Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
 Երկրրոդ ընթերցում

Կ-038-06.03.2019-ՄԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նույնացման հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն են:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցել իրավասու որեւէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաեւ նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին:»:

2. 3-րդ մասում «մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող» բառերից հետո լրացնել «ենթադրյալ» բառը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «երկու օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով.

2) 10-րդ մասում «անդամները» բառից հետո լրացնել «եւ քարտուղարը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 10-րդ կետում եւ 12-րդ մասի առաջին նախադասությունում «հիմնական» բառը փոխարինել «օրենքով սահմանված պարտադիր» բառերով:

2) 16-րդ մասում «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 եւ 4.2 մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Հատուկ կատեգորիայի երեխա զոհին սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը կայացնում է երեխայի օրինական ներկայացուցչի ներկայությամբ:».

«4.2. Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:»:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը, ինչպես նաեւ աջակցության եւ պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: