Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-249-06.08.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3. Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցություններն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ մինչեւ հինգ փորձագետ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցություններն ունենում են թվով 4 փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցող խմբացկությունները՝մինչեւ 4 փորձագետ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Խմբակցության գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են խմբակցության գործավարը եւ փորձագետները, որոնք աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության աշխատանքին:

Սահմանադրական օրենքը չի սահմանում, թե որն է խմբակցության փորձագետի աշխատանքային պարտականությունները, այլ միայն նշում է մասնագիտական սպասարկում անվանումը, ինչից հետեւում է, որ փորձագետը պետք է կատարի մասնագիտական աշխատանք:

Ներկայիս ԱԺ խմբակցությունները՝ «Իմ Քայլը», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան», համապատասխանաբար 88, 26 եւ 18 պատգամավորներով, իրականացնում են բազմավեկտոր եւ տարաբնույթ մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքներ, բազմապիսի իրավական ակտերի վերաբերող ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, որոնք պահանջում են խմբակցությանն աջակցող անձանց՝ փորձագետների ակտիվ ներգրավվածություն:

23.07.2019թ դրությամբ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվել կամ քննարկվելու է ընդհանուր առմամբ 357 իրավական ակտի նախագիծ, որից 186-ն արդեն ամբողջությամբ ընդունվել են, 29-ը օրակարգում են, 142 նախագիծ էլ դեռեւս չի ընգրկվել օրակարգում, ինչպես նաեւ եղել են մի խումբ չընդունված օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրվել է ՀՀ Ազգային Ժողովի խմբակցության փորձագետների կողմից:  ՀՀ ԱԺ խմբակցությունների փորձագետները հիմնականում կատարում են վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ, տալիս են եզրակացություններ օրենսդրական նախագծերի վերաբերյալ, մասնակցում դրանց ստեղծմանը, աջակցում խմբակցության պատգամավորների առաջարկներին ու քաղաքացիների բարձրացրած խնդիրներին օրենսդրական լուծումներ տալուն: Հաշվի առնելով մեծ թվով օրենսդրական նախաձեռնությունների քանակը, դրանց ուսումնասիրության ծավալները եւ կապը այլ իրավական ակտերի հետ, ինչպես նաեւ այլ մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ հրատապ է Ազգային Ժողովի Կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքում իրականացնել մեր կողմից առաջարկվող փոփոխությունները եւ 14-ից ավել անդամ ունեցող խմբակցությունների փորձագետների հաստիքների թիվը դարձնել մինչեւ 5:

Նախագծով ակնկալվում է բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների աշխատանքային արդյունավետությունը, տալ խմբակցություններին հնարավորություն իրենց աշխատանքներում ներգրավել նոր մասնագետների՝ խորհրդարանական աշխատանքների մասնագիտական որակները բարձրացնելու, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգում առկա խնդիրների վերհանման եւ դրանց լուծումների օրենսդրական  ընթացակարգերի նախանշման նպատակով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  
  
 
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով՝  ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ