Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-164-27.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 09-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 41
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 296. Պարզեցված վարույթի իրականացման կարգը

1.   Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

Հոդված 297. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

1.  Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով:

Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

2.  Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:

3. Առաջին ատյանի դատարանը կարող  է պարզեցված վարույթի կարգով քննել նաեւ այլ գործեր, եթե՝

1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջեւ կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, եւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որեւէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.

2) մինչեւ գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելը գործին մասնակցող որեւէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.

3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

4.  Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝

1)   առկա է  գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ  մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.

3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի  փոփոխությունը.

4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

5) ներկայացվել է խմբային հայց.

6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:

5.  Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 298. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը

1.   Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչեւ նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձեւով կայացված որոշմամբ:

2.  Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:

3.  Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

4.  Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների եւ չկատարելու հետեւանքների մասին:

Հոդված 299. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները

1.   Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաեւ նրանց պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

2.  Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

3.  Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:

4.  Սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը եւ ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց՝ բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Հոդված 300. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը եւ ժամկետները

1.  Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.

3) հայցվորը հրաժարվել է պահանջից.

4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում եւ հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

3. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը?

Հոդված 301. Պարզեցված վարույթը դադարեցնելը

1.   Եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին եւ սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:

Հոդված 302. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտը

1.   Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է նշում հայցվորի փաստարկները դատարանի պատճառաբանություն համարելու վերաբերյալ, ինչպես նաեւ գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը:

2.  Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մասը պարունակում է դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, հղում այն օրենքներին եւ այլ իրավական ակտերին, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս, ինչպես նաեւ գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի պատճառաբանությունը, եթե՝

1) գործի քննության ընթացքում հայցի դեմ ներկայացվել է առարկություն.

2) հայցը բավարարվել է մասնակի.

3) հայցը մերժվել է:

3.  Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

4.  Պարզեցված վարույթի կարգով քննվող գործով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերով պարզեցված վարույթի կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

16  մայիսի 2019 թվականի  N   557 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մայիսի  20
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 557-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`         ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ