Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի`
1) 1-ին մասի`
ա. 1-ին պարբերությունում «փաստացի կրել է պատժի՝» բառերը փոխարինել «բավարարում է» բառերով, իսկ «նվազագույն ժամկետը» բառերը փոխարինել «պահանջներին» բառով.
բ. 2-րդ պարբերությունը հանել.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պատիժը կատարող հիմնարկի կողմից որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ եւ 116-րդ հոդվածներին համապատասխան:».
3) 3-րդ մասի՝
ա. 1-ին պարբերությունից «Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար» բառերը հանել, «պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս» բառերը փոխարինել «որոշում է կայացնում» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` անկախ հանձնաժողով)» բառերը».
բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական մարմինների (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տասնօրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ տեղեկանքը, ինչի մասին կայացնում է որոշում:
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ տեղեկանքի հիմքում ընկած` դատապարտյալի ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման մեթոդաբանությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Անկախ հանձնաժողովը պատիժը կատարող հիմնարկի որոշման ստացման պահից քառասունհինգօրյա ժամկետում պարտադիր քննում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը եւ կայացնում պատճառաբանված որոշում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 1.1-րդ, 1.2-րդ եւ 3-5-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները եւ հանգամանքները:
Անկախ հանձնաժողովի կողմից որոշումը կայացվելուց հետո որոշման պատճենը, ոչ ուշ, քան յոթօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին եւ ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին եւ պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիրը դատարան ներկայացնելուն հավանություն տալու մասին որոշում կայացնելու դեպքում որոշման ստացման պահից յոթօրյա ժամկետում միջնորդագիր է ներկայացնում դատարան:
Միջնորդագրում առնվազն նշվում են դատապարտյալի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը (մինչեւ դատապարտվելը), Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կիրառված հոդվածը, պատժաչափը, պատժի սկիզբը եւ ավարտը, երբ է տեղափոխվել տվյալ հիմնարկ, պատժաչափի որքան մասն է կրել, նախկին դատվածությունների առկայությունը կամ բացակայությունը` նշելով նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման մասին, տեղեկություններ պատիժը կրելու ընթացքում նրա դրսեւորած վարքագծի, ուղղված լինելու հանգամանքի վերաբերյալ: Միջնորդագիրը ստորագրվում է պատիժը կատարող հիմնարկի ղեկավարի կողմից:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1.Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցն անկախ հանձնաժողովում քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.
1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ստանալ պատշաճ ծանուցում.
2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցել անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.
3) հայերեն լեզվին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվել թարգմանչի ծառայություններից.
4) ծանոթանալ իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին եւ անվճար ստանալ դրանց պատճենները.
5) ներկայացնել բացատրություններ եւ փաստաթղթեր, հանդես գալ հայտարարություններով.
6) հայտնել իր կարծիքը` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:».
3) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անկախ հանձնաժողովի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելուն հավանություն չտալու մասին որոշումն ընդունվելու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովին որոշումը կայացվելուց երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Անկախ հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անկախ հանձնաժողովի` ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելուն հավանություն չտալու մասին որոշումն ընդունվելու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովին որոշումը կայացվելուց մեկուկես տարի անց:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1304-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-116-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1304-Ն որոշման դրույթների համաձայն: Նշյալ ակտերով նախատեսված կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը կարծես թե բավարար լծակներ են համակարգը կյանքի կոչելու համար, մինչդեռ, գործնականում խնդրո առարկա համակարգում նկատելի են բազմաթիվ թերություններ, ինչով էլ պայմանավորված համակարգը վերանայման կարիք ունի:
Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Կատարված դիտարկումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, որոնցից է, օրինակ` գործող համակարգի բարդեցված կառուցվածքը, գործընթացին մասնակցող պատասխանատու մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, օրենքների անհստակությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող ոչ հստակ չափորոշիչները (պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չկա` հաշվի առնելով նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը), ինչով պայմանավորված էլ կայացված որոշումները դառնում են քննարկման առարկա:
ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության 4.4-րդ կետում ամրագրված է, որ «Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների միջոցով կատարելագործել հանձնաժողովների գործունեության սկզբունքները, որոշումների կայացման չափանիշները, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ գործերի քննության համար օրենսդրորեն սահմանել ամբողջական կանոններ:
Նման փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը եւ կշտկի Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը»:
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նախեւառաջ պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ Rec(2003) 22 հանձնարարականին: Նշյալ հանձնարարականի ընդունման որոշումը 2000 թվականի Բանտային գերբեռնվածության ու դատապարտյալների քանակի նվազեցման վերաբերյալ հանձնարարականի տրամաբանական շարունակությունն էր: Հանձնարարականների հաջորդականությունը եւ պայմանական ազատման վերաբերյալ հանձնարարականի բովանդակության ուսումնասիրությունը վկայում են այն մասին, որ վաղաժամկետ ազատման հիմնական եւ կենտրոնական նպատակներից մեկը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումն է: Միեւնույն ժամանակ, պայմանական վաղաժամկետ ազատումը նպատակ է հետապնդում դատապարտյալներին օգնել քրեակատարողական հիմնարկի կյանքից հասարակություն վերադառնալու հարցում` ազատությանը հաջորդող համապատասխան պայմանների եւ հսկողության միջոցով:
Ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերոհիշյալ հանձնարարականի առկա են պայմանական վաղաժամկետ ազատման երկու հիմնական համակարգեր՝
1) հայեցողական.
2) պարտադիր:
Հայեցողական համակարգով գործող պայմանական վաղաժամկետ ազատման պարագայում օրենքով հստակ պետք է սահմանված լինի պատժի այն նվազագույն ժամանակահատվածը, որը պետք է կրի դատապարտյալը: Տվյալ նվազագույն ժամկետը վրա հասնելու դեպքում իրավասու մարմինները պետք է սկսեն ազատման ընթացակարգը: Սույն համակարգի պարագայում պետք է սահմանված լինեն հստակ եւ հասկանալի չափանիշներ: Ավելին, նման չափանիշները պետք է իրատեսական լինեն՝ հաշվի առնելով դատապարտյալի անհատական, սոցիալական եւ տնտեսական առանձնահատկություններն ու վերականգնողական ծրագրերի առկայությունը: Օրենքով լիազորված մարմնի կողմից պայմանական վաղաժամկետ ազատումը մերժող որոշումը կայացնելու դեպքում պետք է նշանակվի նաեւ հարցի հաջորդ լսման օրը, որն կապահովի դատապարտյալների կողմից ազատման համար կրկին դիմելու հնարավորությունը:
Պարտադիր վաղաժամկետ ազատման համակարգի դեպքում օրենքով սահմանվում է միայն պատժի նվազագույն ժամանակահատվածը, որը պետք է հաշվի առնվի ազատման հարցը քննելիս:
Ակնհայտ է, որ ՀՀ իրավակիրառ պրակտիկայում առկա է երկու հիմնական համակարգերի չհստակեցված եւ չտարանջատված խառնուրդ: Մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման համար նախատեսվում է ինչպես պատժի նվազագույն ժամանակահատվածը (ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մաս), որը պետք է կրի դատապարտյալը, այնպես էլ ոչ հստակ չափանիշներ, որոնց կիրառումը գործնականում առաջացնում է մի շարք բարդություններ (պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չկա` հաշվի առնելով նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը):
Անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատման հարցի առնչությամբ որոշում կայացնող մարմիններին` անհրաժեշտ է նշել, որ ներկայումս որոշում կայացվում է հետեւյալ երեք հանրային մարմինների մասնակցությամբ`
Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Այսինքն` քրեակատարողական հիմնարկն առաջին այն օղակն է, որը կարող է դրական կամ բացասական լուծում տալ այս հարցին:
Չստորադասելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկը, թերեւս, ամենալավն է տիրապետում դատապարտյալի կարիքներին, քանի որ ամենօրյա հսկողություն եւ աշխատանքներ է կատարում դատապարտյալի պատժի կրման եւ ուղղման գործընթացի շրջանակներում, այնուամենայնիվ, որպես պատիժ կատարող մարմին` քրեակատարողական հիմնարկը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես «ինքն իր գործունեությունը գնահատող» մարմին: Այլ խոսքով` քրեակատարողական հիմնարկը գնահատում է` արդյոք իր կողմից իրականացվող աշխատանքները ծառայել են իրենց նպատակին, թե ոչ` որոշելով պայմանական վաղաժամկետ ազատման հարցը հաջորդ` երկրորդ օղակին ներկայացնելու նպատակահարմարությունը: Բացի այդ, այստեղ առկա է նաեւ գործառույթների ոչ հստակ տարանջատում` փաստորեն, հանգեցնելով տարբեր մարմինների կողմից միեւնույն գործառույթի իրականացմանը:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի հավելված 1-ի 6-րդ կետը սահմանում է, որ անկախ հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ ստեղծվում են հանձնաժողովի առնվազն երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովներ, որոնք, ըստ քրեակատարողական հիմնարկների, նախապատրաստում են հանձնաժողովի քննարկման համար հարցեր: Նույն հրամանագրի 7-րդ կետի համաձայն` ենթահանձնաժողովը ոչ ուշ, քան մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված օրը այցելում է պատիժը կատարող հիմնարկ, ծանոթանում դատապարտյալի անձնական գործին, մեկուսի հանդիպում նրա հետ, անհրաժեշտության դեպքում հանդիպում է նաեւ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի հետ: Արդյունքում` ենթահանձնաժողովները անկախ հանձնաժողովի նիստում ներկայացնում են իրենց կարծիքները, որից հետո անցկացվում է քննարկում եւ քվեարկություն:
Ելնելով վերոգրյալից` ստացվում է, որ անկախ հանձնաժողովը որոշում կայացնելիս հիմնվում է իր երկու անդամներից կազմված ենթահանձնաժողովի կարծիքի վրա: Այսինքն` անկախ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են անձամբ հանդիպում դատապարտյալին, լսում նրան, նրա կարծիքը, ծանոթանում նրա գործի բոլոր հանգամանքներին, որը բարձրացնում է սուբյեկտիվ գործոնների կողմից օբյեկտիվ գործոնների ստորադասման ռիսկը: Հարց է ծագում, թե արդյոք երկու անդամի դիտարկման արդյունքում անկախ հանձնաժողովի մնացած անդամների համար անուղղակի ծանոթության ու երկրորդական աղբյուրի միջոցով ստացած տեղեկությունը բավարար եւ օբյեկտիվ է անձի ճակատագրի մասին որոշում կայացնելու համար:
Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ նշել, որ ներկայումս անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են հրամանագրով նախատեսված կարգի խախտմամբ: Այս առումով, ՀՀ Սահմանադրական դատարանը 2008 թվականի փետրվարի 5-ի իր ՍԴՈ-733 որոշման մեջ արձանագրել է, որ անկախ հանձնաժողովների կողմից կայացված որոշումները օրենքին հակասելու դեպքում բողոքարկումը միայն հրամանագրով նախատեսված կարգի խախտման համար հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին, 18-րդ հոդվածին եւ 19-րդ հոդվածի պահանջներին եւ ճանաչել է անվավեր:
Խոսելով անկախ հանձնաժողովի որոշումների բողոքարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումից` հարկ է մեջբերել «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը Հայաստանում» հետազոտության մեջ տեղ գտած դիտարկումը.
« ա) Որոշման կատարումը օրենսդիր իշխանության կողմից.
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխությունները կատարվել են որոշումն ընդունվելուց ավելի քան 15 ամիս անց` 20.05.2009 թվականի ՀՕ-129-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 27.06.2009 թվականին: Այս փաստը արդեն իսկ կարող է վկայել օրենսդրի կողմից Սահմանադրական դատարանի որոշման ոչ պատշաճ կատարման մասին:
Ավելին, թեեւ ՍԴՈ-733 որոշմամբ սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեց քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված` անկախ հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելու սահմանափակումը, ինչը նշանակում էր, որ նման սահմանափակումներն օրենսդրորեն պետք է հանվեին, Ազգային ժողովի կողմից այս կապակցությամբ կատարված օրենսդրական փոփոխությունները եւս մեկ անգամ` արդեն այլ խմբագրությամբ, մտցրեցին նման սահմանափակում: Այսպես, փոփոխությունների արդյունքում քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասը ստացավ հետեւյալ բովանդակությունը.
«Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերի»:
Ինչպես կարելի է համոզվել այս փոփոխությունից, խմբագրված վիճակում օրենքը սահմանում է կանոն, ըստ որի` անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, ինչպես նաեւ այդ կանոնից բացառություններ, երբ որոշումները կարող են բողոքարկվել: Մինչդեռ Սահմանադրական դատարանի որոշումը առհասարակ բացառում էր բողոքարկման սահմանափակումները: Այսպիսով, տվյալ դեպքում եւս առկա է օրենսդրի կողմից Սահմանադրական դատարանի որոշման ուղղակի չկատարում:
Օրենսդրի կողմից պարզապես անտեսվել են ՍԴՈ-733 որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները...»:
Լայնածավալ մեջբերումից ակնհայտ է, որ անկախ հանձնաժողովի որոշումների բողոքարկման օրենսդրական հնարավորությունը դեռեւս իր ամբողջական ամրագրումը չի գտել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:
Անդրադառնալով երրորդ օղակին` հարկ է նշել, որ վերջինիս կողմից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս ամենակարեւոր գործոնը հստակ ձեւակերպված, հրապարակված, օբյեկտիվ չափանիշների առկայությունն է, որոնցով պետք է առաջնորդվի դատարանը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ Rec(2003) 22 հանձնարարականի 18-րդ կետի համաձայն` «այն չափանիշները, որոնց ազատազրկման դատապարտված անձինք պետք է բավարարեն, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեն, պետք է հստակ ձեւակերպված լինեն: Դրանք պետք է նաեւ իրատեսական լինեն այն առումով, որ պետք է հաշվի առնեն դատապարտյալի անձը եւ սոցիալական ու տնտեսական հանգամանքները, ինչպես նաեւ վերաինտեգրման ծրագրերի առկայությունը»:
Տեղին է նաեւ նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 13.05.2008թ. իր թիվ ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի հետեւանքները իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը, նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաեւ Եվրոպական դատարանի վճիռներում (տե՛ս օրինակ The Sunday Times v. United Kingdom, գանգատ թիվ 6538/74, 1979 թ. ապրիլի 26-ի վճիռ, կետ 49):
Հստակ ձեւակերպված չափանիշները նախեւառաջ անհրաժեշտ են, որպեսզի ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներն ի վիճակի լինեն կանխատեսել եւ համապատասխանաբար կարգավորել իրենց վարքագիծը: Բացի այդ, հստակությունն անհրաժեշտ է համակարգում չարաշահումների եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաեւ համակարգի նկատմամբ հասարակական վստահություն ձեւավորելու համար:
Տվյալ պարագայում ակնհայտ է, որ ոչ հստակ եւ ոչ կանխատեսելի չափանիշների առկայությունը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը դարձնում է ավելի անհաղթահարելի:
Հիմք ընդունելով վերոգրյալը` սույն նախագծերով փորձ է կատարվել նախատեսել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք եւ կնպաստի գործուն եւ արդյունավետ պրակտիկայի ձեւավորմանը: Ի վերջո, անհրաժեշտ է նշել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման համար հստակ եւ իրական չափանիշների նախատեսումն իր հերթին կապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պատժի նպատակների իրականացումը: Այս առումով ցանկալի է ընդգծել դատապարտյալի ուղղման գլխավոր նպատակին հասնելու հանգամանքը, քանի որ պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ դատապարտյալը շահագրգռված լինի ուղղվելու եւ որպես ուղղվելու գրավական՝ իրեն դրսեւորի պատշաճ ձեւով՝ վստահ լինելով, որ երբ լրանա օրենքով նախատեսված պատժի կրման ժամկետը, եւ եթե նա համապատասխանի օրենքով սահմանված չափանիշներին, այսինքն՝ փաստված լինի, որ վերջինս բռնել է ուղղման ճանապարհը, ապա ազատ կարձակվի:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ի կատարումն ՀՀ Նախագահի հիշյալ հրամանագրի պահանջի՝ սույն նախագծերով առաջարկվում են կարգավորումներ, որոնք ուղղված են պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովի գործառույթների հստակեցմանը` բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, հստակ չափանիշների սահմանմանը, որոնք կդրվեն եւ՛ անկախ հանձնաժողովի, եւ ՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, ինչպես նաեւ դատապարտյալի իրավունքների արդյունավետ իրացմանը: Մասնավորապես` նախատեսվել են.
1. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովների գործառույթների հստակ տարանջատման մեխանիզմ, ինչպես նաեւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարդեցված կառուցվածքի պարզեցում:
Խնդրո առարկա հարցի շուրջ նախագծերի հեղինակները նախագծերի մշակման փուլում առանձնացրել են միջազգային փորձում առկա եւ հնարավոր երեք տարբերակներ, որոնք ենթարկվել են խորը վերլուծության: Մասնավորապես՝ առանձնացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուցիոնալ հետեւյալ մոդելները.
1-ԻՆ ՄՈԴԵԼ՝ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - դատարան: Այս մոդելի դեպքում ուղղակի կապ է առաջանում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ դատարանի միջեւ: Այսինքն՝ անկախ հանձնաժողովը, որպես միջանկյալ օղակ եւ որոշում կայացնող մարմին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների գործընթացից բացառվում է: Հատկանշական է, որ նման մոդել էր առաջարկվել նախագծերի սկզբնական տարբերակում, ինչն արժանացել էր Հայասատանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի խիստ քննադատությանը: Բացի այդ, խնդրո առարկա մոդելը չի բխում ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ առաջադրված պահանջներից:
2-ՐԴ ՄՈԴԵԼ՝ անկախ հանձնաժողովը՝ որպես վերջնական որոշում կայացնող մարմին: Այս մոդելի ընտրության դեպքում ստացվում է, որ դատարանները՝ որպես արդարադատության իրականացնող մարմիններ, բացառվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների գործընթացից: Քննարկվող մոդելն առկա է արտասահմանյան որոշ պետություններում (օրինակ՝ Խորվաթիա, Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա):
Մինչդեռ, տեղին է նշել, որ ներպետական օրենսդրությամբ նման մոդելի ամրագրումը հակասում է Հայաստանի Հանրապետության որդեգրած քրեական քաղաքականությանը: Դատական ակտերի կատարման փուլին առնչվող հարցերը լուծվում են դատարանների կողմից (տե՛ս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլուխը): Ասվածը հավասարապես վերաբերում է դատապարտյալների նկատմամբ խրախուսական համարվող այնպիսի ինստիտուտների, ինչպիսին պատժից պայմանական վաղաժամկետն ազատելն եւ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելն է:
3-ՐԴ ՄՈԴԵԼ՝ անկախ հանձնաժողով - դատարան: Այս մոդելը, թերեւս, ամենաշատն է համապատասխանում ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ առաջադրված պահանջներին: Խնդրո առարկա մոդելը բացառում է պատիժը կատարող հիմնարկի եւ անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացմանը, բարձրացնում է անկախ հանձնաժողովների արդյունավետությունը:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծերով առաջարկվում է Հայասատանի Հանրապետությունում ներդնել վերոնշյալ 3-րդ մոդելը:
Այսպես, Նախագծով առաջարկվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի մեկնարկը պայմանավորել դատապարտյալի կողմից պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը կրելու հետ, որպիսի պայմաններում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տասնօրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ տեղեկանքը, ինչի մասին կայացնում է որոշում:
Անդրադառնալով դիմումի առկայության դեպքում նշյալ ինստիտուտների իրացման միջազգային փորձին, հարկ է նկատել, որ քննարկվող հարցի առնչությամբ միասնական մոտեցումը բացակայում է: Կան երկրներ, որոնք պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննվում է դատապարտյալի դիմումի հիման վրա (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա), եւ կան երկրներ, որոնցում քննվում է մեխանիկորեն (Իսպանիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Խորվաթիա):
Օրինակ՝ Ֆրանսիայում դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի պատիժների կատարման գծով դատավորին կամ դատարան:
Գերմանիայում նույնպես դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի տարածքային դատարաններում պատիժների կատարման հարցերով քրեական պալատ։
Իսպանիայում պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննությունը պետք է սկսվի մեխանիկորեն, հակառակ դեպքում դատապարտյալը կարող է բողոք ներկայացնել։
Նախագծի որդեգրած մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտները իրենց բնույթով խրախուսական նորմեր են դատապարտյալներին նկատմամբ, ուստի, անհրաժեշտ է ապահովել օրենսդրական կառուցակարգ առ այն, որ քննարկվող խրախուսական նորմերի կիրառման հնարավորությունը քննվի մեխանիկորեն:
Անհրաժեշտ է ընդգծել, որ անկախ հանձնաժողովի կողմից խնդրո առարկա հարցի քննարկման գործընթացից «ենթահանձնաժողովների ինստիտուտը» հանվել է, որպիսի պայմաններում անկախ հանձնաժողովն իր ողջ կազմով քննում է դատապարտյալի գործը դատապարտյալի մասնակցությամբ, ով էլ իր հերթին ձեռք է բերում մի շարք իրավունքներ: Անկախ հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո որոշման պատճենը, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին եւ ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին եւ պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիրը դատարան ներկայացնելուն հավանություն տալու մասին որոշում կայացնելու դեպքում որոշման ստացման պահից եռօրյա ժամկետում պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը միջնորդագիր է ներկայացնում դատարան:
2. Հստակ եւ իրական չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում:
Այսպես, արտասահմանյան երկրների փորձի եւ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները բաժանվում են երկու խմբի.
Առաջին խմբի շրջանակներում նախագծում առանձնացված են հետեւյալ չափանիշները`
Դատապարտյալի պատշաճ վարքագծի պահանջը բխում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի` խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07 եւ ՎԲ-213/07 որոշումներում արտահայտած է իրավական դիրքորոշում առ այն, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետեւությունը պետք է հիմնված լինի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Դատարանը գտնում է, որ դատապարտյալը պետք է վարքով ապացուցի իր ուղղված լինելը, հետեւաբար` ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունենալը:
Ըստ այդմ` դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները.
1) խրախուսանքի առկայությունը.
2) կարգապահական տույժի առկայությունը.
3) պատժի կրման ընթացքում մարզական կամ կրթական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցությունը.
4) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
Պատճառված վնասը հատուցված լինելու կամ այդպիսի վնասի հետագա հատուցման պատրաստակամության պահանջը բխում է պատժի նպատակներից առաջինի` սոցիալական արդարության վերականգման մասին, քանի որ վնասի հատուցումը սոցիալական արդարության վերականգնման դրսեւորումներից մեկն է:
Ինչ վերաբերում է դատապարտյալի կողմից աշխատելու պահանջին, ապա գտնում ենք, որ դատապարտյալի աշխատանքը մեկն է այն կարեւոր գործոններից, որը կարող է վկայել նրա` հանցավոր վարքագծից հետ կանգնելու մասին:
Երկրորդ խմբի շրջանակներում նախագծում առանձնացված է հետեւյալ չափանիշը`
Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը գնահատելիս հաշվի են առնվում հետեւյալ չափորոշիչները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը եւ հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) իր վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
6) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
7) մասնակցությունը մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
8) ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
9) սոցիալական միջավայրը.
10) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը եւ հարկադիր բուժման արդյունքը.
11) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:
Վերոթվարկյալ հանգամանքների հիմքում դրվել են ստատիկ եւ դինամիկ այնպիսի գործոններ, որոնք կարող են օգնել դատապարտյալի ռիսկերի եւ քրեածին պահանջմունքների գնահատման առումով:
Ստատիկ գործոններն այն գործոններն են, որոնք չեն փոփոխվում: Դրանք են` տարիքը հանցագործություն կատարելիս, նախկինում կատարած հանցագործության փաստը, հանցագործությունների տեսակները, անձի սեռը եւ ծագումը (ազգային պատկանելիությունը), ընտանեկան կարգավիճակը եւ այլն: Այս` անցյալին վերաբերող գործոնները, որպես կանոն, գնահատվում են ներկա իրավիճակի համատեքստում, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել հետագա զարգացումները (նոր հանցագործություն կատարելու ռիսկը):
Դինամիկ գործոններն այն գործոններն են, որոնց վրա ազդելով հնարավոր է նվազեցնել, չեզեքացնել նոր հանցագործությունների ռիսկը: Դրանք են` զբաղվածությունը, ընտանեկան հարաբերությունները, կախվածությունները, դիրքորոշումը քրեական ենթամշակույթի հանդեպ, արժեհամակարգը, շրջապատը (միջավայրը) եւ անձնային հատկանիշները (հոգեհուզական վիճակը):
Նշված գործոններից նախագծում առանձնացվել են այն հիմնականները, որոնք դատարանը կամ անկախ հանձնաժողովը պարտավոր է հաշվի առնել:
Ուշագրավ է, որ դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ նշանակված պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը անկախ հանձնաժողովին ներկայացնելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պետք է ներկայացնի նաեւ համապատասխան տեղեկանք. պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ տեղեկանքի հիմքում ընկած` դատապարտյալի ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման մեթոդաբանությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
3. Դատապարտյալին տրվել են մի շարք իրավունքներ, որոնք ուղղված են իրեն վերաբերող որոշման կայացմանը ներկա գտնվելուն եւ իր «պաշտպանությունն» իրականացնելուն:
Մասնավորապես` ըստ նախագծի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.
1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ստանալ պատշաճ ծանուցում.
2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցել անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.
3) հայերեն լեզվին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվել թարգմանչի ծառայություններից.
4) ծանոթանալ իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին եւ անվճար ստանալ դրանց պատճենները.
5) ներկայացնել բացատրություններ եւ փաստաթղթեր, հանդես գալ հայտարարություններով.
6) հայտնել իր կարծիքը` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:
Վերոգրյալ իրավունքների համալիր վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ դատապարտյալը կարող է իրացնել իր իրավունքները` ապահովելով մրցակցություն նաեւ անկախ հանձնաժողովում:
Սույն համատեքստում անդրադարձ կատարելով միջազգային ստանդարտներին՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պատպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի ներկայացրած դիրքորոշումները:
Մասնավորապես՝ Հուսսեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (տե՛ս Abed Hussain v. the United Kingdom, գանգատ թիվ 21928/93, 1996 թվականի փետրվարի 21-ի վճիռ) գործով Եվրոպական Դատարանը նշել է`
«59. Այնպիսի սկզբունքային նշանակություն ունեցող գործերով, որպիսինն են ազատությունից զրկելու հետ կապված գործերով, եւ երբ ծագում են հարցեր, կապված, օրինակ, դիմողի բնավորության եւ հոգեվիճակի գնահատման հետ, արդար դատավարության ապահովման համար կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի դիմողը ներկա լինի դատավարությանը:
60. Դիմողի իրավիճակի պես իրավիճակներում, երբ քննարկվում է ազատազրկման զգալի ժամկետի հետ կապված հարց, եւ որտեղ նրա բնավորությանը բնորոշ գծերը եւ հասունության աստիճանը կարեւոր դեր են խաղում որոշելու, թե վտանգավոր է արդյոք նա հանրության համար, 5-րդ հոդվածի 4-րդ կետը պահանջում է բանավոր լսումներ մրցակցային դատավարության ենթատեքստում, որն ենթադրում է դիմողի շահերի օրինական ներկայացուցչություն ու վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու հնարավորություն»:
Մեկ այլ՝ Ամուրն ընդդեմ Ֆրանսիայի (տե՛ս Amuur v. France, գանգատ թիվ 19776/92, 1996 թվականի hունիսի 25-ի վճիռ) գործով Եվրոպական Դատարանը նշել է`
«50. Պնդելով, որ ցանկացած ազատազրկում պետք է տեղի ունենա օրենքով սահմանված կարգով, Կոնվենցիայի 5 (1) հոդվածը նախեւառաջ պահանջում է, որպեսզի ցանկացած կալանավորում կամ ձերբակալում ունենա իրավական հիմնավորում ներպետական օրենսդրության մեջ: Սակայն այս բառերը ոչ միայն հղում են պարունակում ներպետական օրենսդրությանը, ինչպես «օրենքին համապատասխան» եւ «օրենքով նախատեսված» արտահայտությունները, որոնք առկա են 8-11 հոդվածների երկրորդ կետում: Այս բառերը նաեւ վերաբերում են օրենքի որակին, պահանջելով, որպեսզի այն համապատասխանի օրենքի գերակայության սկզբունքին, որը բնորոշ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին: Որպեսզի հավաստիանալ, համապատասխանում է արդյոք ազատազրկումը ազգային օրենսդրության հետ համատեղելիության սկզբունքին, դատարանը պետք է ոչ միայն գնահատի քննարկվող ոլորտի ազգային օրենսդրությունը, այն եւ` գնահատի այլ իրավական ակտերի որակը, որոնք կիրառվել են քննարկվող անձանց հանդեպ: Այս իմաստով որակը ենթադրում է, որ եթե ազգային օրենքը պահանջում է ազատազրկում, հատկապես քաղաքական ապաստան խնդրող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, ապա այն պետք է բավարար չափով մատչելի եւ ճշգրիտ լինի` կամայականության վտանգից խուսափելու համար»:
Հետեւաբար, պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցի քննությունը պետք է՝
Միաժամանակ հարկ է նշել, որ, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի ամրագրումը, Նախագծով առաջարկվում է չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը, որը լրացումներ էր նախատեսում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում: Նախագծով առաջարկվում է նշյալ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջների կատարումը հնարավոր չի լինի իրականացնել: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ քննարկվող օրենքը դեռեւս չի կիրառվել` Նախագծով առաջարկվում չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը եւ վերջինիս կարգավորումները ներառել օրենսդրական սույն փաթեթում:
5. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է առ այն, որ անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների եւ հասարակության այլ ներկայացուցիչներ, որոնք, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրի համաձայն, թվով 8-ն են:
Այս առումով Նախագծում հստակեցվել եւ սպառիչ կերպով թվարկվել են այն մարմինները, որոնց ներկայացուցիչները կարող են ընդգրկվել են անկախ հանձնաժողովի կազմում: Այսպես, Անկախ հանձնաժողվի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից,
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից,
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից,
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից,
5) Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից,
6) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից եւ
7) հասարակական կազմակերպությունից (հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծերով առաջարկվում է անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկել թվով 7 ներկայացուցիչներ:
Անհրաժեշտ է փաստել, որ քննարկվող հարցի շուրջ միջազգային փորձում (խոսքը վերաբերում է այն պետություններին, որտեղ, բացի դատական կարգից, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել նաեւ հանձնաժողովային կարգով) ներդաշնակություն չի տիրում:
Այսպես, Խորվաթիայում պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում կայացնում է հանձնաժողովը, որը բաղկացած է 4 (5) անդամից: Հանձնաժողովի անդամներին նշանակում է արդարադատության նախարարը: Անդամներից մեկը քրեակատարողական վարչության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ է, մյուսը` պետական փաստաբանների գրասենյակի ներկայացուցիչ, երկու դատավոր եւ մեկ ոչ մշտական հիմունքներով պատիժը նշանակող դատավոր, ում ենթակա են տվյալ պատժի կրման վայրի գործերը: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
Կանադայում պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումների կայացման բացառիկ իրավունքը պատկանում է պայմանական վաղաժամկետ ազատման ազգային հանձնաժողովին: Այս հանձնաժողովը բաղկացած է ոչ ավելի, քան 45 լրիվ դրույքով եւ մի քանի կես դրույքով աշխատող անդամներից, որոնց նախարարի առաջարկությամբ նշանակում է Կանադայի գլխավոր նահանգապետը` համապատասխանաբար 10 եւ 3 տարի ժամկետով: Անդամները պետք է ունենան կրթություն տարբեր ոլորտներում` իրավաբանություն, քրեաբանություն, սոցիալական աշխատանք, հոգեբանություն եւ այլն:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովները բաղկացած են նախկին բանտային ծառայողներից կամ այլ հաստատություններում (հաճախ բանտերում) ծառայող անձանցից: Հանձնաժողովները, որպես կանոն, գտնվում են պետական գործադիր մարմնում, ընդ որում` անդամներին նշանակում է նահանգապետը:
Մեծ Բրիտանիայում 2005 թվականին ուժի մեջ մտած Քրեական արդարադատության ակտի ուժով որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատումը դարձավ պարտադիր` պատժի համապատասխան մասը կրելուց հետո: Այս դեպքում համապատասխան պայմաններ է նշանակում բանտի վարչակազմը: Առանձին հանցագործությունների դեպքում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշումները կայացնում է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը: 2016 թվականի դրությամբ հանձնաժողովի կազմում ընդգրկված է 206 անդամ` դատավորներ, հոգեբաններ, քրեաբաններ, պրոբացիայի ծառայողներ, հաշտարարներ, փաստաբաններ, գիտնականներ եւ այլ անկախ անձինք: Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնում է բազմազան ընթացակարգերով` որոշ դեպքերում` միայն գրավոր կերպ, որոշ դեպքերում` բանավոր, 1 կամ 3 անդամներով:
Հաշվի առնելով միջազգային վերոբերյալ փորձը եւ զուգադրելով այն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրով հաստատված՝ անկախ հանձնաժողովների անհատական կազմերի հետ՝ Նախագծերում փորձ է կատարվել առանձնացնել այն մարմինները, որոնք կարող են օժանդակել եւ նպաստել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցում օբյեկտիվ եւ անաչառ որոշումների կայացմանը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների եւ հրամանագրի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կանոնակարգել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգը, մասնավորապես` կհստակեցվեն պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաեւ դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը եւ իրականացնելու համապատասխան պաշտպանություն:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաեւ սահմանվում են հստակ չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է`
1. սահմանել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովների գործառույթների հստակ տարանջատման մեխանիզմ, ինչպես նաեւ պարզեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կառուցվածքը,
2. սահմանել հստակ եւ իրական չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման ընթացքում,
3. դատապարտյալին տալ մի շարք իրավունքներ, որոնք ուղղված են իրեն վերաբերող որոշման կայացմանը ներկա գտնվելուն եւ իր պաշտպանությունն իրականացնելուն,
4. նախատեսել անկախ հանձնաժողովների կողմից կայացված որոշումների դատական կարգով բողոքարկելու հնարավորություն:
Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նշված նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: