Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-394-28.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 382.2-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

 «2. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր հաղորդած տեղեկության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել ու պայմանավորվել է

«Հայաստանի Հանրապետության քրեական օրեսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Խ-221-11.07.2019 նախագծի ընդունմամբ՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացվեց 338.2 հոդվածով հետեւյալ դիսպոզիցիայով. «Նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը»:

Նշված նախագծով լրացվեց հետեւյալ սանկցիան. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:»

Վերը նշվածից պարզ է, որ հանցակազմի օբյեկտը արդարադատության բնագավառում ծագող հասարակական հարաբերությունների պաշտպաննությունն է, օբյեկտիվ կողմից արարքը դրսեւորվում է ակտիվ գործողություններով, սուբյեկտիվ կողմից՝ դիտավորությամբ:

Սանկցիայից պարզ է, որ հանցագործության տեսակը ոչ մեծ ծանրության է եւ նույնանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 338.1 հոդվածով նախատեսված սանկցիայի հետ:

Վերոշարադրյալի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը երկու արարքներն էլ գնահատել է նույն վտանգավորությամբ:

Օրենսգրքի 338.1 հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը սահմանել է պատասխանատվությունից ազատող  նորմ, որը կիրառվում է այն դեպքում, երբ անձի բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում եւ այն վերաբերելի է միայն երդմամբ հաստատված հայտարարությանը:

Այսինքն, օրենսդիրը նշված վերջին դեպքերում արարքը դիտարկում է նվազ կարեւոր:

Ելնելով այն հանգամանքից, որ նույն վտանգավորությամբ գնահատված հանրորեն վտանգավոր մի արարքի համար օրենսդիրը չի կարող սահմանել պատասխանատվությունից ազատող նորմ, մյուսի համար՝ ոչ, անհրաժեշտ է կատարել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
27  նոյեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

 Հարգանոք՝  ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ