Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-145-22.05.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 4-րդ պարբերության «կասեցվում է» բառից հետո ավելացնել «առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Վերջին տարիներին բազմաթիվ են ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձանց բողոքները եւ դժգոհությունները առ այն, որ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը թափանցիկ չէ, մասնավորապես՝ այն անհարկի ձգձգվում է այն պատճառաբանությամբ, որ հայտը ներկայացվել է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը, իսկ վերջինս դեռեւս իր դիրքորոշումը չի հայտնել:

ՀՀ Ջրային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել: Սակայն, նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ «Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սույն Օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչեւ Ջրի ազգային խորհրդի դիրքորոշումը հայտնելը»: Գործող իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ ջրօգտագործման թույլտվության տրամադրման կամ մերժման 50 աշխատանքային օրվա ժամկետը Օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է կասեցվել անորոշ ժամկետով՝ մինչեւ Ջրի ազգային խորհրդը կարտահայտի իր  դիրքորոշումը: Կարծում ենք, որ սա ուղղակի հակասում է ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակին եւ իրավական որոշակիության սկզբունքին:

Ուստի, Նախագծով առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում ամրագրել դրույթ առ այն, որ Ջրի ազգային խորհրդը իր դիրքորոշումը հայտնի առավելագույնը մեկամսյա ժամկետում:

Նախագծով առաջարկվող լրացումը թույլ կտա ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը դարձնել ավելի թափանցիկ եւ հաշվետվողական, կապահովի իրավական որոշակիություն եւ կանխատեսելիություն, արդյունքում՝ ավելի բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայր:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 3 թերթ.

ՀԱՐԳԱՆՔՈՎ`           ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ