Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
Հայտարարում է՝
- Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ | ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ |
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ա Ն
ԸՆԴՈւՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականից սկսած բանակցություններ էր վարում Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) հետ` Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, որի անբաժանելի մաս է կազմում Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը: Բանակցություններն ավարտվեցին 2013 թվականի հուլիսին, արդյունքում՝ պայմանագիրը պատրաստ էր նախաստորագրման համար: Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի հետ պետք է փոխադարձաբար չեղարկեր էր մաքսային դրույքաչափերը եւ ստանում լայն հնարավորություններ եվրոպական շուկա դուրս գալու համար: Սակայն, 2013 թվականի սեպտեմբերի 3?ին Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր այցի ժամանակ անակնկալ կերպով հայտարարեց Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր որոշման մասին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ (103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ) վավերացրեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։ Շուրջ 3 տարվա ընթացքում այդ միությունն ապացուցեց իր անկենսունակությունը եւ հաստատեց այն փաստարկը, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը որեւէ կերպ շահեկան չէ մեր պետության համար։
Հայաստանի Հանրապետության իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնավորումները բաժանվում էին երկու խմբի՝ տնտեսական առաջընթաց եւ երկրի անվտանգության ապահովում։
Մասնավորապես՝ նշվում էր, որ Հայաստանին մուտք է տրվում 170 մլն սպառող ունեցող ԵԱՏՄ շուկա (որտեղ մուտք վաղուց ենք ունեցել)` մի կողմ թողնելով եվրոպական 506 սպառող ունեցող շուկան։ Ընդ որում՝ հավաստիացվում էր, որ ԵԱՏՄին անդամակցելով որեւէ կերպ չեն խաթարվում ԵՄ հետ մեր տնտեսական կապերը։
Տնտեսական առումով
ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։
Արդեն մի քանի տարի ԵԱՏՄ ամենախոշոր անդամ-պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպական պետությունների պատժամիջոցների ներքո։ Ռուսական տնտեսությունը վերջին մի քանի տարիներին բոլոր ցուցանիշներով շարունակաբար անկում է ապրում, իսկ ռուսական ռուբլին գրեթե կիսով չափ արժեզրկվել է։ Հայաստանից արտահանման առյուծի բաժինը հասնում է Ռուսաստանին, որտեղ գնողունակությունը նշված գործոնների արդյունքում խիստ ընկել է, ինչի պատճառով էլ մեծապես տուժում են հայաստանյան արտահանման ծավալները։ Արտահանման ծավալների կրճատման պատճառով տուժում են ինչպես գործարարները, այնպես էլ նրանց վարձու աշխատողները, ովքեր զրկվում են աշխատանքից, ինչպես նաեւ հումքի եւ այլ ապրանքների մատակարարները, այդ թվում՝ գյուղացիական տնտեսությունները։ Ընդ որում, Ռուսաստան եւ ԵԱՏՄ մյուս պետություններ արտահանվող ապրանքատեսակները մեծամասամբ սահմանափակվում են որոշ պարենամթերքներով ու ոգելից խմիչքներով (հիմնականում՝ կոնյակ)։ Փաստացի` ԵԱՏՄ անդամակցությունը մեծապես խոչընդոտում է Հայաստանից դեպի երրորդ երկրներ արտահանման աճին, քանի որ, նշվածի հետ մեկտեղ, այդ անդամակցությամբ մենք զրկվել ենք համաշխարհային տնտեսության այլ սուբյեկտների հետ ազատ առեւտրի կամ այլ արտոնյալ առեւտրային ռեժիմ հաստատելու հնարավորությունից եւ իրավունքից:
Մինչդեռ, Վրաստանն ազատ առեւտրի համաձայնագրեր ունի ԵՄ, ԱՊՀ երկրների, Ազատ առեւտրի Եվրոպական ասոցիացիայի (որը ներառում է Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան ու Շվեյցարիան), ինչպես նաեւ Չինաստանի հետ, իսկ Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Կանադան ցածր մաքսատուրքեր են կիրառում Վրաստանի հետ առեւտրում:
Ուկրաինան կնքել է 16 ազատ առեւտրի համաձայնագրեր 45 երկրների հետ, այդ թվում նաեւ Կանադայի, առայժմ ԵՄ անդամ չհանդիսացող Բալկանյան մի շարք պետությունների հետ՝ ընդամենը 2017-ի առաջին կիսամյակում իր արտահանման ծավալները միայն ԵՄ շուկա հասցնելով 8.2 մլրդ ԱՄՆ դոլարի։
Միեւնույն ժամանակ, Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման, Մեղրու ազատ առեւտրի գոտին լիարժեքորեն գործարկելու համար մենք սպասում ենք ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի ռեժիմի սահմանմանը: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ» ռուսական պետական կորպորաացիաներին տրված բացառիկ իրավունքներն են միակ խոչընդոտը, որպեսզի Հայաստանն օգտագործի իր հնարավորություններն իրանական գազը դեպի Վրաստան տարանցում ապահովելու, իրանական, ինչպես նաեւ արաբական նավթամթերքների շուկայից օգտվելու համար:
Պետության տնտեսական զարգացման համար կարեւոր սկզբունքներից մեկը տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան է տարբեր գործընկերների հետ։ Հայաստանի Հանրապետության պարագայում, մուտք գործելով ԵԱՏՄ, ճիշտ հակառակ արդյունքն ենք ստացել` վտանգելով Հայաստանի տնտեսական առաջխաղացումը։ Ասվածը չի ենթադրում խզել տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ ԵԱՏՄ մյուս անդամների հետ, սակայն հնարավոր է համագործակցել առանց այդ կառույցին անդամակցության՝ ազատ առեւտրի կամ այլ արտոնյալ պայմաններով տնտեսական բլոկի համաձայնագրեր կնքելու միջոցով։
Մյուս կողմից, ԵԱՏՄ կանոնակարգերը չեն պահպանվում միության խոշորագույն սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կողմից։
Մասնավորապես՝
Եթե չեն գործում Պայմանագրի հիմնաքարային դրույթները, ապա չի գործում Պայմանագիրն ինքնին։
Սոցիալական առումով
ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է՝
- Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12?5%,
- Շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%,
- Թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%,
- Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում։
Թանկացումներն անխուսափելի են, պարզապես դրանք տեղի են ունենում աստիճանաբար։ Ավելին, թանկանում են նաեւ խիստ անհրաժեշտ, առաջնային սպառման ապրանքները։
Գյուղտեխնիկայի ներմուծման համար Հայաստանում գործող 0% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում 13% է, իսկ տրակտորների 75%-ը մինչ այժմ բերվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից։ Եթե բեռնատարները մինչեւ հիմա մաքսազրծվել են 0%-ով, ԵԱՏՄ-ում այդ թիվը կհասնի 19%-ի (2020-ից)։
Սերմացուն եւ պարարտանյութերը եւս հիմնականում այլ երկրներից ներմուծվում են 0%-ով, բայց ԵԱՏՄ-ում դրանք մաքսազերծվելու են համապատասխանաբար 5 եւ 8%-ով։
Իսկ պարենամթեքի արտահանումն արգելափակվել է դեպի ԵՄ եւ այլ երկրներ՝ կրկին ԵԱՏՄ անդամակցության պատճառով։
Այսպիսով, մեր գյուղատնտեսության համար եւս` ԵԱՏՄ անդամակցությունն ունենում է բացառապես բացասական հետեւանքներ։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության՝ 2017 թվականին առաջին 5 ամիսների դրությամբ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ապրանքաշրջանառությունն անդամ երկրների միջեւ կազմել է 20.5 մլրդ ԱՄՆ դոլար, որը 28.2%-ով ավել է 2016 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, Հայաստանի մասնաբաժինը մյուս երկրների շարքում ամենաչնչինն է` ընդամենը 0.9%:
Հայաստան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը կազմում է 620 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս թիվը 21.3%-ով ավելի է 2016 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն այս առեւտրաշրջանառության առյուծի բաժինը` 97.6% կամ ավելի քան 605 մլն ԱՄՆ դոլար Ռուսաստանի հետ կատարվող առեւտուրն է:
Պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանից 2016 թվականին արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 50%-ով: Նույնիսկ եթե դա այդպես է, այստեղ էականն այն է, որ Հայաստանից արտահանման 95%-ը` 371 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, ուղարկվել է Ռուսաստան: Արտահանման ցուցանիշներն աճել են նաեւ դեպի Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան, սակայն դա երկրի ընդհանուր արտահանման աճի վրա էական ազդեցություն չի ունեցել: ԵԱՏՄ այս 3 անդամների հետ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 14.8 մլն ԱՄՆ դոլար։ Այս երկրները չեն մտնում նույնիսկ Հայաստանի առեւտրային գործընկերների 20-յակի մեջ: Կարեւոր է նշել նաեւ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ավելի շատ ներկրում է (2.4%), քան արտահանում (0.9%): Իսկ Հայաստանի փոխադարձ առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում կազմում է երկրի ողջ արտաքին առեւտրաշրջանառության ընդամենը 30%-ը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան ընդհանուր ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11 մլրդ դրամով կամ 87?2%-ով, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ մոտ 13 մլրդ դրամով կամ 73%-ով:
Գլոբալ առումով՝ ԵԱՏՄ երկրները հիմնականում արտահանում են հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ապրանքներ (արտահանման 60.6%) եւ ներմուծում պատրաստի տեխնոլոգիական արտադրանք (43.3%), ինչը փաստում է Միության արդյունաբերական պոտենցիալի ցածր եւ անմրցունակ մակարդակի մասին: Իսկ Պայմանագրի համաձայն՝ Միության անդամ-երկրները չեն կարող առանձին առեւտրային պայմանագրեր կնքել այլ երկրների հետ: Սա մեր տնտեսությանը մեծապես հարվածող դրույթ է, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ-ի հետ, իսկ իր հիմնական առեւտրային գործընկերների հետ կապվում է Վրաստանի միջոցով: Հայաստանն ինքնուրույն չի կարողանում ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրեր կնքել Վրաստանի կամ Իրանի հետ` առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Հարկ է` առանձնահատուկ անդրադառնալ նաեւ գազի գնին. 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բնական գազի գինը նվազել է՝ բնակիչ-բաժանորդների համար դառնալով` 1 խմ-ը 139 ՀՀ դրամ, սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 100 դրամ, վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար 1000 խմ-ը՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մյուս ձեռնարկությունների համար՝ 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշվում է, որ գազն էժանացել է շնորհիվ ԵԱՏՄ մեր անդամակցության, մինչդեռ նույն ԵԱՏՄ անդամ Բելառուսում նույն ռուսական գազն արժե միջինում 6 անգամ ավելի էժան, իսկ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան, որն ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, այլ երկրից գազ ձեռքբերելու այլընտրանք չունի, վճարում է գրեթե նույնչափ, որքան Հայաստանը։
Ռազմաքաղաքական առումով
ԵԱՏՄ անդամ-պետությունները որեւէ օգնություն չեն ցուցաբերել եւ այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայասատանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներով։ Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի զինվածության հարաբերակցությունը 1։20 է։ Որպես հետեւանք՝ ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում.
Քանի դեռ Միացյալ Նահանգները եւ Արեւմտյան Եվրոպայի պետությունները հրաժարվում են զենք վաճառել Ադրբեջանին, ԵԱՏՄ անդամ պետությունները դա անում են մեծ եռանդով։ Մասնավորապես՝ Ռուսաստանն ու Բելառուսը զինում են Ադրբեջանին, իսկ Ղազախստանը բացահայտ սատարում է ադրբեջանական կողմին ընդդեմ Հայաստանի. Նուրսուլթան Նազարբաեւն ամեն անգամ ինչ-որ պատրվակ է գտնում Հայաստան չայցելելու համար։ Քառօրյա պատերազմի ժամանակ Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանին սատարող հայտարարությամբ։
ԵԱՏՄ անդամ որեւէ երկիր, որոնք նաեւ ՀԱՊԿ անդամ են, չդատապարտեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը ո՛չ Արցախի, ո՛չ էլ հայկական գյուղերը ռմբակոծելու փաստի առթիվ՝ այն դեպքում, երբ նրանք, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, պարտավոր էին ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Համեմատության համար` անհնար է անգամ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր զենք վաճառի ՆԱՏՕ-ի այլ անդամ-պետության թշնամուն։
Մյուս կողմից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման այս անորոշ ժամանակաշրջանում Հայաստանը, լինելով Ռուսաստանի հետ նույն միության անդամ, անուղղակիորեն խնդիրներ է ունենում նաեւ ամերիկյան կողմի հետ։ Սրա հետեւանքները մեզ նման փոքր երկրի համար կարող են խիստ բացասական լինել։
Այլընտրանքը
Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա լիարժեքորեն ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված եւ կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը։ Այն հայկական ապրանքների եւ ծառայությունների արտահանման համար պատուհան կբացի դեպի եվրոպական շուկա եւ կտա բազմաթիվ այլ առավելություններ։ Ընդ որում, արդեն անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն անհամեմատ ավելի լիբերալ են ու արդարացի։
Մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ միջեւ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մաքսատուրքերի զրոյացում եւ ընթացակարգերի պարզեցում։ Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2?3%-ով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 146 մլն ԱՄՆ դոլարով, արտահանման ծավալները՝ 15%-ով։ Աշխատավարձերը 2?7%-ով կաճեին, բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակը կավելանար 7%-ով, իսկ աղքատությունն էականորեն կկրճատվեր։ Միաժամանակ, Եվրոպական Միությունն առաջարկում էր 4 մլրդ 865 մլն եվրո անհատույց դրամաշնորհ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, ինչպես նաեւ 500 մլն եվրո՝ կենսական ճանապարհների վերանորոգմանը, 650 մլն եվրո՝ Հյուսիս-հարավ մայրուղուն, 1?8 մլրդ եվրո ջրագծերի նորոգմանը, 340 մլն՝ ամբարտակների վերակառուցմանը, 500 մլն՝ ոռոգման համակարգերին եւ 460 մլն եվրո դպրոցների վերանորոգմանը։
Միաժամանակ, Հայաստանը պահպանում էր արտաքին տնտեսական քաղաքականության ազատությունը՝ ունենալով ինքնուրույն առեւտրային հարաբերություններ, մինչդեռ, այժմ բացառվում է որեւէ այլ երկրի հետ ուղղակիորեն Հայաստանի կողմից առեւտրային համաձայնագրերի կնքումը։
ԵՄ հետ ազատ առեւտրի պայմանագիր կնքած Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան տարեկան առնվազն 5-8% աճ են գրանցելու, Հայաստանը՝ լավագույն դեպքում 2%։
Ընդ որում, ԵՄ եւ ԵԱՏՄ շուկաների ծավալներն ընդհանրապես համեմատելի չեն. եթե ԵԱՏՄ շուկան համաշխարհային առեւտրի ընդամենը 0?5%-ն է կազմում, ապա ԵՄ շուկան դրան գերազանցում է 40 անգամ՝ կազմելով համաշխարհային շուկայի 20%-ը։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալ?տնտեսական բնագավառում հայտնվեց շատ ավելի անբարենպաստ պայմաններում, քան մինչ այդ։ Ավելին՝ բաց թողնվեց տնտեսության համար նպաստավոր պայմանների ստեղծման բացառիկ հնարավորությունը, անդամակցությունն անգամ նվազագույն երաշխիքներ չտրամադրեց մեր քաղաքացիների մի շարք կարեւորագույն սոցիալական իրավունքների ապահովման գործում։ Երկրի ռազմական անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալու փոխարեն՝ Ապրիլյան պատերազմը ցայտուն կերպով ընդգծեց ԵԱՏՄ մեր գործընկերների կողմից իրականացվող ոչ հայանպաստ քաղաքականությունը։
Համադրելով բոլոր առկա ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ անվտանգության առումներով Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելը զգալիորեն վնասաբեր է եղել մեր պետության համար՝ չեզոքացնելով նախկինում հօգուտ ԵԱՏՄ անդամակցության բերված գրեթե բոլոր փաստարկները:
Նախագծի ընդունման նպատակն է՝ արտահայտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական կամքը՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության մասով դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։
N/ ԵՈ-003
«8» սեպտեմբերի, 2017թ.
ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության
ՈՐՈՇՈՒՄԸ
Օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։
2. Հիմնական զեկուցող նշանակել ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին։
N/ Ե-025
«11» սեպտեմբերի, 2017թ.
ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանին
Հարգելի պարոն Բաբլոյան.
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը, ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։
Հիմնական զեկուցողն է` Էդմոն Մարուքյանը։
Կից ներկայացնում ենք՝
1. «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
2. Նախագծի ընդունման հիմնավորումները։
3. Նախագիծը ներկայացնելու մասին ԵԼՔ խմբակցության որոշումը։