Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-123-31.08.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի՝ «ատեստավորման» բառը փոխարինել «կատարողականի գնահատման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`
 
1) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) պետական ծառայողի կատարողականի գնահատում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը, խրախուսմանն (պարգեւատրմանն)  ուղղված միջոցառում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ կետով.

«7.1) ամփոփիչ գնահատում` պետական ծառայողի կատարողականի եւ վերապատրաստման արդյունքների գնահատում.»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ատեստավորման,» բառը  փոխարինել «կատարողականի գնահատման,» բառերով.:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում՝ «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառը փոխարինել «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-րդ հոդվածով՝

«Հոդված 21.1. Պետական ծառայողի կատարողականի գնահատումը

1. Պետական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է կիսամյակային կատարողականի արդյունքների հիման վրա` պետական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից:

2. Անմիջական ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրն իրականացնում է պետական ծառայողի տվյալ կիսամյակի կատարողականի գնահատում:

3. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի կատարողականի գնահատման կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:»:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Պետական ծառայողի վերապատարաստումը եւ ամփոփիչ գնահատումը»

2) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Պետական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում եւ համակարգում է Աշխատակազմը:

2.Պետական ծառայողը կատարողականի գնահատման եւ վերապատրաստման արդյունքում սահմանված միավորների (կրեդիտների) նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում ենթակա է ամփոփիչ գնահատման, որն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Վերապատրաստումն անցկացվում է նաեւ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ պետական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:»:

3) 5-րդ մասի «Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման» բառերը փոխարինել «Վերապատրաստման» բառով:

4)  7-րդ մասը շարադրել նոր  խմբագրությամբ.

«7. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման եւ ամփոփիչ գնահատման կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շաւադրել նոր խմբագրությամբ.

«11) մրցույթի արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.»:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի  10-րդ կետից «ատեստավորման եւ» բառերը հանել:

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետի «ատեստավորման» բառը փոխարինել «ամփոփիչ  գնահատմանը» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) սույն օրենքով նախատեսված ամփոփիչ գնահատման արդյունքները.»:

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 40. Պետական ծառայության մրցութային հանձնաժողովները

1. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է պետական ծառայության մրցութային հանձնաժողովը:

2. Սույն օրենքի հիման վրա մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Պետական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Ազգային ժողովի նախագահի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

4. Պետական ծառայության առաջատար եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Աշխատակազմի ղեկավարի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

5. Մրցութային հանձնաժողովների կազմերում կարող են ընդգրկվել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ եւ համապատասխան բնագավառների մասնագետներ:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության համակարգում կդադարեցվի պարտադիր ատեստավորման ինստիտուտը, այդ կերպ կհանվի նաեւ կիսամյակային հաշվետվությունների պարտադիր պահանջը եւ այն կփոխարինվի պետական ծառայողի կատարողականի գնահատման համակարգով, որը կծառայի աշխատողների խրախուսմանը (պարգեւատրմանը), հնարավորություն կտա բացահայտել վերապատրաստման անհրաժեշտությունը եւ իրականացնել թիրախավորված վերապատրաստում, ինչպես նաեւ կնպաստի աշխատողների առաջխաղացմանը: Կատարողականի գնահատման գործընթացն ուղղված է աշխատողների կողմից իրականացվող գործունեության արդյունավետության եւ նրանց կառավարչական հմտությունների գնահատմանը, աշխատողների ներուժի ճիշտ օգտագործմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու շահադրդմանը, ինչպես նաեւ աշխատանքները ռացիոնալ բաշխելու եւ արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացի բարելավմանը: Այդ են վկայում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում դեռեւս 2014 թվականի հունիսին կատարված փոփոխությունների եւ լրացումների արդյունքները: Օրենքի նախագծի ընդունման դեպքում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողի կատարողականի գնահատման կարգը կհաստատի Ազգային ժողովի նախագահը, որը կկարգավորի աշխատանքների կատարման որակի, կատարման ժամկետի, կատարողականի գնահատման գործընթացի, կատարողականի գնահատման մակարդակի, լրացուցիչ պարգեւատրման կարգի, պարգեւատրման ժամկետի, պարգեւատրման չափի, ինչպես նաեւ պարգեւատրման, այդ թվում` պարգեւատրման համար նախատեսված պարգեւատրման ֆոնդի խնայված միջոցների հետագա օգտագործման եւ պետական ծառայող չհանդիսացող աշխատողների պարգեւատրման հետ կապված այլ հարաբերությունները:  Աշխատանքի կատարողականի գնահատման ժամանակ կգնահատվի ոչ միայն աշխատանքների կատարման ընթացիկ վիճակը, այլեւ դրանց վերջնական արդյունքները, ինչը լիովին համահունչ կլինի նաեւ բյուջետային ծրագրավորման գործընթացին: Պարբերաբար կատարվող այն աշխատանքները, որոնք յուրաքանչյուր դեպքի համար հնարավոր չէ գնահատել, կարող են գնահատվել որոշակի պարբերականությամբ: Այդ դեպքում աշխատողը կատարողականի գնահատման զեկուցագիր է ներկայացնում իր կողմից կատարած` նշված բնույթի աշխատանքների մասին, որի հիման վրա տվյալ աշխատանքը գնահատվում է իր անմիջական ղեկավարի կողմից՝ համապատասխան կիսամյակում:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կբարձրանա պետական ծառայողի պաշտպանվածությունը, քանի որ գնահատելիս հաշվի կառնվեն աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները եւ  պարգեւատրումներն էլ կկատարվեն ըստ այդմ, ինչպես նաեւ կհստակեցվեն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

---------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Շուշան Սարդարյան),

բ) նախագծի  ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Ազգային ժողովի պատգամավորներ՝