Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-366-14.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 4-րդ կետ՝ հետեւյալ խմբագրությամբ ՝

« 4) բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ քաղաքացին, ով ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ գործը դատարանում վարելու՝ օրենքով սահմանված պատշաճ ձեւակերպված լիազորություն: »

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:»:

ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա (ՀՀ քաղ. Օր. 3-րդ հոդված): Դատական պաշտպանությունն անձը կարող է իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածում հստակ սահմանվում են որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձանց կազմը, ըստ որի՝

«1. Դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

2. Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաեւ՝

1) սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք.

2) սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են.

3) անձինք, որոնք՝

ա. անվճար ներկայացնում են իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաեւ իր ամուսնու կամ նրա ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ շահերը,

բ. վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան եւ ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:»:

ՀՀ 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն 2018թ փետրվարի 9-ին ընդունված օրենսգրքի, վերոնշյալ սուբյեկտներից բացի, ներառում էր նաեւ դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացու: Այս դրույթը թույլ էր տալիս յուրաքանչյուր քաղաքացու, ով չունի փաստաբանի արտոնագիր, որպես ներկայացուցիչ, հանդես գալ դատարանում: Սույն մոտեցումը, իհարկե, ավելի խելամիտ եւ ընդունելի է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի, ընտրելով դատարանում իր իրավունքների պաշտպանությունն իրականացնող ներկայացուցչին, կրում է գործի ցանկացած ելքով ավարտի ռիսկը:

Յուրաքանչյուր ոք, օգտվելով Սահմանադրությամբ եւ քաղաքացիական օրենսդրությամբ իրեն տրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, ինքը պետք է ընտրի, թե որ միջոցն է առավել արդյունավետ իր իրավունքների պաշտպանության համար: Առկա կարգավորման մեջ խիստ սահմանափակ է ներկայացուցիչ լինելու հնարավորություն ունեցող անձանց ցանկը, ինչի հետեւանքով անձը ստիպված է լինում օգտվել բացառապես փաստաբանի ծառայություններից:

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով եւս ներկայացուցիչ լինելու հնարավորությունը տրվում է յուրաքանչյուրին, ինչը հնարավորություն է տալիս վարչական վեճերով իրենց շահերը պաշտպանել ոչ միայն փաստաբանների, այլ նաեւ տվյալ ոլորտում մասնագիտացված իրավաբանների միջոցով: Եթե վարչական դատավարությունում, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցության պարագայում, անձին թույլատրվում է ոչ փաաստաբան ներկայացուցիչ ունենալ, խելամիտ չէ քաղաքացիական վեճերի դեպքում անձին զրկել այդ հնարավորությունից:

Ի դեպ, համեմատական վերլուծության կարգով նշենք, որ նման կարգավորում կա նաեւ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությունում, որտեղ, ի տարբերություն սույն նախագծի, ներկայացուցիչ կարող է լինել յուրաքանչյուր գործունակ քաղաքացի: Սույն նախագծով մենք, հաշվի առնելով իրենց իրավունքների որակյալ պաշտպանություն ակնկալող անձանց շահերը, չենք գնացել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց շրջանակն անհարկի ընդարձակելու ճանապարհով, եւ առաջարկում ենք դատարանում ներկայացուցիչ լինելու հնարավորություն ունեցող անձանց շրջանակը սահմանել` կարեւորելով ներկայացուցչի մասնագիտական կրթության եւ աշխատանքային փորձի պահանջները (բարձրագույն իրավաբանական կրթությունը եւ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը):

Առաջարկվող իրավակարգավորման նպատակն է՝ ապահովել անձի` ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քաղաքացիական օրենդրության սկզբունքներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ընդլայնել այդ իրավունքի իրականացման շրջանակը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ