Armenian ARMSCII Armenian
Կ-9961-03.11.2006-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 55. Գույքի բռնագրավումը

1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար եւ անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:

2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:

3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

4. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի` այդ թվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման առարկա հանդիսացող գույքի եւ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ձեռք բերված գույքի օգտագործումից ստացված եկամուտների, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված եւ դատապարտյալի սեփականությունը հանդիսացող  հանցագործության գործիքների բռնագրավումը, կամ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է:

5. Ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի` այդ թվում սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման  նպատակով  օգտագործված  կամ  օգտագործման  համար նախատեսված գույքի, ինչպես նաեւ ահաբեկչության կատարման համար նախատեսված եւ դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության  գործիքների բռնագրավումը, կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է:

6. Բռնագրավման  ենթակա  չէ  դատապարտյալի  կամ  նրա  խնամքի  տակ  գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով,   ինչպես  նաեւ  սույն  հոդվածի  չորրորդ  եւ  հինգերրորդ  մասերով  նախատեսված`

բարեխիղճ ձեռք բերողի գույքը:

Հոդված 2.  Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը):

1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը, եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ  օժանդակել որեւէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը, եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում, կամ գույք ձեռքբերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը, եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

 պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը  (արժեքը),   իսկ առանձնապես խոշոր չափ  է  համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում  հանցավոր   ճանապարհով   ստացված   եկամուտների   օրինականացման   առարկա  հանդիսացող եւ  սույն օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 168-րդ, 175-224-րդ,  233-235-րդ,  238-րդ,  261-262-րդ,  266-270-րդ,  281-րդ,  284-րդ, 286-289-րդ,  291-292-րդ, 295-րդ,  297-298-րդ,  308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ եւ 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում ստացված գույքը, այդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման արդյունքում ձեռք բերված գույքի օգտագործումից ստացված եկամուտները, ինչպես նաեւ այդ հոդվածներով նախատեսված արարքների ու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված եւ դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության գործիքները, կամ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքը»:

Հոդված 3.  Օրենսգրքի 217.1. -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 217.1. Ահաբեկչության ֆինանսավորումը

1. Ահաբեկչության ֆինանսավորումը` ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի իմաստով ահաբեկչության ֆինանսավորման առարկա է հանդիսանում ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը` այդ թվում սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման  նպատակով  օգտագործված  կամ  օգտագործման  համար նախատեսված գույքը, ինչպես նաեւ ահաբեկչության կատարման համար նախատեսված եւ դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության գործիքները, կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքը:

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ եւ երրորդ կետերում` «որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը» բառերը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացվող «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են Եվրախորհրդի առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով:

Օրենքների նախագծերը նախապատրաստվել են Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի ներկայացրած խորհրդատվությունների հիման վրա: 2004 թվականին ՄԱՆԻՎԱԼ-ի փորձագետները 1-ին փուլի գնահատման չափանիշներով ներկայացրել են ՀՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի վերաբերյալ հաշվետվությունը: Այդ հաշվետվությունը կազմվել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտների եւ հատկապես՝ ՖԱՏՖ-ի առաջարկների հիման վրա, որում տեղ են գտել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Հայաստանի համակարգի համապատասխանության ապահովման վերաբերյալ առաջարկություններ: 2006 թվականի հունվարին կայացած ՄԱՆԻՎԱԼ-ի 18-րդ լիագումար նիստի ընթացքում գնահատվել է Հայաստանի առաջընթացը հաշվետվությանը հաջորդած ժամանակահատվածում եւ, միաժամանակ, հիշատակվել են դեռեւս չլուծված խնդիրները: Դրա հիման վրա՝ ՄԱՆԻՎԱԼ-ի նախագահի կողմից ստացվել է գրություն, որով սահմանվել են ՄԱՆԻՎԱԼ-ի հաշվետվությամբ ներկայացված այն խնդիրները եւ խորհրդատվությունները, որոնց հետ կապված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրությունը դեռեւս չի համապատասխանում հաշվետվությամբ ներկայացված խորհրդատվություններին: Ուստի, Հայաստանի իշխանություններին առաջարկվել է նշված խորհրդատվությունների հետ կապված առաջընթաց ապահովել մինչեւ հաջորդ լիագումար նիստը: ՄԱՆԻՎԱԼ-ի խորհրդատվություններն ու դիրքորոշումը քննարկվել են «Հայաստանի  Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի  նիստերի  ընթացքում, որոնց  արդյունքներով  մշակվել  եւ  հանձնաժողովի հավանությանն է արժանացել օրենսդրական նախագծերի նշված փաթեթը: Այն տրամադրվել է նաեւ ՄԱՆԻՎԱԼ-ի փորձագետներին, քննարկվել է ՄԱՆԻՎԱԼ-ի 19-րդ լիագումար նիստի ընթացքում եւ առկա դիտողությունների ընդունմամբ արժանացել է ՄԱՆԻՎԱԼ-ի հավանությանը:

Նշված նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ունեն հետեւյալ նպատակները.

1. Հստակեցնել փողերի լվացման (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման) համար նախորդող համարվող հանցակազմերի ցանկը

ՖԱՏՖ-ի պահանջներով եւ ՄԱՆԻՎԱԼ-ի խորհրդատվությունների հիման անհրաժեշտ է որոշակիացնել, թե քրեորեն պատժելի ո՞ր արարքներց ստացված միջոցները պետք է համարել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, որոնց թաքցնելը կամ խեղաթյուրելը կարող է փողերի լվացման համար քրեական հետապնդման հիմք հանդիսանալ: Ուստի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով  առանձնացվել են այն հոդվածները (մասերը), որոնք սահմանում են տնտեսական բնույթի կամ շահադիտական դրդումներով զուգորդվող հանցատեսակները, որոնց կատարման արդյունքում ստացված եկամուտները կարող են ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված փողերի լվացման հանցակազմի համար համարվել հանցավոր ճանապարով ստացված գույք:

2. Հստակեցնել փողերի լվացման հասկացությունը (հանցակազմի դիսպոզիցիան)

Փողերի լվացման հասկացությունը սահմանված է «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988թ. Վիեննայի կոնվենցիայի 3-րդ հոդվածով եւ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» 2000թ. Պալերմոյի կոնվենցիայի 1-ին հոդվածով: Այդ բնորոշումն ընդունվում է նաեւ ՖԱՏՖ-ի առաջարկություններով: ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայով եւ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հասկացությունը չի համապատասխանում վերոնշյալ միջազգային պայմանագրերի բնորոշմանը: Ուստի, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծով սահմանել միջազգային պայմանագրերի համաձայն տրվող փողերի լվացման բնորոշումը, իսկ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով 1-ին հոդվածի 2-րդ մասում հղում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան բնորոշման վրա:

3. Որոշակիացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող գույքի բռնագրավման դեպքերը

Ներկայումս գույքի բռնագրավումը, որպես լրացուցիչ պատժատեսակ, նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) եւ 217.1-րդ (ահաբեկչության ֆինանսավորում) հոդվածներում: ՄԱՆԻՎԱԼ-ի երաշխավորություններով պահանջվում է պարտադիր դարձնել ՖԱՏՖ-ի 3-րդ առաջարկությամբ նախատեսվող բռնագրավման սկզբունքները: Այդ սկզբունքներին ՀՀ քրեական օրենսգրքի անհամապատասխանությունը դրսեւորվում է հետեւյալ 2 հանգամանքներում.

- պահանջվում է բռնագանձել հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ անկախ դրա պատկանելությունից այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի հիման վրա հնարավոր է բռնագանձել միայն դատապարտյալի գույքը.

- պահանջվում է բռնագանձել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների առարկա եւ ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող գույքը, իսկ դրանց չհայտնաբերման դեպքում՝ համարժեք այլ գույքը, այն դեպքում, երբ երբ Քրեական օրենսգրքի հիման վրա հնարավոր է բռնագանձել միայն դատապարտյալի անձնական գույքը:

Հաշվի առնելով նշված տարբերությունները՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի` գործող օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է նախատեսել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման առարկա հանդիսացող գույքի եւ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ձեռք բերված գույքի օգտագործումից ստացված եկամուտների, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված եւ դատապարտյալի սեփականությունը հանդիսացող  հանցագործության գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավում:

Բռնագրավման նույն սկզբունքն է նախատեսվում կիրառել նաեւ ահաբեկչության դեպքում, որը ներառվել է նախագծով նախատեսված օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով:

4. Որոշակիացնել ՓԼ/ԱՖ գործերով գույքի վրա կալանք դնելու կարգը

ՄԱՆԻՎԱԼ-ի խորհրդատվություններով նախատեսվում են նաեւ ՓԼ/ԱՖ առարկա գույքի վրա սառեցման եւ այլ նախնական միջոցների պարտադիր կիրառման կանոններ, այդ թվում՝ մինչեւ քրեական գործի հարուցումը: Ըստ որի, Քրեական դատավարության օրենսգրքում լրացմամբ նախատեսվում է, որ հոդվածում թվարկված հոդվածների հատկանիշներով զուգորդված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցանքների  վերաբերյալ  քրեական  գործի քննության  ընթացքում վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքի 232-րդ հոդվածով նախատեսված գույքի, ինչպես նաեւ դրանցից ստացված օգուտների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ:

5. Սահմանել ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցման կանոններ ու ընթացակարգեր

Այս դրույթներն ավելացվել են ՖԱՏՖ-ի 9 հատուկ առաջարկների, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1267, 1363, 1452  բանաձեւերին համապատասխան: Դրանց հիման վրա՝ պետությունները պետք  է ունենան ահաբեկչության հետ կապված անձանց միջոցներն անհապաղ սառեցնելու արդյունավետ մեխանիզմներ: Այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր, որոնց հիման վրա պետությունները պարտավոր են սառեցնել իրենց երկրում այդ անձանց բոլոր եկամուտները: Հայաստանի Հանրապետությունում բացակայում են նման պարտադիր ու անհապաղ միջոցներ ձեռնարկելու իրավական հիմքերը, որի մասին առկա է ՄԱՆԻՎԱԼ-ի հաշվետվությունում եւ, բացի այդ, դա նաեւ հանդիսանում է ֆինանսական հետախուզության մարմինների միջազգային կառույցին՝ Էգմոնտ խմբին անդամակցության հիմնական խոչընդոտներից մեկը:

Ուստի, հիմք ընդունելով միջազգային պարտավորությունները, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի փոփոխությունների նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքում լրացնել 18.1 հոդվածը:

6. Այլ փոփոխություններ ու լրացումներ

ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի եւ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերով առաջարկվում է նաեւ իրավական ամրագրում տալ «փողերի լվացում» տերմինին, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում որոշակիորեն խստացնել փողերի լվացման համար ազատազրկման պատժատեսակի ծանրությունը:  Այդ կապակցությամբ, Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրության մեջ առաջին մասի սանկցիայից հանվել է տուգանքին վերաբերող պատժատեսակը: