Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1941-27.11.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը  կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտը, որոնց գործունեությունը ենթակա չի կարգավորման` կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշման հավելված 1-ի 5-րդ կետի պահանջի կատարմամբ:

Օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը եւ գործող մեխանիզմների կատարելագործմանը:

Գործող մեխանիզմների համաձայն.

- վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չտրամադրելու ծավալի չափը հավասարեցվել է ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ): Այն ինչ, հատուցման ոչ ենթակա ծավալը պետք է հավասարեցվի տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին, քանի որ հենց տարվա ընթացքում են էլեկտրական էներգիայի արտադրության եւ սպառման ռեժիմային առանձնահատկությունները ինքնավար էներգաարտադրողի համար հանդիսանում հիմնական շարժիչ ուժը (հանգամանքը)` ներդրումներ իրականացնել ինքնավար էներգատեղակայանք կառուցելու համար` էլեկտրական էներգիա արտադրել առնվազն սպառման սեփական ծավալի չափով:

- Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով: Սակայն, հնարավոր է, որ  հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արեւային էլեկտրակայանների համար սահմանվեն  այնպիսի սակագներ, որոնց մեծությունը լինի վերոհիշյալ 50 տոկոսի չափից էլ ցածր:

- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն կարգավորման ենթակա չեն մինչեւ 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածը,  իսկ «ե» ենթակետի համաձայն՝ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաեւ մինչեւ 150 կիլովատ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:

Ներկայումս արձանագրվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազում եւ ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերով առաջարկվում են հետեւյալ  կարգավորումները.

- հատուցման ոչ ենթակա ծավալը հավասարեցնել տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին:

- Քանի որ ներկայումս արձանագրվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազումներ եւ ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք իրենց արտացոլումը կունենան նաեւ ՀՀ-ում համապատասխան սակագների վրա, ապա այդ պարագայում ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագները ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արեւային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում  հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արեւային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անցումային դրույթներում (59-րդ հոդված) ամրագրել, որ արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների թույլատրելի դրվածքային հզորությունը  մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտը, հնարավորություն ընձեռելով էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ, միեւնույն ժամանակ առավելագույնը 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը թողնել անփոփոխ ֆիզիկական անձանց համար, որը ամրագրված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ պարբերության «դ» ենթակետում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ Օրենքների նախագծերի ընդունմամբ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման եւ(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


  
   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N  1411-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Արզումանի Հարությունյանը:
 
 

Հարգանքով` ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ