Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2531-05.02.2018-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 03-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

- 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) պետական միասնական գրանցամատյան (նաեւ գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում որպես մայնինգով զբաղվող սուբյեկտ հաշվառված անձանց վերաբերյալ.»։

- 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառումը, մայնինգով զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական հաշվառումը.»:

Նույն մասը լրացնել նոր 161 -ին կետով.

«161 ) մայնինգով զբացվող անձանց պետական հաշվառում՝ մայնինգով զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի գոյության ճանաչումը պետության կողմից.»։

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 261 -ին հոդվածով.

«Հոդված 261 . Մայնինգով զբաղվող անձ հաշվառված սուբյեկտների պետական հաշվառման գրանցամատյանում գրառվող տեղեկությունները

Մայնինգով զբաղվող անձ հաշվառված սուբյեկտների պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են հետեւյալ տեղեկությունները.

1) ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը.

2) ֆիզիկական անձի ծննդյան տարեթիվը, իրավականական անձի  հիմնադրման տարին.

3) երկիրը (երկրները), որտեղի ռեզիդենտ է մայնինգով զբաղվող սուբյեկտը.

4) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.

5) որպես մայնինգով զբաղվող սուբյեկտ հաշվառված անձի հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, կապի այլ միջոցները.

6) կրիպտոարժույթ(ներ)ը, որի (որոնց) մայնինգով զբաղվում է անձը։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈւՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Առկա խնդիրները եւ առաջարկվող կարգավորումները. Կրիպտոարժույթի մայնինգի (այսուհետ՝ մայնինգ) վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշությամբ։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ստեղծվում են նոր եւ բավականին լիբերալ սկզբունքներով աշխատող թվային վճարամիջոցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին գերազանցում է 1380-ը (ներկայումս շուկայում մեծ պահանջարկ է վայելում բիթքոինը, ինչպես նաեւ էթերիումը, ռիփլը, դեշը եւ այլն)։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են հարմարվում այս նոր արժույթներին, որոշներն անգամ փորձում են արգելել դրանց կիրառությունը, մինչդեռ մյուսներն արդեն իսկ օրինականացրել են կրիպտոարժույթով վճարումները։

Կրիպտոարժույթի գաղափարին դեմ արտահայտվող կողմերը պնդում են, որ դրանցով հնարավոր է ֆինանսավորել տեռորիզմը, զենքի անօրինական շրջանառությունը եւ այլն։ Մինչդեռ, ակնհայտ է, որ աշխարհի ցանկացած արժույթով հնարավոր է գնել զենք, թմրամիջոցներ, զբաղվել մարդկանց առեւտրով եւ որ այս բոլորի անօրինական շրջանառությունը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան ստեղծվել ու տարածվել են թվային արժույթները։

Ընդդիմացողների այլ խումբ պնդում է, որ էլետրոնային ակտիվը ֆինանսական փուչիկի կամ բուրգի տարատեսակ է, այնինչ այս փաստարկն անգամ թույլ քննադատության չի դիմանում, քանի որ բազմաթիվ պետություններ հրաժարվել են թղթային փողերի համար նախկինում գոյություն ունեցող եւ դրանց ապահովող ոսկե ստանդարտից՝ հիմնականում ոսկու պաշարների սահմանափակ լինելու եւ պատերազմների ժամանակ այդ պաշարների էլ ավելի կրճատման հետեւանքով։ Այսինքն, ինչպես ցանկացած այլ արժեթուղթ, այժմ թե՜ թղթային, թե՜ թվային արժույթն արժի ուղիղ այնքան, որքան դրա դիմաց գնորդներն այդ պահին պատրաստ են վճարել։ Այլ հարց է, որ կրիպտոարժույթի մեջ ներդրում կատարելը բավականին բարձր ռիսկային է, սակայն հայտնի տնտեսագիտական անփոփոխ սկզբունքի համաձայն՝ ռիսկն ու եկամուտն ուղիղ համեմատական են, այսինքն՝ որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր կարող է լինել եկամուտը։

Ոլորտն առավելապես քաղաքացիական օրենսդրության կարգավորման դաշտում է, քանի որ մայնինգն իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական բնույթի գործարք, մասնավորապես՝ մի դեպքում դրանով զբաղվող անձն ստուգում եւ հաստատում է հիմնական գործարքը (կրիպտոարժույթի առուծախ) եւ իր մատուցած ծառայության դիմաց ինքն էլ պարգեւատրվում որոշակի քանակությամբ կրիպտոարժույթով; մյուս դեպքում նա կարող է թողարկել նոր կրիպտոարժույթ եւ վաճառքի հանել այն։

Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից եւ մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել (ինչպես որ Գերմանիայում է դա արված՝ լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ Էստոնիայում այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է), քանի որ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ ունենալով որոշակի հզորությամբ HDD կամ սերվեր, ինտերնետ կապ, համապատասխան ծրագրային ապահովում եւ հմտություններ։ Իսկ քանի որ մի կողմից մայնինգը ենթադրում է գործողությունների ենթախումբ, որոնց միայն ճշգրիտ կատարման արդյունքում համապատասխան գործարքը կավարտվի ու կներառվի բլոկչեյնում, մյուս կողմից նախագծերի ներկայացված փաթեթով առաջարկվում է այդ գործունեությունն առ այժմ ազատել հարկերից, հետեւաբար մայնինգով զբաղվող անհատների կամ ընկերությունների էլեկտրոնային հաշվառումը բացառապես վիճակագրական տվյալներ հավաքագրելու նպատակ է հետապնդում։

Ակնկալվող արդյունքները. Նախագիծն այս տեսքով ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով եւ դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրեբսդրությամբ կկարգավորվի, ինչը նաեւ համահունչ կլինի բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին։
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Բաբլոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ   65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխություններն ու լրացումները:

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը։

Խնդրում եմ օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ (առդիր՝ 13 թերթ):
 

Հարգանքով՝        ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ