Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-380-19.11.2019-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001թվականի հոկտեմբերի 24-ի օրենքի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են չորս տարի ժամկետով, որը անհրաժեշտության դեպքում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է երկարաձգվել 2 տարուց ոչ ավել ժամկետով: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դիվանագետը առնվազն 2 տարի պետք է աշխատի արտաքին գործերի նախարարության համակարգում, որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում «սակայն» բառից հետո «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագծի վերաբերյալ

Դիվանագիտական ծառայության մեջ լինում են դեպքեր, երբ, ի նկատի ունենալով տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի աշխատանքի արդյունավետությունը, անհրաժեշտություն է առաջանում երկարաձգել վերջինիս պաշտոնավարման ժամկետը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ դիվանագետները, պաշտոնավարման ավարտից հետո անմիջապես նշանակում չեն ստանում, այլ 2-3 տարի աշխատում են արտաքին գործերի նախարարության համակարգում: Նման պրակտիկան հնարավորություն է տալիս, որպեսզի եւ աշխատակազմի, եւ դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմը պարբերաբար թարմացվի եւ նույն մարդիկ անընդհատ նշանակումներ չստանան տարբեր երկրներում: ՀՀ Դիվանագիտական ծառայության մասին օրենքում այս հարցը կարգավորված չէ, եւ համոզված ենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կնպաստի առկա խնդրի կարգավորմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ խնդրում սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ