Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-325-25.10.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «0.07» թիվը փոխարինել «0.01» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորմամբ՝ ֆինանսական համակարգի կազմակերպություններն իրականացնում են տարեկան պարտադիր վճարներ:

Մասնավորապես, բանկերի վճարը կազմում է նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսը, իսկ վարկային կազմակերպությունների վճարը՝ 0.07 տոկոսը: Բանկերի եւ վարկային կազմակերպությունների փաստացի վճարները գրեթե հավասար են, եւ այս համակարգային անարդարությունը լուծելուն է միտված առաջարկվող փոփոխությունը:

Կարգավորման արդյունքում կնվազեն նաեւ վարկային կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, ինչն էլ շուկայական հարաբերությունների եւ վարկային կազմակերպությունների մրցակցային առկա դաշտի պայմաններում կարող է ունենալ վարկերի տոկոսների նվազման ազդեցություն:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված բողոքների մասով բանկերի նկատմամբ ներկայացված բողոքների քանակը ավելի քան 5 անգամ գերազանցում է վարկային կազմակերպությունների նկատմամբ ներկայացվող բողոքների քանակը: Այսպես, 2019թ. առաջին 9 ամիսների համար բանկերի նկատմամբ ներկայացվել է 1273 բողոք, վարկային կազմակերպությունների նկատմամբ՝ 236 բողոք:

Ընդ որում, եթե վարկային կազմակերպությունների նկատմամբ բողոքները վերաբերվում են միայն վարկային գործարքներին, ապա բանկերի նկատմամբ բողոքները ներառում են նաեւ այլ գործարքներ: Հետեւաբար, սա նույնպես փաստում է վճարների տարբերության անարդարության մասին:

Արդյունքում՝ վճարների գործող չափը չի արտահայտում գրասենյակի ծանրաբեռնվածության ու ծախսերի իրական պատկերը, եւ առկա է անհրաժեշտություն վճարների փաստացի չափերի համամասնությունը համապատասխանեցնելու գրասենյակի կողմից քննվող բողոքների համամասնությանը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկվում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների համար վճարը սահմանել նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսի չափով, ինչով կապահովվի արդարացի տարբերություն՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների վճարների մասով:

Փոփոխության արդյունքում նվազ հավաքագրված գումարները ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության համար խնդիր չեն առաջացնի, քանի որ գրասենյակի տարեկան շահույթը կազմում է ավելի քան 150 մլն դրամ, ինչը կազմում է հավաքագրված միջոցների ավելի քան 20 տոկոսը, իսկ բանկերի եւ վարկային կազմակերպությունների ակտիվները տարեցտարի միայն աճում են:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հոկտեմբերի 22-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

__ հոկտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:

Հարգանքով՝    ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ