Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0652-20.03.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ, բացառությամբ՝ մինչեւ 5.000.000 (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) դրամ գումարի չափով եւ (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր, փոքր եւ միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ ՓՄՁ սուբյեկտ) տրամադրված վարկի կամ փոխառության:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը.

Սույն օրենքի նախագիծը մշակվել է պայմանավորված գյուղացիական տնտեսությունների եւ ՓՄՁ սուբյեկտների կողմից ներգրավված վարկային ռեսուրսների բարձր մակարդակով, գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով, ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վարկային հարաբերությունների ժամանակ հնարավոր չարաշահումները կանխարգելելու, տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու, ինչպես նաեւ վարկային պայմանագրերում ներառվող անհրաժեշտ նվազագույն պահանջներն ամրագրելու անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՀՀ գյուղատնտեսության ոլորտը էական տեղ է զբաղեցնում ՀՀ տնտեսության կառուցվածքում` նպաստելով երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 20%-ի ձեւավորմանը, ապահովելով զբաղվածների շուրջ 40%-ի ընդգրկվածությունն այս ոլորտում եւ արտահանման կառուցվածքում ունենալով ավելի քան 20% կշիռ: ՀՀ գյուղատնտեսության ոլորտում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմում են 216.5 մլրդ. դրամ, ընդ որում` բանկերի կողմից տրամադրվել են 157.7 մլրդ, իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 58.8 մլրդ դրամին համարժեք վարկային միջոցներ: Ներկայումս ՀՀ կառավարությունը իր 31.03.2011թ. թիվ 349-Ն որոշման համաձայն սուբսիդավորում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում սուբսիդավորվում են մինչեւ 3 մլն. ՀՀ դրամ ծավալով, տարեկան առավելագույնը 14% փաստացի տոկոսադրույքով, դրամային վարկերը: Սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):

Գյուղական համայնքներում գործունեություն ծավալողները, հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողները, առավել խոցելի են համարվում` հաշվի առնելով ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը եւ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բարձր ռիսկերը` բնական աղետներ, գյուղատնտեսության ապահովագրության բացակայություն, աշխատանքների սեզոնային բնույթ եւ այլն: Այդ իսկ պատճառով, կարգավորելով վարկավորման գործընթացը, սահմանելով նվազագույն պարտադիր պայմաններ վարկային պայմանագրերի համար եւ ամրագրելով տարեկան փաստացի տոկոսադրույքը արտացոլելու պահանջը, փորձ է արվում մի կողմից կարգավորել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին վարկավորման գործընթացը, մյուս կողմից նշված սեգմենտի առավել խոցելի հատվածի համար` տնային տնտեսություններ, անհատ ձեռնարկատերեր, փոքր ֆերմերային կոոպերատիվներ, որոնք ներգրավել են մինչեւ 5 մլն. ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ, ստեղծել առավել նպաստավոր պայմաններ, որը թույլ կտա ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից առավել հստակ եւ ճշգրիտ տեղեկատվության մատուցման պարագայում բարձրացնել եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակը եւ վարկառու գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության մակարդակը:

Նախագիծը նաեւ անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ կրեդիտավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը կրեդիտավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողը ընտրի կրեդիտավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա կրեդիտավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել կրեդիտ ստացողին:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Գյուղատնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրները միշտ գտնվում են ՀՀ կառավարության օրակարգում: Մշակվում են մեխանիզմներ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի՝ վարկավորման գործընթացը ավելի արդյունավետ եւ հասցեական դարձնելու համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաեւ ՓՄՁ վարկավորման բնագավառում առկա խնդիրների կարգավորման` վարկառու գյուղացիական տնտեսությունների եւ ՓՄՁ սուբյեկտների շահերի պաշտպանության, գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկ տրամադրող վարկատու կազմակերպությունների իրավունքների եւ պարտավորությունների հստակեցման, վարկային պայմանագրերում իրական տոկոսադրույքի ամրագրման նպատակով մշակվել է այս նախագիծը:

Ինչպես վերը նշվեց, նախագիծն անդրադարձել է նաեւ սպառողների հետ կրեդիտավորողի հաղորդակցման խնդրին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն ՀՀ գյուղատնտեսության եւ ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, կհստակեցվեն վարկառուների իրավունքները եւ վարկատուների պարտավորությունները, կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետեւաբար եւ` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եվ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ


8 նոյեմբերի 2018 թվականի N 1267 - Ա


«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 87-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. նոյեմբերի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1267-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ