Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-026-26.02.2019,12.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությմաբ նոր 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Ոստիկանության պարտականությունները օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության եւ (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս

1. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող եւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության եւ (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝

1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.

2) պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար նրան տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ նրան հայտնել սպասվող վտանգի մասին.

3) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնակության այլ վայր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ցանկի 103-րդ կետից եւ պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի կիրարկման, ինչպես նաեւ ոստիկանության կողմից օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա անձանց եւ նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտի մշակման համար օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները, սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները որեւէ օրենսդրական ակտով չեն սահմանվել, եւ օրենքով ուղղակիորեն որեւէ մարմնի նման կարգ սահմանելու լիազորություն վերապահված չէ: Սահմանված չեն նաեւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց (օրինակ՝ դատավոր, դատախազ, քննիչ եւ այլն) պաշտպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, որի համար նախեւառաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» օրենքով Կառավարությանը հստակ լիազորություն վերապահել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը: Առաջարկվում է նաեւ հստակ սահմանել քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության տեսակները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը եւ իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ  

Ամփոփաթերթ