Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-258-14.08.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել  նոր՝ 6.2-րդ կետ.

«6.2) ծննդկանի առողջության պահպանման համար՝ հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստը»:

Հոդված2. Օրենքի 5.1-րդ գլխում լրացնել նոր՝  23.3-րդ հոդված.

«Հոդված 23.3  Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստի իրավունքը

1. Վարձու աշխատող, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված եւ չաշխատող կանանց՝ յուրաքանչյուր ծննդաբերությունից հետո պետական պատվերի շրջանակներում պարտադիր տրամադրվում  է հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ, որն իր մեջ ներառում է մայրական կաթի որակի, Ca  եւ D վիտամինների, արյան հետազոտությունները եւ  կրծքի սոնոգրաֆիա կամ մամոգրաֆիա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հավաստագիրը տրամադրվում է մինչեւ յուրաքանչյուր ծննդաբերության հետծննդյան շրջանի ավարտը: Հավաստագիրն ուժի մեջ է մտնում հետծննդյան շրջանի ավարտի օրվան հաջորդող օրը եւ գործում է մեկ տարի  ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հավաստագրի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Առկա խնդիրները եւ իրավիճակը

Այսօր մայրության  առողջության հետ կապված ցանկացած հարց հնարավորինս գտնվում է պետության հոգածության ներքո: Վերլուծությունները ցույց են տվել, որ որոշակի առողջական խնդիրներ կանաց մոտ ի հայտ են գալիս ծննդաբերությունից հետո եւ պրակտիկայում տարբեր՝ սոցիալական, ֆինանսական եւ այլ պատճառներով մայրացած կանայք ծննդաբերությունից հետո չեն անցնում մինիմալ՝ ծայրահեղ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Այդ հետազոտությունների ցանկը սահմանել ենք առաջարկվող օրենքի նախագծով: Նման պարագայում՝ առկա առողջական խնդիրները ժամանակին չհայտնաբերելու դեպքում բարդանում են եւ իրենց բացասական հետեւանքներով դժվարանում է կանխարգելումը կամ բուժումը (որոշ դեպքերում՝ դառնում է անհնար): Պետության կողմից մայրության առողջության պահպանման նպատակով՝ նման միջոցառման իրականացումը հնարավորություն կտա նախորոք  հայտնաբերել եւ հնարավորինս կանխարգելել ծննդաբերությունից հետո առաջացող մի շարք առողջական խնդիրները:

Օրինագծի մշակման հիմք են հանդիսացել մայրերի հետ հիմնականում այդ խնդիրների շուրջ կատարված քննարկումները: Քննարկումներին բոլոր մասնակից մայրերը միակարծիք են եղել այն հարցում, որ ծննդաբերությունից հետո կանանց մեծամասնությունը կօգտվի նման բժշկական հետազոտության իրավունքից: Արդյունքում ժամանակին կհայտնաբերվեն գոյություն ունեցող առողջական խնդիրները եւ կիրականացվեն համապատասխան կանխարգելիչ կամ բուժիչ միջոցառումներ:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի լրացումը միանշանակ կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ զգալի ազդեցություն կունենա դեմոգրաֆիական, բնակչության առողջության պահպանման խնդիրների լուծման

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

13  օգոստոս 2019թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝  Կարինե Պողոսյան )

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝  Կարինե Պողոսյան
Դավիթ Մանուկյան
Ջանիբեկ Հայրապետյան