Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-522-23.02.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /այսուհետ օրենսգիրք/  188-րդ  հոդվածի՝

ա/ 1-ին մասի դիսպոզիցիայում «պատճառելով» բառից հետո լրացնել «կամ հանգեցրել է զգալի չափի եկամուտ ստանալուն» բառերով, իսկ սանկցիայի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը  փոխարինել «չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի» բառերով:

բ/ 2-րդ մասի դիսպոզիցիայում «պատճառելով» բառից հետո լրացնել  «կամ հանգեցրել է խոշոր չափի եկամուտ ստանալուն» բառերով, իսկ սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով:

գ/ 3-րդ մասի 1-ին կետի դիսպոզիցիայում  «պատճառելով» բառից հետո լրացնել  «կամ հանգեցրել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալուն» բառերով:

դ/ 4-րդ մասը լրացնել հետեւյալ նոր պարբերությամբ՝

 «Սույն հոդվածում զգալի չափի եկամուտ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից վեցհազարապատիկը չգերազանցող եկամուտը, խոշոր չափի եկամուտ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհազարապատիկից տասհազարապատիկը չգերազանցող եկամուտը. իսկ առանձնապես խոշոր չափի եկամուտ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող եկամուտը»:

Հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5.Սույն հոդվածում եւ օրենսգրքի 189 հոդվածում պետությանը պատճառված վնաս է համարվում՝ հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների հանրագումարը »:

Հոդված 2. Օրենսգրքի 189 հոդվածի՝

ա/ 1-ին մասի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի»  բառերը  փոխարինել  «չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի» բառերով:

բ/ 2-րդ մասի սանկցիայում «չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը  փոխարինել  «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով:

գ/ 3-րդ մասի սանկցիայում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը  փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 193 հոդվածի սանկցիայիում՝ «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը  փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 4 . Օրենսգրքի 194 հոդվածի սանկցիայիում՝ «երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը  փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ  սանկցիան  լրացնել ՝ «կամ  կալանքով մեկից մինչեւ երեք ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 205 հոդվածը շարադրել  հետեւյալ նոր   խմբագրությամբ՝

«Հոդված 205. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը

1.Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելը՝ հաշվապահական հաշվառում, կամ օրենսդրությամբ սահամանված այլ հաշվառում չվարելու, հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով մեկից-երկու տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝  առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա :

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից տասհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը»:

Հոդված 6. Օրենսգրքի 206 հոդվածի՝

ա/ առաջին մասի սանկցիայում «հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի» բառերով

բ/ հոդվածը լրացնել նոր երկրորդ մասով  հետեւյալ բովանդակությամբ ՝

«2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափորով՝

պատժվում է  տուգանքով  նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով , կամ  ազատազրկմամբ  մինչեւ մեկ տարի ժամկետով »:

գ/ այդ կապակցությամբ հոդվածի 2-րդ մասը համարել 3-րդ մաս եւ շարադրել  հետեւյալ նոր  խմբագրությամբ ՝ «3. Սույն հոդվածում  խոշոր  չափ է համարվում  հանցագործության  պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից  հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը  /արժեքը/ »:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀՀ քրեական  օրենսգրքում  փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվող  փոփոխությունները եւ լրացումները  պայմանավորված են՝  ՀՀ քրեական  նոր  օր-ի  01.08.2003թ-ից  կիրառման մեջ մտնելուց հետո, անցած ժամանակահատվածում հարկային  հանցագործությունների  վերաբերյալ   ստացված  նյութերի  նախապատրաստման  ընթացքում, ՀՀ քրեական օր-ի «Տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունները» գլխի մի շարք  հոդվածներով, մասնավորապես՝ 188 եւ 205 հոդվածներով  սահմանված  նորմերի  կիրառման բարդություններով, դրանց ոչ հստակությամբ, տարընթերցման եւ  տարամեկնաբանման հանգամանքների առկայությամբ, տնտեսական մի շարք  հանցագործությունների  օբյեկտիվ  եւ  սուբյեկտիվ  կողմերի, ինչպես  նաեւ  դրանց  կատարման  բնույթի ու եղանակների  ոչ  լիարժեք  արտացոլմամբ:

Այսպես ՀՀ քրեական օր-ի , ինչպես ընդհանուր այնպես հատուկ  մասերում, առավել եւս ՀՀ քրեական օր-ի 188-րդ հոդվածում չի սահմանված կամ մեկնաբանված «պետությանը պատճառված  զգալի, խոշոր, առանձնապես խոշոր չափի վնաս» հասկացությունը, դրա հաշվարկման սկզբունքները  եւ կարգը:

Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում հարկերից  խուսափելու  ձեւերն  ու մեթոդները բազմաթիվ են, որոնց ամբողջական եւ սպառիչ տարատեսակների  նկարագրությունը  ՀՀ քրեական օր-ի 205 հոդվածում  հնարավոր եւ նպատակահարմար  չէ, իսկ  ՀՀ քրեական օր-ի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայում հարկերից  խուսափելու վերաբերյալ նշված  հնարավոր  եղանակները լիարժեք չեն, ինչը խոչընդոտում է իրականում հարկերի վճարումից այլ  եղանակներով դիտավորյալ խուսափողների արարքին քրեաիրավական գնահատական տալուն  եւ հանցագործության  պատժելիությունը  անխուսափելի  դարձնելուն:

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն  ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների  ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1522--Ն  որոշմամբ  հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիր»-ի թիվ 4.9 կետի  պահանջներով: