Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-415-06.12.2019-ՊԱ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-99-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լրատվական» բառից հետո լրացնել «կամ մարզական կամ հանգստի կազմակերպման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 7.1. ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի`

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով եւ չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ հիմնարկի կանոնադրությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում: