հանձնարարականի 8.3 կետի համաձայն՝ երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություններ բոլոր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների կառավարման եւ ղեկավարման թափանցիկությունը, ամբողջականությունն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը խթանելու համար: «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվել է, որ կազմակերպության գործունեության սկզբունքներից է հաշվետվողականությունը: Ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն եւ արդյունքում բացակայում է հանրային հաշվետվողականությունը: Առկա է նաեւ տարընթերցում, արդյո՞ք հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ միայն ստացված հանրային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի, թե կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ: Օրենքի 24-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների եւ կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն եւ կորցնում է արդիականությունը: Նախագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:

Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաեւ կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ): Նախագծով նախատեսվում է սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը եւ կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով ձեւավորված աշխատանքային խմբի կողմից:

3.  Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4.  Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի հանրությանը հասանելի դարձնել հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

5 դեկտեմբերի  2019 թվականի  N 1737    - Ա

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 9
            Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ
 

19 դեկտեմբերի 2019 թվականի  N 1933 - Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 19
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1737-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ