Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-296-25.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության կամ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը (աշխատանքային պարտականությունների կատարումը), եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքում (պաշտոնում) մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:»

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:» Սույն հոդվածի ձեւակերպումից հետեւում է, որ տվյալ դատավարական հարկադրանքի միջոցը կիրառվում է միայն հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ հանդիսացող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ այն էլ միայն դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, ինչպես օրինակ՝ երբ կասկածյալը կամ մեղադրյալը փորձել են ոչնչացնել գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթերը, փորձել են ազդել վկաների, տուժողների, կամ դատավարության այլ մասնակիցների ցուցմունքների վրա եւ այլն:

Ինչպես արդեն նշվեց սույն հոդվածը տարածվում է միայն հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ հանդիսացող կասկածյալի կամ մեղադրյալի վրա: Այս տիրույթից դուրս է մնում մասնավոր ընկերություններում աշխատողները, ովքեր անհրաժեշտ հիմքերի առկայությամբ՝ ստանալով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելիս կարող են խոչընդոտել հանցագործության հետքերի վերացմանը, փորձեն այլ կերպ ազդել դատավարության մասնակիցների վրա:

Հաշվի առնելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը՝ այն է՝ «նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից»՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը չի կարող տարածվել այլ անձանց վրա բացի հանրային ծառայություն զբաղեցնող անձանցից:

Որոշ իրավիճակներում ոչ միայն հանրային ծառայողները, այլեւ աշխատողները առհասարակ, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո իրենց աշխատանքային գործունեությամբ պայմանավորված շարունակում են օգտվել այնպիսի տվյալներից կամ փաստաթղթերից, որոնց վրա որոշակի փոփոխությունը, դրանց ոչնչացումը կեղծումը կամ դրանց կորոսուտը ինքնին կարող են խոչընդոտել քրեական գործի նախաքննությանը, վերացնել ապացույցները. ինչի արդյունքում էլ գործատուները շատ հաճախ զրկվում են իրենց եւ իրենց ընկերության շահերը պաշտպանելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում պաշտպանել ոչ միայն պետական այլ նաեւ մասնավոր կառույցների շահերը հնարավոր դեպքերից: Ուստի առաջարկում ենք հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի եւ մեղադրյալի կողքին ավելացնել նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր անձի:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ