Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-384-21.11.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդվածը 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 124-րդ հոդվածը լրացնել նոր 40-րդ մասով՝

«40. Սույն հոդվածով նախատեսված  տուգանքների մուծման նկատմամբ կիրառելի են սույն օրենքի 305-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները : »

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ մասով՝

«10. Սույն օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի գումարի 70 տոկոսը  տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված: »

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարորդների եւ պետության շահերից միաժամանակ:

Տուգանքը՝ որպես վարչական պատասխանատվության ենթարկելու միջոց, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված դեպքերում հիմանակնում չի գերազանցում 10-15 հազար ՀՀ դրամը, սակայն պայմանավորված քաղաքացիների ծանր սոցիալական դրությամբ, առաջացնում է նրանց համար հավելյալ բեռ: Քաղաքացու կողմից տուգանքը չվճարելու պատճառով  ավելանում է նաեւ վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով տուգանքը չվճարելու հետեւանքով նախատեսված գումարը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կատարողական գործողությունների կատարման համար նախատեսված ծախսերը վճարելու պարտականությունը:

Դեռեւս 21.12.2015թ-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվել էր նմանատիպ փոփոխություն, որը սակայն ժամակավոր էր եւ ենթադրում էր միայն  տուգանքին ավելացվող գումարից եւ ԴԱՀԿ ծախսերից ազատում, մինչդեռ սույն նախագիծը առաջարկում է հստակ արտոնություններ տուգանքի չափի 30 %-ի մասով՝ դրա     10-օրյա ժամկետում կատարման դեպքում:

Միջազգային փորձ.

Մի շարք Եվրոպական երկրներում գործում են նախագծով առաջարկվող զեղչային համակարգեր, մասնավորապես.

Եվրոպայում երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների իրավիճակի մասին, ապա առավելագույն տուգանքները նախատեսված են Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում:

Արեւելյան Եվրոպայում եւ Բալկաններում (բացի Հունաստանից) տուգանքները զգալիորեն ցածր են, իսկ դրանց նկատմամբ վերահսկողությունը թեթեւ  է: Ամենացածր տուգանքները Ալբանիայում են, ամենաբարձրը՝ Նորվեգիայում.

Ստորեւ 2018թ-ի  դրությամբ կարգավորումները. 

  • Ավստրիա

    Ավստրիայում յուրաքանչյուր հողում (մարզում) տուգանքների չափերը սահմանվում են տեղական իշխանությունների կողմից: Այսպիսով, նրանք կարող են փոքր-ինչ տարբերվել չափերով, եւ նույն խախտման համար, օրինակ, Վիեննայում եւ Զալցբուրգում, կարելի է ստանալ տարբեր տուգանք:

    Տուգանքի վճարումը տեղում թույլատրված է եւ ողջունելի:

    Զեղչ տեղում վճարման դեպքում ՝ գործում է: 

  • Ալբանիա

    Տուգանքները չնչին են (ամենացածր Եվրոպայում).Տուգանքի վճարումը տեղում գործում է: Առանց ուշացումների, 5 օրվա ընթացքում վճարման դեպքում գործում է -20%  զեղչ: 

  •  Անդորա

    Տուգանքի վճարումը տեղում գործում է: Առանց ուշացումների, 10 օրվա ընթացքում վճարման դեպքում գործում է -50%  զեղչ: 

  •  Իսպանիա

    Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, օտարերկրյա վարորդները պետք է վճարեն անմիջապես, հակառակ դեպքում, մեքենան կարող է ձերբակալվել, մինչեւ  տուգանքի վճարումը.

    Տուգանքը տեղում վճարելու դեպքում 50% զեղչ կա:

    Նույն զեղչը նախատեսված է նաեւ փոստով անդորրագիր ստանալու դեպքում, եթե վճարումը կատարվել է 20 օրվա ընթացքում: 

  • Իտալիա

    Տուգանքը կարելի է վճարել տեղում:

    Ընդ որում տուգանքի գումարը կկազմի տուգանքի առավելագույն գումարի 25% - ը, որի համար  պաշտոնական անդորրագիր է տրվում: 

  •  Մակեդոնիա

    Տուգանքի վճարումը տեղում չի գործում:50% զեղչ մեկ շաբաթվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում: 

  • Սլովակիա

    Տուգանքի վճարումը տեղում գործում է:

    Զեղչ առանց ուշացման վճարման դեպքում ՝ 33% (վճարվում է տուգանքի գումարի 2/3-ը, մինչեւ 15 օր վճարման դեպքում): 

  • Սլովենիա

    Տուգանքի վճարումը տեղում է ՝ օտարերկրյա վարորդների համար պարտադիր:Եթե  վճարում եք տեղում կամ 8 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կրճատվում է 50% - ով: 
     
  •  Թուրքիա

    Տուգանքի վճարումը տեղում գործում է:25% զեղչ տեղում կամ 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում: 
     
  • Ֆրանսիա

    Ճանապարհային երթեւեկության կանոնները Ֆրանսիայում բաժանված է հինգ կատեգորիաների (կամ դասերի). 1-ից 4-րդ կարգի խախտումների համար նախատեսված են ֆիքսված տուգանքներ:

    Առաջին 15 օրվա ընթացքում 2-4 կարգի խախտման համար տուգանքի վճարման դեպքում նախատեսված է տուգանքի գումարի 33% (մեկ երրորդը) զեղչ: 1-ին կարգի տուգանքների դեպքում զեղչը չի տարածվում:

  • Ղրղզստան

    Ղրղզստանում ուղղումներ են կատարվել խախտումների մասին Օրենսգրքում, որոնց համաձայն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքը կրկնակի կկրճատվի 15 օրվա ընթացքում վճարելիս:

    Ընդ որում, զեղչերը չեն վերաբերում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար տուգանքին: 

  •  Ռուսաստան

    1.Վարչական տուգանքը պետք է վճարվի վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից լրիվ չափով' վարչական տուգանք նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վաթսուն օր հետո:

    Եվս 10 օր է տրվում ավտոսեփականատիրոջը խախտումը բողոքարկելու համար:

    Այսպիսով, ճանապարհային ոստիկանության տուգանքի վճարման առավելագույն գումարային ժամկետը կազմում է 70 օր:

    Ընդ որում առաջին 20 օրվա ընթացքում հնարավորություն կա վճարել տուգանքը 50% զեղչով:

    3. Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների կողմից տուգանքները ժամանակին վճարելու պատրաստակամությունը, միաժամանակ իջեցնելով տուգանքի չափը պարտաճանաչ եւ բարեխիղճ վարորդների համար`ազատելով նրանց հետագայում տուգանքի չմուծման արդյունքում այդ տուգանքներին ավելացած վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասի վճարման եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

    Միաժամանակ, սույն նախագծի ընդունման դեպքում այն ուղղակիորեն կազդի վարչական դատարանների եւ ԴԱՀԿ մարմինների աշխատանքի բեռնաթափման վրա, քանզի վարչական ակտի բողոքարկման համար վճարվող պետական տուրքը որոշ դեպքերում գրեթե հավասար է լինելու 10-օրյա  ժամկետում տուգանքի մուծման չափին:

    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


    20 նոյեմբեր 2019թ.

    ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
    ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

    Հարգելի պարոն Միրզոյան,

    Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

    Գրությանը կից ներկայացվում է՝

    ա) նախագիծը (հիմնական զեկուցող ՝Արմեն Փամբուխչյան)

    բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

    գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

    Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

    Ազգային Ժողովի պատգամավոր՝     Արմեն Փամբուխչյան /009/