Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-392-28.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 7-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 97-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետում «իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի»  բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի առաջին մասի չորրորդ կետում «առնվազն երկուսի» բառերը փոխարինել «առնվազն մեկի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Օրենսգրքի 97-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետ.

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի՝ «Դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները», առաջին մասում նշված է, որ   «դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով»:

Տվյալ նախադասության մեջ «իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի» արտահայտությունը հարկավոր է փոխարինել «իրավագիտության բակալավրի» արտահայտությամբ հետեւյալ պատճառաբանությամբ.

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 165-րդ հոդվածի 3-րդ կետի՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Այս հոդվածում չի նշվում, որ դատավոր նշանակվելու համար պարտադիր է բակալավրի կամ մագիստրոսի կոչում ունեցող անձ, այլ բարձրագույն իրաբաբանական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացի:

Ըստ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝

«Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որը՝

1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն…»:

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

«1. Դատախազ կարող է նշանակվել 25-ից մինչեւ 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.»:

Ըստ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի՝

«1. Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին»:

Ըստ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ բարձրագույն մասնագիտական կրթություն է համարվում առնվազն միջնակարգ կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, կարող ենք ասել, որ թե՜ բակալավրի եւ թե՜ մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթությունը համարվում են բարձրագույն կրթություն: Իսկ քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 165-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը, հետեւապես դատավոր նշանակվելու համար պարտադիր չէ ունենալ եւ՜ բակալավրի, եւ՜ մագիստրոսի կոչում:

2. Օրենսգրքի 97-րդ հոդվածի առաջին մասի չորրորդ կետ.

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի՝ «Դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները», առաջին մասի չորրորդ կետում նշված է, որ   «դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե ունեն անգլերեն, գերմաներեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներից առնվազն երկուսի` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

Տվյալ նախադասության մեջ « առնվազն երկուսի » արտահայտությունը հարկավոր է փոխարինել « առնվազն մեկի» արտահայտությամբ հետեւյալ պատճառաբանությամբ.

Ըստ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին կետի՝ Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է: Սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ կետերը նախատեսում են, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը, եւ որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով:

Հետեւապես, դատավորը պարտավոր չէ տիրապետել երկու օտար լեզվի՝ դատավարությունը պատշաճ կերպով անցկացնելու համար:
 

Տեղեկանք գործող օրոնքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ



26 նոյեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումները

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 5 թերթ:

Հարգանքով՝
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝    ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ