Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունում «մարմնի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնի,» բառերը, իսկ «եւ ոստիկանության» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «իրավասու մարմնի եզրակացություն» բառերը փոխարինել «տեղեկատվություն» բառով.
2) լրացնել 2.1-ին եւ 2.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Անձի՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված առողջական վիճակի մասին տեղեկատվությունն իրավասու մարմնի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվելուց հետո համակարգը, ինքնաշխատ եղանակով հարցում կատարելով, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրից պարզում է անձի վարելու իրավունք ունենալու մասին տեղեկատվությունը:
2.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում անձի վարելու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարում է, եթե էլեկտրոնային առողջապահության համակարգի հարցման արդյունքում հաստատվում է, որ հարցվող անձը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում ունի վարելու իրավունքի գործող կարգավիճակ: Սույն մասով նախատեսված՝ անձի վարելու իրավունքը դադարելու վերաբերյալ տվյալ անձը տեղեկացվում է համապատասխան տեղեկատվությունը տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակի իր անձնական էջում արտացոլելու եղանակով, իսկ առկայության դեպքում՝ նաեւ իր կողմից ոստիկանությանը տրամադրած էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ստանալու միջոցով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ կառավարությունը սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ՝ ազգային եւ միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը: Իսկ նույն մասի «ժէ» կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն եւ թիվ 383-Ն որոշումներով:
Օրենքի 28-րդ հոդվածի 1.8-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով եւ վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ներքին գործերի լիազոր մարմնին (այսուհետ՝ ՆԳՆ) եւ ոստիկանությանը:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձի վարելու իրավունքը դադարում է, եթե առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ եւ (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն:
Օրենքի՝ վերը վկայակոչված 28-րդ հոդվածի 1.8-րդ մասի եւ 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համադրումն ակնհայտ է դարձնում, որ առաջինի դեպքում խոսքը վերաբերում է բացառապես այն վիճակին, երբ անձի թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված լինելու մասին տվյալները ՆԳՆ-ին հասանելի են դարձվում միայն վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին՝ էլեկտրոնային եղանակով, եւ այն բոլորովին չի վերաբերում Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նկարագրված դեպքին: Այսինքն՝ օրենսդիրը չի նախատեսել այն եղանակը, որի միջոցով ՆԳՆ-ն տեղեկանում է անձի թմրաբանական կամ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու խոչընդոտի (տեղեկատվության) վերաբերյալ:
Մինչեւ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 383-Ն որոշման ուժի մեջ մտնելը (2021 թվականի հունվարի 1-ը) ՀՀ կառավարության գործող՝ 2012 թվականի թիվ 1327-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 16-ին թմրաբանական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տրամադրում էին տեղեկատվություն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:
Նշված կարգավորման արդյունքում, թեեւ բաց էր մնում անձի հոգեկան վիճակի մասին տեղեկատվության տրամադրման հիմքը, սակայն լուծվում էր անձի թմրաբանական հաշվառման մասին տեղկատվության հարցը եւ հնարավոր էր լինում այդ հիմքով Օրենքի 29-րդ հոդվածի միջոցով իրավունքի ուժով դադարեցնել անձի վարելու իրավունքը:
Ներկայիս իրավակարգավորումները, առողջապահական մարմնից անձի թմրաբանական եւ հոգեկան հիվանդության առկայության մասին հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու հետ կապված, որեւէ ընթացակարգ չեն նախատեսում, ինչի արդյունքում ՆԳՆ-ն զրկվում է այդ հիմքով անձի վարելու իրավունքը դադարեցնելու հնարավորությունից, քանի որ անձի թմրաբանական եւ հոգեբանական հիվանդության առկայության մասին տեղեկատվությունը բավարար չէ եւ պետք է ներկայացվի նաեւ համապատասխան առողջական վիճակի առկայության մասին իրավասու մարմնի եզրակացությունը, ինչը հիմնականում չի ներկայացվում ՆԳՆ-ին անձի թմրաբանական եւ հոգեկան հիվանդության առկայության մասին տեղեկատվություն տվողի կողմից (որպես կանոն՝ նախաքննության մարմնիններ, զինկոմիսարիատներ, ՊՎԾ եւ այլն):
Խնդրի մեկ այլ կողմն է նաեւ այն, որ Օրենքի 29-րդ հոդվածը ենթադրում է դրանում նշված հիմքերի առակայության դեպքում անձի վարելու իրավունքի դադարեցումը իրավունքի ուժով, այսինքն՝ առանց վարչական վարույթ իրականացնելու եւ վարելու իրավունքը դադարեցնելու մասին վարչական ակտ ընդունելու:
Այսպես, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ենթադրում է դրանում նշված հետեւանքի վրա հասնելը նույն հոդվածով սահմանված պահանջի առկայության դեպքում՝ բացառելով վարելու իրավունքը դադարեցնելու համար վարչական վարույթի իրկանացումը:
Վերը բերված հիմնավորման մասին համանման տեսակետ են հայտնել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2012 թվականի թիվ ՍԴՈ-1056 եւ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 2017 թվականի թիվ ՎԴ3/0196/05/16 որոշումներով:
Ավելին, եթե ՆԳՆ լիազոր ստորաբաժանումը (ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչությունը) որեւէ անձի թմրաբանական եւ հոգեկան հիվանդության հետ կապված եզրակացության առկայության մասին հարցը պարզելու համար ձեռնարկի որեւէ միջոց (օրինակ` կատարի հարցում առողջապահական որեւէ մարմնի), դա կլինի ոչ իրավաչափ եւ ենթակա մերժման, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցվող վարչական մարմինն իրավունք չունի տրամադրելու փոխօգնությունը, եթե հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է փոխօգնության կարգով ձեռնարկվելիք միջոցների ոչ իրավաչափ լինելը:
Սույն դեպքում անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ հանդիսանում է բժշկական գաղտնիք, իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանց պացենտի համաձայնության ենթակա չէ տրամադրման ՆԳՆ լիազոր ստորաբաժանմանը:
Վերոգրյալի համատեքստում, մեր գնահատմամբ, առկա է իրավական բաց, որի լուծման համար անհրաժեշտություն է առաջացել Օրենքով նախատեսել կարգավորում, որը հնարավորություն կտա բացառել տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում ունեցող առողջական վիճակով տրանսպորտային միջոցներ վարելու այն դեպքերը, երբ անձի մոտ այդ առողջական վիճակն ի հայտ է եկել վարելու իրավունքը ստանալուց հետո:
Գործող օրենքով, մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացումը վերապահված է համապատասխան պետական մարմինների (տվյալ դեպքում՝ ոստիկանության) իրավասու ստորաբաժանումներին: Մինչդեռ, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի համաձայն՝ ստեղծվել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, իսկ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-458-Ն օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը դարձել է ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել՝ ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ՝ ՆԳՆ ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացնել ՆԳՆ իրավասու ստորաբաժանման կողմից:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի «Ոստիկանության բարեփոխումներ» 5.4-րդ գլխի յոթերորդ պարբերությունից. «Ժողովրդավարական պետությանն ու հասարակարգին բնորոշ է ոստիկանության ոլորտի միասնական քաղաքականություն մշակող եւ իրականացնող, պատասխանատու գործադիր իշխանության մարմնի առկայությունը: Ըստ հաստատված ռազմավարության՝ նախատեսվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը թույլ կտա նաեւ ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաեւ կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:»:
Բացի այդ, նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Ներքին գործերի նախարարություն» բաժնի «Ոստիկանություն» գլխի 1-ին կետից՝ «Ներքին գործերի նախարարության ձեւավորում՝ Ոստիկանության եւ Միգրացիոն ծառայության հիմքով»:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Օրենքի նախագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը: Միաժամանակ, նախատեսվում է վարելու իրավունքի դադարեցման վերաբերյալ տվյալ անձի տեղեկանալու մասին կարգավորում: Բացի այդ, առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացնել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը եւ անձի՝ վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն ինքնաշխատ կերպով դադարեցնելու միջոցով նպաստել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ, ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանման միջոցով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում