Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-425-17.12.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

 «Բնակչության բժշկական օգնության եւ սպասրակման մասին» 1996 թվականի մարտի 04-ի ՀՕ-42 օրենքը լրացնել նոր 171-ին հոդվածով.

«Հոդված 171. Բժշկական հաստատություն հասնելու ճանապարհածախսի հատուցման իրավունքը

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, ով հեմոդիալիզային պրոցեդուրա անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում համապատասխան բժշկական օգնություն եւ/կամ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություն հասնելու համար պետք է իր մշտական բնակության վայրից անցնի առնվազն 20 կիլոմետր հեռավորություն, այդ հաստատություն կատարված յուրաքանչյուր այցելության համար ճանապարհածախսի հատուցման իրավունք ունի: Հատուցման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը։»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սահմանում է սույն օրենքով նախատեսված հատուցման տրամադրման կարգն ու պայմանները։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, 86-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

(…)

7) բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը (…):

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում զգալի է այն անձանց թվաքանակը, ովքեր ունեն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ։ Այդ հիվանդությունների թվում է նաեւ երիկամների քրոնիկ անբավարարությունը։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ շաբաթական 3 անգամ պետք է հեմոդիալիզ անցնեն։ Սակայն ոչ բոլոր բժշկական հաստատություններում է հնարավոր ստանալ բժշկական այդ սպասարկումը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշել է, որ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների թիվն աճել է, իսկ հեմոդիալիզ ունեցող բժշկական կենտրոնների թվաքանակը հատկապես մարզերում բավականին քիչ է։ Ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի հնարավորություն ունի միայն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզում՝ միայն Գավառի բժշկական կենտրոնը, Սյունիքում՝ Գորիսի բժշկական կենտրոնը, իսկ Արագածոտնի մարզն ընդհանրապես այդ բժշկական սպասարկումն ապահովող բժշկական կենտրոն չունի։ Ակնհայտ է, որ այդ սպասարկման կարիքն ունեցողները միայն համապատասխան բժշկական կենտրոններին մոտ գտնվող տարածքներում բնակվող անձիք չեն։ Դեռ ավելին, բոլորը հեմոդիալիզ անցնելուն ուղղված ծախսեր կատարելու համար բավականաչափ ապահովված չեն։

Ուստի, մինչ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ բոլոր բժշկական կենտրոններն ապահովելը՝ նպատակահարմար է սահմանել ճանապարհածախսի փոխհատուցման իրավունքը։
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ     
 

Ո Ր Ո Շ Ու Մ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասրակման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 

16 դեկտեմբերի 2019թ.
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասրակման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

-  տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է գործող օրենքում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 04 թերթ։
 
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ