Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-531-03.03.2005-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան.

Սույն օրենքով կարգավորվում է գործատուների միությունների, նրանց ստեղծման, գործունեության, վերակազմավորման եւ լուծարման իրավական հիմքերը:

Հոդված 2. Գործատուների միավորվելու իրավունքը.

Գործատուներն իրավունք ունեն կամավոր հիմունքներով ստեղծել գործատուների միություններ՝ պետական մարմինների, արհեստակցական միությունների, աշխատավորական կոլեկտիվների եւ աշխատող(ների) հետ փոխհարաբերություններում իրենց անդամների իրավունքները պաշտպանելու եւ նրանց օրինական շահերը սոցիալ-աշխատանքային ոլորտում եւ դրանց հետ կապված տնտեսական հարաբերություններում ներկայացնելու նպատակով:

Գործատուների միությունը ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին եւ գործատու քաղաքացիներին:

Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:

Հոդված 3. Գործատուների միությունների մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ Աշխատանքային օրենսգրքից, սույն օրենքից ու այլ օրենքներից եւ նորմատիվ իրավական ակտերից:

Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Գործատուների միության տեսակները.

1. Գործատուների միությունները կարող են ստեղծվել տարածքային, ճյուղային, (միջճյուղային), տարածքաճյուղային հատկանիշներով:

2. Գործատուների Հանրապետական միություն – միություն, որը ստեղծվել է գործատուների ճյուղային, միջճյուղային, տարածքային, տարածքաճյուղային, միությունների հիման վրա եւ իր գործնեությունն իրականացնում է ՀՀ մարզերի (այդ թվում Երեւանում) կեսից ավելիի տարածքներում:

Գործատուների հանրապետական միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաեւ գործատուների անմիջական անդամակցում:

3. Գործատուների ճյուղային, միջճյուղային միություն – միություն, որը ստեղծվել է ճյուղի կամ տարբեր ճյուղերի գործատուների միությամբ եւ որոնք միասին իրականացնում են իրենց գործառույթները ՀՀ մարզերի կեսից ավելիի տարածքներում:

4. Գործատուների տարածքային միություն – միություն, որը ստեղծել են ՀՀ մեկ մարզի տարածքում գործունեություն իրականացնող գործատուները:

5. Գործատուների տարածքաճյուղային միություն - միություն, որը ստեղծել են ՀՀ մեկ մարզի տարածքում գործունեություն իրականացնող ճյուղի գործատուները:

Հոդված 5. Գործատուների միությունների գործունեության սկզբունքները.

1. Գործատուների միությունների գործունեությունը իրականացվում է գործատուների եւ/կամ նրանց միությունների անդամակցելու եւ նրանից դուրս գալու կամավորության վրա:

2. Գործատուների միություններն ինքնուրույն են որոշում իրենց գործունեության նպատակները, տեսակները եւ ուղղությունները:

3. Գործատուների միությունների, արհմիությունների եւ պետական մարմինների համագործակցությունը սոցիալ-աշխատանքային եւ նրա հետ կապված տնտեսական հարաբերությունների ոլորտնեում իրականացվում է սոցիալական գործընկերակցության սկզբունքի հիման վրա:

Հոդված 6. Գործատուների հանրապետական միությունը.

1. Գործատուների հանրապետական միությունը պարտադիր եզրակացություններ է ներկայացնում աշխատանքային օրենսդրությանը վերաբերող նախագծերին կամ գործող օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին:

Պետական գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել սույն կետով սահմանված գործատուների hանրապետական միության իրավունքի իրականացումը:

2. Գործատուների Հանրապետական միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու իր կանոնադրությանը համապատասխան կարող է համագործակցել միջազգային ու այլ երկրների գործատուների միությունների հետ, ինչպես նաեւ մասնակցել(անդամակցել) գործատուների միջազգային միություններին:

3. Գործատուների հանրապետական միության նախագահը մասնակցում է Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

Հոդված 7. Գործատուների միությունների անկախությունը եւ համագործակցությունը.

1.Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են պետական մարմիններից, արհմիություններից, քաղաքական կուսակցություններից եւ այլ կազմակերպություններից անկախ:

2. Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը գործատուների միությունների գործունեությանը:

3. Գործատուների միությունները՝ միմյանց հետ փոխհարաբերությունները որոշում են իրենք՝ իրենց կանոնադրությունների եւ ղեկավար մարմինների որոշումների համաձայն:

4. Գործատուների միությունը, գործատուների միության անդամի իրավունքը եւ շահերը պաշտպանելու նպատակով, իրավասու է միջնորդագրերով դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ այլ անձանց, օրենքով սահմանված կարգով բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը):

5. Օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր ու իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում,դատարանում,պետական այլ եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:

6.Գործատուների միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին՝ գործատուների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հոդված 8. Գործատուների միությունների անդամների իրավունքները.

1. Գործատուների միությունների անդամներն ունեն հավասար իրավունքներ:

2. Գործատուների միության անդամներն իրավունք ունեն.

ա) գործատուների միության կանոնադրությանբ սահմանված կարգով մասնակցելու նրա ղեկավար մարմինների կազմավորմանը,

բ) գործատուների միության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել նրա գործունեության հետ կապված հարցեր, մասնակցել դրանց քննարկմանը, ինչպես նաեւ, կանոնադրությամբ սահմանված կարգով, մասնակցել որոշումների ընդունմանը,

գ) մասնակցել գործատուների միության կողմից մշակվող սոցիալ-աշխատանքային եւ դրանց հետ կապված տնտեսական հարաբերությունների համաձայնագրերի մշակմանը եւ կազմմանը,

դ) ստանալ տեղեկություններ գործատուների միության գործունեության, նրանց կողմից կնքված պայմանագրերի եւ դրանց տեքստերի վերաբերյալ,

ե) ստանալ գործատուների միությունից աջակցություն՝ աշխատանքային օրենսդրության եւ նրա հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման հարցերում, աշխատանքային հարաբերություններ պարոնակող ներքին նորմատիվ ակտերի մշակման գործում, կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային պայմանագրերի կնքման, եւ ծագած կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում,

զ) ազատորեն դուրս գալ գործատուների միություններից,

է) այլ՝ կանոնադրությամբ նախատեսված իրավունքներ:

Հոդված 9. Գործատուների միությունների անդամների պարտականությունները.

Գործատուների միության անդամները պարտավոր են.

ա) կատարել գործատուների միության կանոնադրության պահանջները,

բ) պահպանել գործատուների միության կողմից կնքված համաձայնագրերի պայմանները եւ կատարել դրանից բխող պարտավորությունները:

Հոդված 10. Գործատուների միությունների անդամների պատասխանատվու-թյունը.

1. Գործատուների միության կողմից կնքված պայմանագրերով կամ համաձայնագրերով նախատեսված պարտավորությունների չկատարումը գործատուների միության անդամի կողմից առաջացնում է պայմանագրում նշված օրենքով եւ օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Գործատուի կողմից գործատուների միությանն իր անդամակցության դադարեցումը նրան չի ազատում օրենքով նախատեսված պատասխանատվությունից, որը նա կրում էր գործատուների միության անդամ եղած ժամանակահատվածում՝ միության կողմից կնքած համաձայնագրի պարտավորությունների չկատարման կամ խախտման համար:

3. Գործատուն, որը անդամակցվել է գործատուների միությանը, պատասխանատվություն է կրում գործատուների միության կնքած եւ այդ ժամանակ գործող բոլոր համաձայնագրերի համար:

ԳԼՈՒԽ 2.

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Հոդված 11. Գործատուների միությունների ստեղծումը.

1. Գործատուների միությունը ստեղծվում է նրա հիմնադիրների որոշմամբ:

Գործատուների միության հիմնադիր կարող են լինել ոչ պակաս, քան յոթ գործատու կամ երկու գործատուների միություն:

2. Հիմնադիր ժողովը հաստատում է միության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններ:

3.Գործատուների միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից:

Գործատուների միության գրանցումը եւ գրանցման մերժումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Գործատուների միության կանոնադրությունը.

1. Գործատուների միության հիմնադրման փաստաթուղթ է հանդիսանում կանոնադրությունը:

2. Գործատուների միության կանոնադրությամբ սահմանվում են.

ա) գործատուների միության անվանումը, որը պետք է ներառի «գործատուների միություն» բառերը,

բ) գործունեության առարկան եւ նպատակները,

գ) գտնվելու վայրը (հասցեն),

դ) անդամների իրավունքները եւ պարտականությունները,

ե) անդամակցելու եւ նրանից դուրս գալու կարգը,

զ) ունեցվածքի կազմավորման աղբյուրները,

է) կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը,

ը) ղեկավար մարմնի կառուցվածքը, ստեղծման կարգը եւ իրավասությունները, ինչպես նաեւ նրա կողմից որոշումներ ընդունելու կարգը,

թ) համաձայնագրերի նախապատրաստման, կնքման եւ փոփոխման հարցերով գործատուների միության ներկայացուցչին կամ ներկայացուցիչներին կոլեկտիվ բանակցություններ վարելու, ինչպես նաեւ ծագած աշխատանքային վեճերի հաշտեցման գործընթացներին մասնակցելու իրավասություններով օժտելու կարգը,

ժ) վերակազմավորման եւ լուծարման կարգը

ժա) այլ դրույթներ, որոնք չեն հակասում ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը:

3. Գործատուների միության կանոնադրությունը կարող է նախատեսել պատասխանատվություն այն անդամների համար, ովքեր խախտել են կանոնադրությունը:

4. Գործատուների միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարվում են նրա բարձրագույն մարմնի որոշմամբ:

Հոդված 13. Գործատուների միության կառավարման կարգը.

1. Գործատուների միության բարձրագույն մարմինը նրա համագումարն է, որը հրավիրվում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով` առնվազն երեք տարին մեկ անգամ:

Գործատուների միության համագումարը ունի նրա գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

Համագումարի բացառիկ իրավասությունն է.

ա) կանոնադրության հաստատումը եւ փոփոխումը,

բ) ղեկավար եւ վերահսկողության իրականացնող մարմինների ընտրությունը,

դ) վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումների ընդունումը:

Գործատուների միության կառուցվածքը, ձեւավորման կարգը, ղեկավար մարմիննրի իրավասությունները, նրանց կողմից ընդունվող որոշումների կարգը սահմանվում են գործատուների միության կանոնադրությամբ:

ԳԼՈԻԽ 3.

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱԽՍԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Գործատուների միության իրավունքները

1. Գործատուների միությունը իրավունք ունի.

ա) սոցիալ-աշխատանքային եւ դրա հետ առնչվող տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերում գործատուների միության անդամների հետ ձեւավորել համաձայնեցված դիրքորոշում եւ պաշտպանել այդ դիրքորոշումը արհմիությունների եւ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում,

բ) սոցիալ-աշխատանքային եւ դրա հետ առնչվող տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերում իր դիրքորոշումները համաձայնեցնել գործատուների այլ միությունների հետ,

գ) պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը արհմիությունների, պետական մարմինների հետ փոխհարաբերություններում եւ դատարաններում,

դ) հանդես գալ համաձայնագրերի նախապատրաստման, կնքման եւ փոփոխման վերաբերյալ կոլեկտիվ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ,

ե) իր ներկայացուցիչներին լիազորել.
 

  • վարել կոլեկտիվ բանակցություններ համաձայնագրերի նախապատրաստման, կնքման եւ փոփոխման վերաբերյալ,
     
  • մասնակցել սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման համապատասխան հանձնաժողովների, հաշտեցնող հանձնաժողովների կոլեկտիվ աշխատանքային վեճերը կարգավորող հանձնաժողովների կազմմանը եւ գործունեությանը,


    զ) իրականացնել բնակչությանը աշխատանքով ապահովելուն ուղղված միջոցառումներ,

    է) անցկցնել խորհրդակցություններ (բանակցություններ) արհմիությունների եւ պետական մարմինների հետ՝ սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հիմնական ուղղությունների վերաբերյալ,

    ը) արհմիություններից եւ պետական մարմիններից ստանալ սոցիալ-աշխատանքային հարցերի վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է համաձայնագրեր նախապատրաստելու, կնքելու, փոփոխելու եւ այն վերահսկելու հետ կապված կոլեկտիվ բանակցություններ վարելու համար,

    թ) մասնակցել գործատուների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող սոցիալ-աշխատանքային եւ դրանց հետ առնչվող տնտեսական հարաբերությունները կարգավորող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը եւ քննարկմանը:

    ժ) ստեղծել առեւտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:

    Գործատուների միությունները կարող են ունենալ նաեւ այլ,ՀՀ օրենսդրությամբ եւ իրենց կանոնադրությամբ նախատեսված, իրավունքներ:

    Հոդված 15. Գործատուների միությունների պարտականությունները:

    Գործատուների միությունը պարտավոր է.

    ա) օրենքով սահմանված կարգով վարել կոլեկտիվ բանակցություններ եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ արհմիությունների հետ կնքել համաձայնագրեր.

    բ) կատարել կնքված համաձայնագրերով իր վրա վերցրած պարտականությունները,

    գ) իր անդամներին տեղեկացնել կնքված համաձայնագրերի մասին եւ տրամադրել դրանց տեքստերը,

    դ) տրամադրել արհմիություններին եւ պետական մարմիններին սոցիալ-աշխատանքային հարցերի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է համաձայնագրերը նախապատրաստելու, կնքելու, փոփոխելու եւ դրանք վերահսկելու հետ կապված կոլեկտիվ բանակցություններ վարելու համար,

    ե) իրականացնել գործատուների միությունների կողմից կնքված համաձայնագրերի կատարման վերահսկողություն,

    զ) աջակցել գործատուների միության անդամներին կատարելու այն պարտավորությունները, որոնք նախատեսված են նրանց կողմից կնքված համաձայնագրերով եւ կոլեկտիվ պայմանագրերով,

    է) իր կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում եւ կարգով հաշվետու լինել իր անդամներին՝ գործատուների միության գործունեության մասին,

    ը) օգնել իր անդամներին աշխատանքային եւ այլ՝ անմիջապես նրանց հետ կապված հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության կիրառման ոլորտում, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման կոլեկտիվ պայմանագրերի եւ համաձայնագրերի կնքման, ինչպես նաեւ անհատական եւ կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում,

    թ) իրականացնել իր կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

    Հոդված 16. Գործատուների միության պատասխանատվությունը.

    1. Գործատուների միությունը պատասխանատվություն է կրում իր կողմից կնքված պայմանագրերի՝ իրեն վերաբերվող մասով պարտավորությունները չկատարելու համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված եւ/կամ պայմանագրով նախատեսված կարգով:

    2. Գործատուների միությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, այդ թվում նաեւ նրանց այն պարտավորությունների համար, որոնք նա ստանձնել է գործատուների միության կողմից կնքված համաձայնագրերով:

    ԳԼՈՒԽ 4.

    ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 17. Գործատուների միության սեփականությունը.

    1. Գործատուների միության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

    2. Գործատուների միությունը սեփականության կամ այլ իրավունքով կարող է ունենալ հողատարածքներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, գործիքներ, դրամական միջոցներ՝ ՀՀ արժույթով եւ արտարժույթով, արժեթղթեր եւ այլ գույք:

    3. Գործատուների միության անդամները միությունից դուրս գալիս չեն պահպանում իրավունքներն այն գույքի նկատմամբ, որը իրենք փոխանցել են գործատուների միությանը, այդ թվում անդամավճարների եւ այլ վճարների նկատմամբ, եթե գործատուների միության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 18. Գործատուների միության լուծարումը եւ վերակազմավորումը.

    Գործատուների միության լուծարումը եւ վերակազմավորումը իրականացվում է գործատուների միության բարձրագույն մարմնի որոշման հիման վրա:

    Գործատուների միությունը կարող է լուծարվել կամ վերակազմավորվել նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 5.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ.

    Սույն օրենքի ընդունման պահից, վեց ամսվա ընթացքում գրանցված գործատուների միություններից ստեղծվում է գործատուների հանրապետական միությունը:

    Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:



    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    Գործատուների՝ աշխատանքի ոլորտում սոցիալական գործընկերության կողմերից մեկի, իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու եւ, օրենքով սահմանված կարգով, գործատուների միություններ ստեղծելու իրավունքը ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում: