Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-422-16.12.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 89-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Համայնքի բյուջեի ֆոնդային մասից կարող են ֆինանսավորվել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը եւ (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում ձեւավորվող, փոփոխության ենթարկվող եւ ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Արտաքին աջակցությամբ իրականացվող կապիտալ ծրագրերի շրջանակներում կնքված համաձայնագրերով՝ համայնքի կողմից համաֆինանսավորում պահանջող կապիտալ բնույթի աշխատանքները երբեմն իրականացվում են ոչ թե համայնքի, այլ՝ բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող կազմակերպության (օրինակ՝ հիմնադրամի) կողմից: Տվյալ դեպքում ՀՀ բյուջետային օրենսդրության  համաձայն՝ համաձայնագրով նախատեսված համաֆինասավորման գումարը համայնքը իր բյուջեի ֆոնդային մասից կատարելու իրավասություն չունի, քանի որ վերջինս չի հանդիսանում առաջին գործարք իրականացնողը: Բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող շահառուներին (կազմակերպություններին) տրամադրվող ֆինանսական միջոցները, այդ թվում համաֆինանսավորման նպատակով տրամադրվող կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը դիտվում են որպես տրանսֆերներ եւ նախատեսվում են համայնքի բյուջեի վարչական մասից՝ որպես դրամաշնորհներ, որը խնդիր է առաջացնում, քանի որ հաճախ համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասում համապատասխան ֆինանսական միջոցները բացակայում են: Իսկ համաձայն Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում՝ ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով, ավագանու առաջարկությամբ, ՀՀ կառավարության որոշմամբ եւ սահմանած կարգով, տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցներ ներգրավվելու դեպքերի: Ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի եւ ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերի ֆինանսավորումը համայնքների բյուջեների ֆոնդային մասի միջոցներից իրականացնելու վերաբերյալ հարցին լուծում տալու նպատակով մշակվել են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն հնարավորություն կստեղծվի համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը եւ (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

11 դեկտեմբերի 2019 թվականի  N 1851-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 11
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

28 նոյեմբերի 2019 թվականի  N 1684-Ա

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ      Տ. ԱՎԻՆՅԱՆ

 2019 թ. նոյեմբերի 28
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1684-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարգանքով՝              ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ