Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ եւ այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) կենդանիներ՝ «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված կենդանիները
2) տնային կենդանիներ՝
ա. կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք պահվում են տնային պայմաններում, որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տարածքով եւ որոնց կենսաապահովումն իրականացնում է պահողը,
բ.«Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված տնային կենդանիները.
3) թափառող կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք չունեն պահող.
4) ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ՝ կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք պահվում են կենդանաբանական այգիներում, օգտագործվում են կրկեսներում, սպորտային եւ ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու եւ նկարահանումների համար.
5) ծառայողական նշանակության կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են նպատակային նշանակության գործողությունների եւ ծառայողական նպատակների համար.
6) գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագարծվում են գիտաուսումնական եւ գիտահետազոտական փորձարկումներ իրականացնելու նպատակով.
7) կենդանի պահող՝ տնային կամ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող եւ (կամ) օգտագործող 16 տարին լրացած ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.
8) կենդանիների կացարան՝ կենդանիների պահման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած հատուկ հարմարեցված տարածք եւ (կամ) կառույց՝ նախատեսված թափառող, կորած կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների համար.
9) կենդանիների բուծարան՝ կենդանիների բուծման համար հատուկ հարմարեցված եւ համապատասխան սարքավորումներով կահավորված, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած կառույց՝ նախատեսված կենդանիների բազմացման համար.
10) նույնականացման անձնագիր՝ կենդանու նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող միկրոչիպ կամ դաջվածք, որը պետք է ներառի կենդանի պահողի եւ կենդանու մասին տեղեկատվություն.
11) լիազոր մարմին՝ Կառավարության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում լիազորված պետական մարմին:
Հոդված 2. Կենդանիների բարեկեցությունը եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է սահմանել տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2.
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Կառավարության իրավասությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն է՝
1) ապահովում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.
3) սահմանում Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների օգտագործման կարգը եւ հաստատում այս ոլորտում պետական ծրագրերը.
4) իրականացնում միջազգային համագործակցություն.
5) ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր.
6) իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 5. Լիազոր մարմնի իրավասությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Լիազոր մարմինն է՝
1) մշակում եւ իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականությունը.
2) մշակում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.
3) մշակում Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների օգտագործման կարգը եւ այս ոլորտում պետական ծրագրերը.
4) իր իրավասության սահմաններում իրականացնում միջազգային համագործակցություն.
5) մշակում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր.
6) օրենքով սահմանված կարգով ընթացք է տալիս սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումների վերաբերյալ հաղորդումներին.
7) իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 7. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը
1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով:
2. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունքները կարող են ներկայացվել համապատասխան լիազորված պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ մարմիններին եւ սահմանված կարգի համաձայն ենթակա են ընթացք տալու:
3. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքացիները իրավասու են իրականացնել հետեւյալ գործառույթները.
1) արձանագրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող սույն օրենքով արգելված գործողությունները ֆոտո եւ տեսանկարահանման միջոցով եւ ներկայացնել համապատասխան պետական լիազոր մարմնին կամ իրավապահ մարմիններին:
2) մասնակցել բնակչության շրջանում կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչության միջոցառումներին:
3) բնակչության շրջանում նպաստել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
ԳԼՈՒԽ 3.
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 8. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները
1.Կենդանիները բուծվում եւ պահվում են իրենց աճին, ֆիզիոլոգիական կարիքներին եւ տեսակին բնորոշ առանձնահատկություններին համապատասխան:
2.Կենդանիների նկատմամբ կատարվող ցավազգաց գործողությունները` մանիպուլյացիաները կամ վիրաբուժական միջամտությունները, իրականացվում են ցավազրկման կամ անզգայացման կիրառմամբ:
3.Կենդանի պահողը պարտավոր է ապահովել կենդանիների պաշտպանությանը եւ բարեկեցությանը ներկայացվող պահանջները:
4.Կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների բացառումը:
Հոդված 9. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները
1. Կենդանի պահողը պարտավոր է՝
1) խնամել կենդանուն եւ չլքել, իսկ հրաժարվելու դեպքում նախապես տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կենդանուն հանձնել նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան.
2) յուրաքանչյուր կենդանու համար` կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել`
ա. տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ,
բ. կերի եւ ջրի բավարար քանակություն,
գ. սնվելու եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,
դ. սնվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ մրցակցությունը,
ե. կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,
զ. կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելում եւ բուժում, հիվանդության կամ վնասվածքի դեպքում` անմիջական բուժօգնություն,
3) ձեռնարկել միջոցներ կենդանիների` բարձրություններից ընկնելը կանխելու համար.
4) չխոչնդոտել իրավասու պետական լիազոր մարմիններին վերահսկողություն իրականացնելիս եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը.
2. Տնային կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները
1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է`
1) կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու միջոցով.
2) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.
3) սույն օրենքի դրույթները խախտելով` քնեցումը.
4) ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամատումը կամ դիազերծում.
5) ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը.
6) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը.
7) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը.
8) սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը.
2. Արգելվում է նաեւ՝
1) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց ցավազրկման.
2) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան հանձնելը.
3) կենդանուն լքելը.
4) կենդանուն թողնելը իր կենսագործունեության համար վտանգավոր միջավայրում.
5) կենդանիների բուծումը կացարաններում.
6) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.
7) կենդանիների այնպիսի վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն.
8) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.
9) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը.
10) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական հիմնավորում ունեն եւ (կամ) թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.
11) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.
12) բնական կամ արհեստական բեղմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.
13) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից.
14) անհամատեղելի տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում եւ պայքար.
15) տնային կենդանիներին բուծել եւ պահել մսի եւ մորթու արտադրության նպատակով.
Հոդված 11. Տնային կենդանիների պահման պահանջները
1. Տնային կենդանի պահողը պարտավոր է`
1) ձեռնարկել միջոցառումներ` ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացմանը:
2) կանխել հասարակական վայրերի աղտոտումը կենդանիների կողմից եւ ապահովել տեղանքի մաքրումը.
3) ձեռնարկել մարդկանց կամ այլ կենդանիներին չվնասելու միջոցառումներ, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս հանելը.
4) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող միջոցառումներ.
5) ապահովել պահմանը ներկայացվող անասնաբուժական պահանջների կիրառումը:
2. Տնային շներ պահողը պարտավոր է նաեւ`
1) 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռք բերել նույնականացման անձնագիր
2) 4 ամսական հասակում կամ շուն ձեռք բերելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման եւ շան նույնականացման նպատակով շան վրա դնել դաջվածք կամ տեղադրել միկրոչիպ, որը ներառում է կենդանու տեղակայման տարբերանշանները եւ անհատական համարը:
3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց նույնականացման անձնագրերը.
4) պատվաստումների դեպքում անասնաբուժական ծառայություն կենդանու հետ ներկայացնել նույնականացման անձնագիր.
5) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները.
6) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք.
7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.
8) շների ազատ զբոսանքը կազմակերպել միայն թույլատրելի հանրային վայրերում՝ կենդանիների եւ մարդկանց անվտանգության ապահովման պայմանով կարճ կապի առկայությամբ.
9) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր առանց ցեղատեսակի շների.
10) ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա.
11) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում.
12) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների տարածքներում:
3. Շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում:
4. Պոտենցիալ վտանգավոր շների ցանկը սահմանվում է սույն օրենքի հավելված N 1-ում:
5. Տնային պայմաններում պահվող տնային կենդանիների ցանկը սահմանվում է սույն օրենքի հավելված N 2-ում:
6. Նույնականացման անձնագրերի տրամադրման կարգը հաստատվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Հոդված 12. Թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ (կամ) լիազորված պետական մարմինների կողմից:
2. Թափառող կենդանիների բռնումը իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան մասնագետներ եւ փոխադրամիջոցներ կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:
3. Թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստերջացման միջոցով:
4. Թափառող կենդանիների բռնումը իրականացվում է կանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը եւ վտանգը մարդու առողջության համար:
5. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
6. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը:
Հոդված 13. Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը թույլատրվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված թույլտվության առկայության դեպքում:
2. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, դելֆինիարիաների, էկզոտարիումների, կենդանիների մասնակցությամբ կրկեսների եւ նմանատիպ կառույցների գործունեությունը կարգը սահմանում է կառավարությունը:
3. Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությանը:
4. Արգելվում է կենդանու մասնակցությունը այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել խոշտանգումների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:
5. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի ապահովելով անվտանգության համապատասխան նորմեր մարդկանց եւ այլ կենդանիների համար:
6. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ:
Հոդված 14. Ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Ծառայողական կենդանիների բուծումը, վարժեցումը եւ պատրաստությունը նպատակային նշանակության գործողությունների համար կազմակերպվում է եւ իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից:
2. Ծառայողական կենդանիների վարժեցումից հետո/պատրաստման վերջում իրականցվում են ծառայողական կենդանիների թեստեր (հանձնարարական ստուգում), որից հետո այդ կենդանիներին օգտագործելու իրավունքի համար տրվում է սերտիֆիկատ (վկայագիր) տարբեր ծառայության նպատակներով:
3. Ծառայողական շների պատրաստությունն իրականացվում է կինոլոգիական կենտրոններում հատուկ նպատակային նշանակությամբ ծառայությունների համար մաքսային, ոստիկանական, փրկարարական ծառայության ոլորտներում, սահմանապահ զորքերում օգտագործելու համար եւ այլ ոլորտներում:
4. Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը:
Հոդված 15. Կենդանիների բուծումը
1. Բուծվող կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորվում է սույն օրենքով կենդանիներ տիրապետողների համար սահմանված պահանջների պահպանմամբ:
2. Կենդանիների բուծումը կարող է իրականացվել միայն միեւնույն տեսակի սեռահասուն կենդանիների միջեւ:
3. Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական բեղմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ եւ անոմալ շեղումներ, այդ թվում՝
1) հենաշարժողական հիվանդություններ
2) խլություն
3) կուրություն
4) ատամների եւ գլխի դեֆորմացիա
5) ագրեսիվություն
4. Տնային կենդանիների բուծումը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած բուծարանում:
Հոդված 16. Կենդանիների վաճառքը
1. Կենդանիների վաճառք իրականացնող կառույցների պատասխանատուները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի եւ ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ:
2. Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում եւ կենդանիների շուկաներում՝ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվության առկայությամբ եւ կենդանիների նույնականացման անձնագրերի պարտադիր առկայությամբ:
Հոդված 17. Կենդանիների պահումը կացարաններում
1. Կենդանիների կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիներ եւ կենդանիներ, որոնք չունեն պահող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
2. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել պահվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել նրանց սննդի, ջրի, քնի, շարժման եւ բնականոն վարքի բոլոր պահանջները:
3. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են կացարանում պահվող կենդանիներին ենթարկել անասնաբուժական զննման եւ ապահովել համապատասխան բուժում, անհրաժեշտության դեպքում սահմանել կարանտին:
4. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են վարել կացարանում պահվող կենդանիների հաշվառում բոլոր այն տվյալների գրանցմամբ, որոնք թույլ կտան նույնականացնել կենդանուն:
5. Կորած կենդանին կացարանում հայտնվելով ենթարկվում է պարտադիր ստերջացման, եթե 7 աշխատանքային օրվա ընթացում տիրապետողը չի գտնվում:
6. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գտնված կենդանու տիրապետողին գտնելու համար:
7. Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 16 տարին լրացած անձանց:
8. Կենդանիների կացարանը պետք է ունենա ինտերնետային հարթակ,որտեղ կտեղադրեն գտնված եւ կացարանում պահվող կենդանիների նկարները եւ այլ տեղեկատվություն:
ԳԼՈՒԽ 4
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 18. Կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձերի կատարումը
1. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են գիտաուսումնական, գիտահետազոտական նպատակներով եւ այն դեպքում, երբ այլընտրանքային մեթոդների կիրառումն անհնար է:
2. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են լիազոր մարմնում հաշվառված ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններում եւ գյուղատնտեսության ոլորտում` փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվությամբ:
3. Փորձարկումների համար օգտագործվող կենդանիներին եւ փորձարկումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատում է լիազորված պետական մարմինը:
Հոդված 19. Կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձեր կատարելու թույլտվությունը
1. Կենդանիների փորձարկում իրականացնող կազմակերպությունները լիազոր մարմին ներկայացնում են դիմում` փորձարկումների նպատակներով կենդանիների օգտագործման թույլտվություն ստանալու համար, որին պետք է կցվեն.
1) փորձարկման ենթակա կենդանիների տեսակների ցուցակը եւ քանակը, դրանց ընտրանքի հիմնավորումը, փորձարկման խափանման արդյունքում` խնամքի ձեւը եւ տեղը.
2) փորձարկումներ իրականացնող անձանց ցուցակը եւ նրանց մասնագիտական որակավորման փաստաթղթի պատճենը:
2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը եւ ներկայացված փաստաթղթերը եւ գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը:
3. Ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու դեպքում դրանց ստացումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին:
4. Թերությունների բացակայության դեպքում կամ դրանց վերացումից հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը թույլատրում է գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձի իրականացումը կամ հիմնավորված մերժում է, եթե չեն ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, եւ (կամ) լիազոր մարմնի կողմից հայտնաբերված գործունեությանը ներկայացվող պահանջների անհամապատասխանությունները չեն վերացվել:
5. Գիտափորձերի համար կենդանիների օգտագործման թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով:
6. Գիտափորձը իրականացնելու թույլտվությունը կամ դրա մերժումը բողոքարկվում է օրենքով սահմանված կարգով:
7. Կենդանիների նկատմամբ փորձարկումների իրականացման կազմակերպությունները նախապես ցուցված պայմանների որեւէ տեսակի փոփոխության վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում կամ տեղեկացնում են լիազոր մարմնին:
8. Կենդանիների նկատմամբ փորձարկումների թույլտվությունը գրանցվում է լիազոր մարմնի հաստատած համապատասխան գրանցամատյանում, որտեղ լրացվում են`
1) թույլտվությունը ստացած փորձարկման կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, ղեկավարի կամ տնօրենի անձնական տվյալները.
2) փորձարկում իրականացնող կազմակերպության տեսակը, գործունեության եւ գտնվելու վայրը.
3) փորձարկման ենթակա կենդանիների ցեղատեսակները.
4) փորձերի էությունը, նպատակը:
9. Արգելվում է`
1) փորձերի նպատակով թափառող կամ տանը պահվող կենդանիների օգտագործումը:
2) աշակերտների կամ ուսանողների կողմից սեփական նախաձեռնությամբ կենդանիների նկատմամբ փորձարկումների իրականացումը:
ԳԼՈՒԽ 5
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔՆԵՑՈՒՄԸ
Հոդված 20. Կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները
1. Կենդանիների քնեցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թույլտվություն ստացած կացարանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերով:
2. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության եւ ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան:
3. Քնեցումից հետո անասնաբույժը որոշում է կենդանու մահացությունը` ստուգելով նրա սրտի աշխատանքը:
4. Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման իրականացման եւ անասնաբուժական դեղամիջոցի կիրառման պատճառները:
5. Քնեցումը թույլատրվում է`
1) անբուժելի հիվանդ կենդանիներին.
2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
3) կենդանիների նկատմամբ փորձարկումների արդյունքում կենդանիներին ցավ եւ տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխությունների դեպքում.
4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց եւ կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:
6. Քնեցման համար արգելվում է այնպիսի անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը`
1) որի արդյունքում մկանները կաթվածահար են լինում` առանց կորցնելու ցավի զգացողությունը.
2) որը չի հանգեցնում գիտակցության կորստի:
7. Կենդանու կյանքի ընդհատումը ոչ քնեցման միջոցով թույլատրվում է հետեւյալ դեպքերում՝
1) կենդանու ագրեսիվ վարքը սպառնում է մարդկանց եւ կենդանիների առողջությանը.
2) կենդանու կողմից հարձակման դեպքում անձի անհրաժեշտ պաշտպանության համար:
8. Գյուղատնտեսական նպատակով պահվող եւ բուծվող կենդանիների սպանդը եւ մորթը, այդ թվում՝ կրոնական նպատակով կատարվող ծիսակատարությունների համար կենդանիների մորթը կարգավորվում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:
Հոդված 21. Անկած կենդանիների դիակների հավաքումը, ոչնչացումը եւ թաղումը
1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ բնակչության սանիտարահամաճարակային բարելավման, անասնաբուժական, շրջակա միջավայրի պահպանության, ճարտարապետական, քաղաքաշինության եւ շինարարական գործունեության օրենսդրության համաձայն:
2. Անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման կարգը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինը:
3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:
ԳԼՈՒԽ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 22. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունների կատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի այլ դրույթների խախտումներն առաջացնում են վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 23. Եզրափակիչ դրույթ
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի
ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Ամերիկյան պիտբուլտերյեր
2. Յագդտերյեր
3. Ռոթֆեյլեր
4. Դոբերման պինչեր
5. Բուլտերյերներ. անգլիական, հարավաֆրիկյան բուրբուլ, անգլիական ստաֆորդշիրյան, վելշտերյեր
6. Գայլաշներ. իտալական, սարլոսյան վոլֆհաունդ, չեխական
7. Բուլդոգներ. ամերիկյան, հին անգլիական, մալյորկյան, ալապախյան օտտո
8. Դոգեր. արգենտինական, գերմանական բորդոյական, կուբայական, կանարյան)
9. Մաստիֆներ. բելգիական, իսպանական, տիբեթական, բրազիլիական, հնդկական, պակիստանյան, նեապոլիտանական (մաստինո), ճապոնական (տոսա-ինու), պիրենյան լեռնային, դանիական (բրոհոլմեր), բուլմաստիֆ
10. Հովվաշներ. հայկական գամփռ, գերմանական, կովկասյան գելխեղդ, իռլանդական գելխեղդ, միջինասիական ալաբայ գելխեղդ, հոլանդական, հունական, բերնյան զենենհաունդ, մեծ շվեյցարական զենենհաունդ, էշտրելյան պորտուգալական լեռնային, ակբաշ, հարավռուսական տավրիդյան, պիկարդյան, լեհական պոդգալյան տատրանյան, արեւելաեվրոպական, հունգարական կոմանդոր, կուվաս, մարեմոաբրուդյան, կարտիական, բելգիական գրյունենդալ, լակենու, մոլինուա, տարվյուրեն, բերգամյան բերգամասկո, ֆրանսիական երկարամազ բիար, ատլասյան աիդի, պորտուգալական կաստրո լաբորեյրո, անատոլիական կարաբաշ, կանգալ, սլովակյան չուվաչ, ամերիկյան-կանադական սպիտակ
11. Ամերիկյան ստաֆորդշիրյան տերյեր
12. Հոկայդո աինու
13. Ամերիկյան ակիտա
14. Ակիտա-ինու
15. Տոսա-ինու
16. Կանե-կորսո
17. Ալանո իպանական
18. Շարպեյ
19. Նշված ցեղատեսակների խառնուրդները
Հավելված N 2
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Շներ
2. Կատուներ
3. Ակվարիումային ձկներ եւ կակղամորթեր
4. Թռչուններ (աղավնատեսակ, թութակատեսակ, ճնճղուկատեսակ, փասիանային)
5. Մանր կրծողներ (համստերներ, ծովախոզուկներ, դեկորատիվ մկներ, դեկորատիվ առնետներ, դեկորատիվ ճագարներ, դեգուներ, շինշիլաներ)
6. Մանր ոչ թունավոր սողուններ (կրեաներ, մողեսներ, օձեր)
7. Մանր ոչ թունավոր երկկենցաղներ (գորտեր, տրիտոններ, ակսոլոտլեր)
8. Տնային կզաքիսներ (ֆրետկա)
9. Գաճաճ խոզեր (մինի փիգ)
10. Հոդվածոտանի կենդանիներ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում եւ կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները,տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները
Նախագծերի փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար քրեական պատասխանատվություն:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի,թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ:
Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների` որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, որով կենդանիների նկատմամբ իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:
Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:
Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:
Նախագծերի փաթեթի մշակման փուլերում մշտապես տեղի են ունեցել քննարկումներ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ վեր հանված խնդիրներն ու իրավական կարգավորումները դիտարկվել են նախագծերում:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն կենդանիների շուրջ իրավարահարաբերությունները:Կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը:
2019թ. նոյեմբերի 14
պարոն Արարատ Միրզոյանին
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
Օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան)
Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը
Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները
Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 37 էջ:
Հարգանքով` | Մերի Գալստյան |
Լենա Նազարյան |