Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-103-12.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները»,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցակացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները (այսուհետ՝ օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում): Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումն ապահովում է միայն ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ինչպես նաեւ օրենքով սահմանված հիմքերով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում այդ ստորաբաժանումներին տրված հանձնարարության կատարման նպատակով իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:»,

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման անմիջական ղեկավարումն իրականացնում է օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետը, որին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ: Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրենց համակարգերում իրականացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»,

3) 4-րդ մասում «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ոստիկանության կամ» բառերը հանել, իսկ «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով,

2) 5-րդ մասում «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները,» բառերը,

2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անհապաղ զեկուցում են» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն են ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`»,

4) ողջ տեքստում «Գլխավոր վարչություն» բառերը եւ դրանց բոլոր հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրը նշանակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:

ՀԽՎ-ն բազմաբովանդակ միջոցառում է, որը ընդգրկում է.

1. հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`

- հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձեւով ամրագրումը,

- տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

- տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

- հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռա- խոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2. բջջային հեռախոսային ցանցի դեպքում`

- հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) եւ ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձեւով ամրագրումը,

- տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

- տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

- հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախո-սահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

3. ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձեւով ամրագրումը, ինչպես նաեւ տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`

- ինտերնետային ցանցին միանալու եւ ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը եւ տեւողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,

- ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը եւ անհատականացման տվյալները (user ID),

- հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:

Ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների գերակշիռ մեծամասնություն կազմող դեպքերում բացահայտման նպատակով ոստիկանությունը կիրառում է հենց ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Գործող օրենսդրությամբ քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով Ոստիկանությանը վերապահված է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք, որոնց անհետաձգելիությունից (հարմարադեպությունից) ու օպերատիվությունից շատ հաճախ կախված է հանցագործության բացահայտման հնարավորությունը: Ընդ որում՝ ՀԽՎ-ի իրականացումը վերապահված է խիստ սահմանափակ մարմինների (ԱԱԾ, Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներ):

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ Ոստիկանությունը ՀԽՎ իրականացնելու համար դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը, որը նշված օրենքի 31-րդ հոդվածի ուժով պետք է ապահովի օպերատիվ-տեխնիկական պայմաններ, այդ թվում՝ տրամադրի կապի ուղիներ եւ միջոցներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության ընդգրկուն լինելը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ոստիկանության կառուցվածքում գործում է օպե-րատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում՝ համալրված պրոֆեսիոնալ մասնագետներով (այդ թվում՝ գաղտնի հաստիքային աշխատակիցներով) ու տեխնիկական միջոցներով, առաջարկվում է օրենսդրորեն թույլատրելի դարձնել Ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների պլան:

Բացի այդ, կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու եւ տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն ընդունելիս ԱԱԾ-ի կազմում հատուկ օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտությունը առավելապես հիմնավորվել է Ոստիկանության կողմից ՀԽՎ իրականացնելիս հնարավոր չարաշահումները կանխարգելելու փաստարկով: Ի դեպ, գործող օրենքով օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողության (վերահսկողություն) իրականացնելու սուբյեկտներն են դատախազությունը եւ դատարանները, իսկ գերատեսչական ակտերով՝ ՕՀԳ իրականացնող մարմինների համար` նրանց վերադասը:

Գործող օրենսդրությունը ՀԽՎ իրականացնող մարմնի գործունեության նկատմամբ օրինականության հսկողություն վերապահել է նաեւ գործադիր իշխանության ղեկավարին, մասնավորապես` ԱԱԾ համակարգում գործող գլխավոր վարչության ղեկավարին նշանակում է վարչապետը` ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ: Նման երաշխիքը բավականին արդյունավետ է, քանի որ նվազագույնի է հասցնում «նեղ գերատեսչական» շահագրգռություններով օպերատիվ-տեխ-նիկական ստորաբաժանման պետի ազատությունը սահմանափակելու հնարավորությունը: Հարաբերական անկախության նման երաշխիքը առաջարկվում է գործադրել նաեւ ոստիկանության պարագայում:

Ե՛վ Ազգային անվտանգության մարմիններին եւ՛ Ոստիկանությանը (ՆԳ մարմիններին) զուգահեռաբար ՀԽՎ իրականացնելն ապահովելու իրավասությունը վերապահված է ԱՊՀ մի շարք երկրների օրենսդրությամբ, ինչպես օրինակ՝ ՌԴ, Բելառուս, Տաջիկստան, Ուկրաինա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխ-նի-կական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժա-մանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ–հետախուզական միջոցառման արդյունավե-տությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, կերաշխա-վորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն Օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) Օրենքի նախագիծը

2) Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3) Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը

Խնդրում եմ վերը նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Հարգանքով՝  
Արմեն Խաչատրյան