Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ռեադմիսիայի հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքումը դիտվում է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը: Երկու պետությունների միջեւ նման համաձայնագրի կնքումն առավել եւս կարեւոր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը եւ Վրաստանը սահմանակից պետություններ են:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը.
1. հնարավորություն կտա համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում.
2. իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով Կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձեւը, ժամկետները եւ այլ հարցեր.
3. կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի վավերացումը գտնում է նպատակահարմար:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագրի վավերացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն» բաժնի «Հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպում՝ այդ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:Հետընդունման (ռեադմիսոն) համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնում եւ ոլորտում թվային լուծումների կիրառում» 15-րդ կետի նպատակից:
ՀՀ ներքին գործերի
նախարարի տեղակալ՝ Արմեն Ղազարյան
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով կարեւորվում է Վրաստանի հետ առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար եւ զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումը:
2024թ. հունվարի 26-ին ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ ստորագրված «Ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագրում կողմերը ընդգծում են փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա երկու պետությունների իրավահավասար եւ փոխշահավետ համակողմանի համագործակցության զարգացման երկուստեք ցանկությունը:
Այս առումով, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով Վրաստանի վերաբերյալ դրույթներին, «Ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագրով ստանձնած պարտավորություններին, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտաքին քաղաքականության տեսանկյունից նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ:
Համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե տարանցումն իրականացվում է օդային ճանապարհով, ապա հետընդունման ենթակա անձը եւ նրա հնարավոր ուղեկցողներն ազատվում են օդանավակայանով տարանցման վիզա ձեռք բերելու պահանջից, ինչը հակասում է «Օտարերկրացիների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող «ՀՀ միջազգային պայմանագիր» եզրույթը վերաբերելի է Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական ընթացակարգերն անցած եւ ուժի մեջ մտած պայմանագրերին եւ չի ներառում նախագծային փուլում գտնվող փաստաթղթերը, ուստի, քանի դեռ սույն համաձայնագիրը ուժի մեջ չի մտել, առկա է լինելու հակասություն Համաձայնագրի եւ ՀՀ օրենսդրության միջեւ:
Համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանվում է այն փաստաթղթերի ընդհանուր ցանկը, որոնց ներկայացումը համարվում է քաղաքացիության մասով ապացույց.
- ցանկացած տեսակի անձնագիր ( ),
- պետության կողմից տրված նույնականացման քարտեր (...),
- նույնականացման քարտեր եւ այլ պաշտոնական փաստաթղթեր, որոնք պարունակում են անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն կամ հստակ նշում են քաղաքացիությունը:
Վերոնշյալ դրույթը հակասում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը եւ անձնագիրը, իսկ մինչեւ 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը եւ ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:
Միաժամանակ Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի իրավասու մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման (մասնավորապես՝ Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ եւ 19-րդ հոդվածները):
Միաժամանակ Համաձայնագրում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության
11.09.2025թ. թիվ 41/9/244242-25 գրության
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի նախագծում «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Դ. Խուդաթյան
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու համար պատասխանատու մարմին է՝
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում