Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-374-15.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 209.1 հոդվածով.

« Հոդված 209.1 Տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության առանձնահատկությունները

1. Տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել հետեւյալ դեպքերում.

1) եթե վկան եւ տուժողը առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չի կարող մասնակցել գործով վարույթին,

2) վարույթին մասնակցող վկայի եւ տուժողի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով,

3) անչափահաս վկայի եւ տուժողի հարցաքննության կատարման համար,

4) տարեց կամ զառամյալ վկայի եւ տուժողի հարցաքննության կատարման համար,

5) նախաքննության արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

2. Տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

3. Հանձնարարության հիման վրա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

4. Տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի եւ տուժողի հարցաքննության դեպքում՝  հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները: Հարցաքննությունից առաջ վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը ստուգում եւ հաստատում է վկայի եւ տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:

5. Տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության ընթացքը եւ արդյունքները ձայնագրվում եւ (կամ) տեսագրվում են տեխնիկական միջոցներով սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան, իսկ եթե վկան չի առարկում, ապա հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով շարադրված առանձնահատկությունները:

6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվի պատկերի եւ ձայնի պատշաճ որակը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգությունը:

7. Տեսագրության միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին եւ ստորագրելով:

8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի եւ տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան եւ տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:

9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, եւ ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝

Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածի մասին տեղեկանքը:
 

Հարգանքներով՝

Նիկոլայ Բաղդասարյան

Արուսյակ Ջուլհակյան