Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-047-06.03.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածում.

1) 4-րդ մասում «մեծամասնությամբ» բառից հետո լրացնել «` բաց քվեարկությամբ» բառերը.

2) 5-րդ մասում «դատավորների թեկնածուների, ներառյալ`» բառերը փոխարինել «ինչպես նաեւ դատավորների» բառերով, իսկ «, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու» բառերը հանել:

Հոդված 2. Օրենսգրքի 110-րդ հոդվածի վերնագրում «ցուցակի» բառից հետո լրացնել «կազմումը եւ» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը» բառերով.

2) 2-րդ մասում «Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացնում» բառերը փոխարինել «առաջարկություն չի ներկայացվում» բառերով.

3) 3-րդ մասում «խորհուրդը» բառը փոխարինել «խորհրդի նախագահը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 1-ին նախադասությունում «խորհուրդը» բառից հետո լրացնել «եռօրյա ժամկետում» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է «դեմ» քվեարկել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ խախտվել է թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնելու հաջորդականությունը` այդ մասին ներկայացնելով համապատասխան հիմնավորումներով հատուկ կարծիք:»:

Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը» բառերով.

2) 2-րդ մասում «Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացնում» բառերը փոխարինել «Առաջարկություն չի ներկայացվում» բառերով.

3) 3-րդ մասում «խորհուրդը» բառը փոխարինել «խորհրդի նախագահը» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ` Օրենսգիրք), ի թիվս այլնի, սահմանում է առաջին ատյանի դատարանի դատավորի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածուի ընտրության եւ Հանրապետության կողմից նշանակմանն առաջադրելու հետ կապված հարաբերությունները: Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից թեկնածուի թեկնածությունը Հանրապետության նախագահին առաջարկելու մասին դրույթ, իսկ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման ընդունում` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ դատավորների թեկնածուների ցուցակում ընգրկված անձը Հանրապետության նախագահին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների` Օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քանակի ձայներ: Արդյունքում, մի կողմից` կարող են առաջանալ համալրման ենթակա, սակայն դեռեւս չհամալրված` համապատասխան ատյանի դատարանի թափուր տեղեր, որն իր բացասական ազդեցությունը կունենա դատարանների ծանրաբեռնվածության վրա, մյուս կողմից` կարող է հանգեցնել դատավորների նշանակման գործընթացի նկատմամբ հանրային վստահության կորստի, քանի որ նշանակման բոլոր փուլերն անցած դատավորի թեկնածուն գործնականում երբեմն չի ունենա Հանրապետության նախագահի կողմից դատավոր նշանակվելու հնարավորություն:

Բացի այդ, Օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն` համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս համապատասխան առաջարկություն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, եւս ենթադրում է որոշում ընդունելու անհրաժեշտություն: Նման պահանջը, սակայն, անհարկի բարդացնում է վերոնշյալ գործընթացը եւ ազդում է Բարձրագույն դատական խորհրդի ծանրաբեռնվածության վրա:

Հարկ է նշել նաեւ, որ Օրենսգիրքը վերաքննիչ դատարաններում եւ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, ինչպես նաեւ նախկին դատավորի կողմից դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար ներկայացված դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը սահմանելիս հղում է կատարում 98-րդ հոդվածին, ըստ այդմ` դիմումին կից պետք է ներկայացված լինի նաեւ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնինչ «Պետական տուրքի մասին» օրենքը չի նախատեսում նշված դիմումների եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար վճարման ենթակա պետական տուրքի չափը:

Վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով (այսուհետ` Նախագծեր)`

1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ` «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.

2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.

3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում եւ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման, ինչպես նաեւ նախկին դատավորի կողմից դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրվկելու նպատակով ներկայացված դիմումի եւ կից փաստաթղթերի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենՔի ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենՔի ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

27  սեպտեմբերի  2018  թվականի  N  1081 - Ա

«Հայաստանի  Հանրապետության  դատական  օրենսգիրք»  սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին»  սահմանադրական  օրենքի ԵՎ «Պետական  տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. հոկտեմբերի 4
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1081-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ