Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-395-28.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 1.1.

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 3.1. Գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտավորությունը

1. Սույն օրենքի իմաստով հայտարարատու անձինք են սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայությունների ոլորտի լիցենզավորված ընկերությունների (այսուհետ՝ հանրային ծառայությունների ոլորտի ընկերություններ) բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) են ներկայացնում գույքի եւ եկամուտների հայտարարագիր:

2. Հայտարարատու անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրեր։

3. Հայտարարատու անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ՝ դրան հաջորդող 30 օրվա ընթացքում: Տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար՝ մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:

4. Հայտարարագրի ձեւը (էլեկտրոնային ձեւը) եւ ներկայացման կարգը սահմանում է հանձնաժողովը:

Հոդված 3.2. Հայտարարատու անձին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու մասին ծանուցելը

1. Հանրային ծառայությունների ոլորտի ընկերության անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը տվյալ ընկերության հայտատու անձին բարձրագույն գործադիր պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում ծանուցում է հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը: Ծանուցման ձեւը եւ կարգը սահմանում է հանձնաժողովը:

Հոդված 3.3. Հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագրում նշվում են՝

1) հայտարարատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին զբաղեցրած պաշտոնը, պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, ընկերության անվանումը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը.

2) հայտարարատու անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, նշելով գույքի տեսակը, գտնվելու վայրը, գույքի նկատմամբ իրավունքը, մակերեսը.

3) հայտարարատու անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը, նշելով գույքի տեսակը, մակնիշը, գույքի նկատմամբ իրավունքը, թողարկման տարեթիվը.

4) սույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված գույքի տեսակներում չնշված՝ տասը միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույքը.

5) եկամուտները, նշելով եկամտի տեսակը, աղբյուրը, չափը արժույթի տեսակը.

6) հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները, նշելով արժույթի տեսակը եւ չափը.

7) արժեթղթերը եւ այլ ներդրումներ, նշելով ընկերության անվանումը, ներդրման տեսակը, արժեքը կամ չափը:

Հոդված 3.4. Հայտարարագրերի հրապարակումը

1. Հանձնաժողովը՝ հայտարարագիրն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրապարակում է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

2. Հայտարարատու անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում հայտարարագիրը եռօրյա ժամկետում հանվում է պաշտոնական կայքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունները որոշ չափով դուրս են մրցակցային միջավայրից ինչի արդյունքում նրանց գործունեությունը կանոնակարգվում է ոչ այնքան շուկայական կանոններով, որքան հատուկ օրենսդրական կարգավորումներով: Նշվածի համատեքստում հանրային ծառայությունների արդյունավետություն, հաշվետվողականությունից եւ արդյունավետությունից է կախված վստահությունը սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ:

Ի լրումն, այդ ընկերությունների մատուցած ծառայություններն ունեն կենսական նշանակության, քանի որ դրա շահառուն ողջ հասարակությունն է, ուստի կարեւոր է դրանց հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրումը, որոնցից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը: Տվյալ մեխանիզմը կարող է նպաստել համակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչն անհրաժեշտ նախապայման է օրինակ դրանց հետագա բաժնետիրացման համար:

Վերոհիշյալ նպատակների համատեքստում, սույն օրենքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայություն մատուցող ընկերությունների ղեկավար կազմի համար: Մասնավորապես, օրենքի նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը լրացնել առանձին գլուխով, որով մանրամասն նկարագրված է հայտարարագրման կարգը, բովանդակությունը, ներկայացման եւ հրապարակման ժամկետները, ինչպես նաեւ նշյալ հայտարարագիրը ընդունող եւ հրապարակող մարմնի պարտականությունները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝     ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ