Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.
«3. Սույն օրենքով սահմանված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին կամ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով։
4. Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված գումարի) վճարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, ում նշանակվել է նպաստը։ Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամիսների ընթացքում անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, ապա միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»։
Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Չաշխատող անձի մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում։»։
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում։»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով։
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին։