Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-418-10.12.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. Ուժը կորցրած ճանաչել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային  ծրագրի  մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-102-Ն օրենքը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Սյունիքի մարզում տեղակայված Ողջիի,  Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի սակավաթափոն մշակման ներդրումային ծրագիրը ընդունվել է 2015 թվականին եւ իրենից ներկայացնում է «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկված եւ հիմնավորած գործողությունների համալիր ծրագիրը, որն ուղղված է նշված արտադրական լցակույտերի մշակման տեխնոլոգիայի ներդրմանն ու կիրառմանը եւ այդ նպատակով վերամշակման գործարանի կառուցմանն ու շահագործմանը: «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է սույն ներդրումային ծրագրի իրականցնող՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 2014 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 43-24 արձանագրային որոշմամբ «Մտադրությունների մասին» հուշագրի:

Սույն ներդրումային ծրագրով «Ալյոտիգ» ՍՊԸ-ին է փոխանցվում Ողջիի եւ Փխրուտի պոչամբարներում կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, որն իր հերթին Արծվանիկի պոչամբարը կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցնելու պահից սկսած Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված ամբողջ լցակույտերի, ինչպես նաեւ Արծվանիկի պոչամբարի լցակույտերի՝ դրանց կուտակման ողջ ծավալով,սեփականության իրավունքները փոխանցում է Հայաստանի Հանրապետության սեփականությանը, վերջինս իր հերթին Արծվանիկի պոչամբարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքները հանձնել է «Ալյոտիգ» ՍՊԸ-ի սեփականությանը:

 «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականից ստանձնելով վերոնշյալ ներդրումային ծրագրի իրականացումը՝ «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի իրականացրել ծրագրով նախատեսված պարտավորությունները, մասնավորապես ներդրումային ծրագրով նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում մշակել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մաստեր պլան, որը պետք է ներառեր տեղեկատվություն ծրագրի իրականացման հիմնական նպատակների, գործողությունների, հիմնական եւ միջանկյալ փուլերի վերաբերյալ, ներառյալ` առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա` դրանց ակնկալվող ժամկետների հաշվարկը, նախատեսվող ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ, տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային եւ շինարարական սկզբունքային լուծումների վերաբերյալ, սոցիալական ազդեցության մասին, այդ թվում` բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության վերաբերյալ, աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների եւ նորմերի վերաբերյալ: «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չի իրականացվել նաեւ ծրագրով նախատեսված լցակույտերի վերամշակման գործարանի կառուցումը:  Բացի այդ, համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2016թ.-ի վճռի՝ «Ալյոտիգ» ՍՊԸ -ն (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ), ճանաչվել է սնանկ:

Բացի վերոնշյալը, 2016 թվականին «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ եւ ներմուծվել է 5.1 գլուխը, որով մանրամասն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման բոլոր ընթացակարգերը: Մասնավորապես, համաձայն վերոնշյալ փոփոխությունների, ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը եւս հանդիսանում է ընդերքօգտագործում եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ստանալու համար 2016 թվականից ի վեր գործում են նոր  եւ հստակ ընթացակարգեր  եւ կարգավորումներ, որոնք  ներառում են նաեւ վերամշակման ծրագրերի բնապահպանական ազդեցությունների եւ ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերը:

Հիմք ընդունելով վերոհիշյալ փաստարկները՝ առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
 

2019թ. դեկտեմբերի 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն  Արարատ  Միրզոյանին


Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացնվում «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման  ներդրումային ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

 ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

Օրենքի նախագիծը
Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 3 էջ:
 

Հարգանքով`  Մերի Գալստյան