Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-327-28.10.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Օրենսգրքի 11-րդ գլուխը լրացնել  նոր  «152.3»-րդ հոդվածով՝

«Հոդված 152.3.Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն   համարվող տարածքներում գովազդների տեղադրման նորմերի չկատարելը

1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում, առաջին անգամ՝ գովազդների տեղադրման համար հատկացված տեղերի սահմաններից դուրս կամ սահմանված ծավալի գերազանցմամբ  գովազդների տեղադրումն առաջացնում է տուգանք՝

բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի կամ գովազդատուի կողմից կատարվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով

2. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում, գովազդների տեղադրման համար հատկացված տեղերի սահմաններից  դուրս կամ սահմանված ծավալի գերազանցմամբ  գովազդների տեղադրումն՝ երկրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր դեպքի համար առանձին առաջացնում է տուգանք՝

բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ  կառավարման մարմնի  կամ գովազդատուի կողմից կատարվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում սոցիալական գովազդների վրա:

Հոդված. 2  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող   տասներորդ օրը:»

Հիմնավորում

Առկա խնդիրները եւ իրավիճակը

Բազմաբնակարան շենքերում գովազդների տեղադրման համար սահմանված են տարածքներ՝ համապատասխան մակերեսներ, որոնք նախատեսվում եւ հատակացվում են՝ բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի եւ գովազդատուի փոխհամաձայնության արդյունքում կնքված պայմանագրի պայմաններին եւ պահանջներին համապատասխան: Նշված գովազդները հիմնականում տեղադրվում են վերելակների կաբինաների ներսում, իսկ վերելակ չունեցող բազմաբնակարան շենքերում՝ մուտքերի արտաքին կամ ներքին պատերին՝ սահմանված տեղերում: Այսօր պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ վերոնշյալ գովազդները տեղադրվում են կնքված պայմանագրով սահմանված պայմանների եւ պահանջների կոպիտ խախտումներով: Այս պահին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում նմանատիպ խախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող դրույթներ բացակայում է:

Առաջարկվող օրենքով պատասխանատվություն սահմանող դրույթները չեն տարածվում սոցիալական գովազդի վրա, քանի որ համաձայն ՀՀ Գովազդի մասին օրենքի 2-րդ հոդվածի՝ սոցիալական գովազդը  առեւտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է, որը ՀՀ Գովազդի մասին օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետում նշված կարգով ճանաչվել է որպես սոցիալական գովազդ

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենքի ընդունումը հնարավորինս կնվազեցնի գովազդների տեղադրման համար կնքված պայմանագրերով սահմանված պայմանների եւ պահանջների խախտման դեպքերը, ինչպես նաեւ  դրանց հետեւանքով առաջացող բացասական երեւույթները, օրինակ՝ բազմաբնակարան շենքերի մուտքերի ներքին մակերեսների վրա անօրինական՝ տարերային  ձեւով գովազդներ չեն տեղադրվի, որն առաջի հերթին վնասում է պատերի հարդարումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝    Արտյոմ  Ծառուկյան )

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող Օրենսգրքում լրացում կատարելու մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝ Արտյոմ Ծառուկյան
Արթուր Դալլաքյան
Հրանտ Մադաթյան
Արթուր Գրիգորյան