Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը
1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝
1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.
2) բռնություն եւ դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը.
3) ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը.
4) պոռնկագրություն տարածելը.
5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:
6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
3. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:
4) Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
5) Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը:
6) Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 4-րդ մասով նախատեսված տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
7) Պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին արգելվում է Հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների եւ գովազդի հեռարձակումը:
8) Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:
9) Արգելվում է Հեռարձակողի, ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:»:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ Հեռարձակողի կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 1.1-ին, 6-րդ եւ 7-րդ մասերով,
«1.1 Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո:
Կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելու եւ դադարեցնելու գործընթացի կարգավորումն իրականացվում է սույն Օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան:»:
«6. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը:»:
«7. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե առերեւույթ խախտման օրվանից անցել է 30 օր:»:
Հոդված 4. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 6-րդ 7-րդ մասերով,
«6. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե առերեւույթ խախտման օրվանից անցել է 30 օր:»:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տեսագրությունները եւ ձայնագրությունները չներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջը խախտելու դեպքում, Կարգավորող պետական մարմինն իրավասու է օրենքով սահմանված կարգով ընդունել որոշում՝ տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանուցման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 57. Տուգանքը
1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւող իրավախախտման դեպքում՝ այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Հեռարձակողների եւ օպերատորի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում՝ օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
4. Հեռարձակողների անվանումները էկրանային ցուցադրման ժամանակ միայն օտար լեզուներով՝ առանց հայերեն անընդհատ տառադարձության օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումներն ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
6. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության մեկ տեսալսողական ծրագրի վերահաղորդում իրականացնելն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
7. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության երկուսից հինգ տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
8 Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության վեցից տաս տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով»:
9 Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության տասից ավելի տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
10. Օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի կատարած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումները կատարող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: Ընդ որում, եթե համապատասխան չափումներ կատարող անձը չի ներկայացնում իրենից պահանջվող՝ 14.5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութեր, կամ դրանք ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետից ուշ կամ վերջինիս սահմանած ձեւաչափից տարբերվող ձեւով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում Օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին):
11. Օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելը (այդ թվում՝ երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որեւէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ կատարող անձանց, ինչպես նաեւ այլ անձանց համար, որոնք չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում են երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ընդ որում, սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները:
12. Օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելը (այդ թվում՝ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ ամբողջական տրամադրելը) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
13. Օրենքի 14.5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում կատարելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
14. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ դրա մասին չհիշեցնելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
15. Հեռարձակողների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
16. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
17. Հեռարձակողի կողմից ամեն օր եթերում իր ելքային տվյալները չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
18. Հեռարձակողի կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը (բացառությամբ գովազդ հաղորդելու դեպքերի)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
19. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
20. Կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում ցանցային օպերատորի կողմից սույն Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջի առերեւույթ խախտմամբ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը չդադարեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
21. Հեռարձակողի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-ից 5-րդ կետերի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
22. Արբանյակային հեռարձակման մասին կարգավորող պետական մարմին ծանուցում չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
23. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
24. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
25. Հեռարձակողի կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
26. Հեռարձակողի կողմից հեռարձակված հաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները սույն օրենքով սահմանված ժամկետով չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
27. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
28. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
29. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
30. Արգելված հովանավորություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
31. Պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին գովազդ եւ զվարճալի հաղորդումներ հեռարձակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
32. Լիցենզիա ստացած Հեռարձակողի կողմից տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային եւ մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահանջը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
33. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման մեկնարկին տեսանելի չափով, հինգ վայրկյան տեւողությամբ «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառման ուղեկցման պահանջը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
34. Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
35. Առանց սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
36. Հեռարձակողի, ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
37. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
38. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքի եւ չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
39. Հեռարձակողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների եւ միջոցառումների ընդհանրական նկարագրին համապատասխան չգործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
40. Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
41. Սույն հոդվածի 2-40-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված տույժի եռապատիկի չափով:»
Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի
1) 1-ին կետում «31-րդ» թիվը փոխարինել «41-րդ» թվով:
2) 2-րդ կետում «31-րդ» թիվը փոխարինել «41-րդ» թվով
3) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«7) խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:»:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել սույն Օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասը:
Հոդված 8. Օրենքը լրացնել, հետեւյալ բովանդակությամբ՝ 58.1-ին հոդվածով.
«Հոդված 58.1. «Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցումը ու դադարեցումը
1. Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝ առավելագույնը 30 օր ժամկետով, եթե՝
1) Ցանցային օպերատորը սույն օրենքի 57-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի.
2) Ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը կամ արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար.
3) Ցանցային օպերատորի կողմից առանց որեւէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել.
4) Ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը.
2. Լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
3. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) իրավաբանական անձը լուծարվել է կամ ֆիզիկական անձի գործունեությունը դադարեցվել.
2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
3) լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն է հայտնաբերվել.
4) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չի վերացվել.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը.
6) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում ցանցային օպերատորն իրականացրել է տեսալսողական հաղորդումների վերահաղորդում.
7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր:
Հոդված 9. Օրենքի 60-րդ հոդվածի 24-րդ մասում «6.1-6.4-րդ» թվերը փոխարինել «10-13-րդ» թվերով:
Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Կարգավորող պետական մարմնի կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 4-րդ մասով նախատեսված տեսալսողական հաղորդումների տարածման ընթացքում չարաշահման արգելքների չափորոշիչները եւ սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
3. Կարգավորող պետական մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորներն ու ցանցային օպերատորները իրականացնում են անհրաժեշտ գործողություններ՝ իրենց գործունեությունը տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ չորս ամսվա ընթացքում կարգավորող պետական մարմինը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում վերահաղորդվող բոլոր տեսալսողական ծրագրերի համապատասխանության ստուգման գործընթաց: Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն անհամապատասխանության մասին կարգավորող պետական մարմնի կողմից որոշում չկայացնելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է տրամադրված:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին: Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաեւ նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն եւ կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով:
Երբ օրենսդիրը ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որեւէ պարտականություն է սահմանում, սահմանափակում կամ արգելում այս կամ այն գործողությունը, ապա դա պետք է լինեն հնարավորինս հստակ, որոշակի եւ միանշանակ ընկալելի՝ բացառելու իրավանորմերի տարընթերցման հնարավորությունը: Օրենքով սահմանվող պարտականությունները, սահմանափակումներն ու արգելքները պետք է ունենան այնպիսի ձեւակերպում, որ տեսալսողական մեդիայի ոլորտում գործող սուբյեկտը կարողանա հստակ ու կանխատեսելի ձեւով նույնացնել իր վարքն ու գործողությունները՝ գործող օրենքով սահմանված իրավաչափության շրջանակներում եւ կանխել իրավախախտման ռիսկերը:
Օրենքում առկա այս տեսակ անորոշություններից մեկն այն է, որ առկա կարգավորումները, որոնք արգելում են տեսալսողական հաղորդումների ընթացքում բովանդակության չարաշահման արգելքները՝ պատշաճ հստակությամբ չեն սահմանում, թե կոնկրետ որ տեսակի բովանդակությունն է որակվում որպես իրավախախտում՝ ինչը դժվարացնում է թե՛ տեսալսողական մեդիա արտադրանք մատուցող անձանց իրավաչափ վարքի ձեւավորումը, եւ թե՛ կարգավորող պետական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացումը:
Նման անորոշությունների առկայությունը հանգեցնում է նաեւ այն իրողությանը, որ կարգավորող մարմնի կողմից ընդունված որոշումները հաճախ վիճարկվում են դատարաններում՝ առաջացնելով իրավական անորոշություն եւ խաթարելով մեդիա ոլորտի կայուն կարգավորման մեխանիզմները: Պետության կողմից սահմանվող պարտականությունները պետք է ոչ միայն հնարավոր լինի կատարել, այլեւ արդյունավետ կերպով վերահսկել՝ իրավախախտումների պատշաճ արձանագրման, դրանց իրավական որակման եւ համարժեք պատասխանատվության միջոցների կիրառման միջոցով:
Այսպես, տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությունը կարգավորող պետական մարմնին չի վերապահում այն անհրաժեշտ գործիքակազմը՝ ատելության խոսքի, «թշնամանքի լեզվի», խտրականության եւ քաղաքացու վարմունքի վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար: Այսօր նաեւ կարգավորումից գրեթե դուրս են մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող տեսալսողական տեղեկատվական հոսքերը: Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում է «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի կարգավորումը՝ տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքի վերաբերող դրույթներում որոշակիություն մտցնելու նպատակով: Այս ձեւակերպմամբ նախատեսվում է նաեւ, որ կարգավորող մարմնի համար ստեղծվում է հստակ իրավական հիմք՝ օրինախախտումների ճանաչման եւ գնահատման գործընթացում, իսկ հեռարձակող եւ ցանցային օպերատորի եւ տեսալսողական ծրագրերի դիտրիբյուտորի համար ապահովվում է իրավական որոշակիություն՝ թույլատրելի եւ արգելված բովանդակության սահմանների վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ մասնավորապես եվրոպական երկրների օրենսդրությունները, որոնք սահմանափակում կամ արգելում են բռնություն, ատելության խոսք, խտրականություն եւ այլ ապակառուցողական բովանդակության տարածումը, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում եւս ամրագրել այնպիսի դրույթներ, որոնք կպահանջեն պատասխանատվություն կրել իրենց վերահաղորդած բովանդակության իրավաչափության համար:
Նախագծի 2-րդ հոդվածով օրենքում փոփոխվող 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուղիղ եթերի ժամանակ նույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է: Սույն բացառության նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պոռնկագրությունը դիտարկվում է որպես հասարակական բարոյականության եւ անձնական արժանապատվության, հատկապես երեխաների եւ անչափահասների պաշտպանության առումով առանձնահատուկ սպառնալիք, ինչը հիմք է տալիս դրա նկատմամբ ավելի խիստ եւ անզիջում մոտեցման: Պոռնկագրության տարածումը, հատկապես անչափահասների համար, անմիջական եւ անդառնալի հոգեբանական-բարոյական վնաս կարող է հասցնել, որը չի կարող չեզոքացվել ուղիղ եթերի ժամանակ՝ հետագա զգուշացումով: Ի տարբերություն խոսքային կոչերի, որոնք կարելի է անմիջապես հակադրել կամ հերքել, պոռնոգրաֆիկ պատկերը անմիջական վնաս է պատճառում, որը հնարավոր չէ «ուղղել» զգուշացումով: Օրենսդիրն արդեն ճանաչել է պոռնոգրաֆիայի հատուկ վտանգավորությունը ՔՕ Հոդված 300-ով, եւ Նախագծի այս նորմով ապահովվում է այդ պաշտպանության նաեւ տեսալսողական հեռարձակումների ոլորտում»:
Հաջորդ կարեւոր նպատակներից մեկն էլ այն է, որ հնարավորինս նվազեցվեն Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն, ի թիվս այլնի, բխում է նաեւ նրանից, որ տեսալսողական մեդիա բնագավառը, տիրույթը «պաշտպանված չէ» օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից:
Մասնավորապես, հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող եւ կաբելային ցանցերով վերահաղորդվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում են մեր հանրային եւ պետական շահերի հետ չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար Հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված կարգավորման գործիքակազմ չունի: Տեսալսողական մեդիա բնագավառը օտարերկրյա տեսալսողական ծրագրերից «պաշտպանելու» անհրաժեշտությունը ինքնին կապված է ազգային անվտանգության, հասարակական համերաշխության ապահովման, ընտրական գործընթացների նկատմամբ ենթադրյալ միջամտություններից պաշտպանության հետ:
Առաջարկվում է սույն փոփոխությունների եւ լրացումների ուժի մեջ մտնելուց հետո, կարգավորող պետական մարմնի՝ Հանձնաժողովի համար սահմանել ողջամիտ անցումային ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն իսկ վերահաղորդվող բոլոր տեսալսողական ծրագրերի օրենսդրությանը համապատասխանության ստուգում: Յուրաքանչյուր դեպքում, երբ Հանձնաժողովը արձանագրի օրենսդրական պահանջներին չհամապատասխանող բովանդակություն, այն պետք է ամրագրվի որոշմամբ: Մինչդեռ նման որոշման բացակայությունը կընդունվի, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Բացի այդ, պետք է նախատեսել Հանձնաժողովի իրավասությունը՝ կրկին վերանայել համապատասխանության հարցը այն դեպքերում, երբ կան ռիսկեր՝ կապված վերահաղորդվող ծրագրի բովանդակության փոփոխության հետ: Այսպիսիք են՝ ծրագրի սեփականատիրոջ փոփոխությունը, ծրագրային քաղաքականության փոփոխությունը, միջազգային գործընկերների ներգրավմամբ քաղաքական բովանդակության ուղղության շեղումը եւ այլն:
Այս կարգավորումը միտված է ապահովելու պետության տեղեկատվական տարածքի պաշտպանվածությունը, հանրային շահերի եւ արժեհամակարգի պահպանությունը՝ միաժամանակ սահմանելով կանխատեսելի եւ իրավաչափ գործընթաց վերահաղորդվող մեդիա արտադրանքի նկատմամբ:
Նախագծով նախատեսվող փոփոխությամբ ապահովվում է նաեւ իրավական այն մեխանիզմի ներդրումը, ըստ որի՝ եթե ցանցային օպերատորը հանդես է գալիս որպես դիստրիբյուտոր եւ անմիջապես օտարերկրյա հեռարձակողի հետ վերահաղորդման գրավոր համաձայնություն է ձեռք բերում՝ առանց միջնորդ դիստրիբյուտորի ներգրավման, ապա տվյալ ցանցային օպերատորի նկատմամբ սկսում են գործել դիստրիբյուտորի նկատմամբ սահմանված իրավական կարգավորումները: Այս կարգավորումը միտված է բացառելու հնարավոր կարգավորող շրջանցումները եւ ապահովելու, որ անկախ այն բանից, թե վերահաղորդման գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել դիստրիբյուտորի, թե ցանցային օպերատորի կողմից՝ համապատասխան մեդիա արտադրանքի վերահաղորդումը ենթակա լինի նույնական իրավական վերահսկողության ու պատշաճ օրինական ընթացակարգերի:
Թեեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածը («Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը») ձեւակերպված է այն կերպ, որ դրա դրույթները տարածվում են նաեւ ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են, այնուամենայնիվ, օրենքում բացակայում են հստակ իրավական հիմքեր, որոնք կարտահայտեն ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման կամ դադարեցման իրավական ընթացակարգը, այդ թվում՝ կիրառման դեպքերը, չափանիշները եւ ընթացակարգային երաշխիքները:
Արդյունքում, գործնականում ստեղծվել է իրավիճակ, երբ կարգավորող պետական մարմինը, նույնիսկ իրավախախտումների ակնհայտ առկայության պայմաններում, զուրկ է օրինական եւ լիարժեք գործիքակազմից՝ ցանցային օպերատորին տրված լիցենզիայի գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար: Սա հակասում է իրավաչափ պետական վերահսկողության եւ օրինականության սկզբունքներին, քանի որ ցանկացած լիցենզավորման համակարգ պետք է ներառի ոչ միայն թույլտվություն տրամադրելու իրավասություն, այլեւ այդ թույլտվությունը կասեցնելու կամ դադարեցնելու իրավաչափ հնարավորություն՝ իրավախախտումների դեպքում:
Ներկա իրավիճակում չի կարող տեղ գտնել այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակներում իրավասու պետական մարմինը տրամադրում է լիցենզիա որեւէ գործունեություն ծավալելու նպատակով, սակայն զրկված է այդ նույն լիցենզիայի նկատմամբ իրավաչափ միջամտություն իրականացնելու հնարավորությունից՝ այն կասեցնելու կամ դադարեցնելու միջոցով՝ օրենքի պահանջների խախտման դեպքերում:
Հետեւաբար, անհրաժեշտ է լրացնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համապատասխան դրույթները՝ հստակ սահմանելով լիցենզիայի կասեցման եւ դադարեցման իրավական հիմքերը, չափանիշները եւ կիրառման մեխանիզմները նաեւ ցանցային օպերատորների նկատմամբ՝ ապահովելով իրավական որոշակիության, կանխատեսելիության եւ գործնական կիրառելիության սկզբունքների լիարժեք իրագործումը:
Անհրաժեշտ է նաեւ վերանայել ներկայումս գործող օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը, որը սահմանում է հետեւյալը.
«Ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:
Սակայն այս կարգավորումը չի տարբերակում խախտման ծավալը՝ ըստ վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի քանակի, ինչի արդյունքում խախտման համար կիրառվող պատասխանատվությունն անհամաչափ է: Արդյունքում, անտեսվում է խախտման վտանգավորության աստիճանը, ինչը հակասում է օրինականության, արդարության եւ համաչափության սկզբունքներին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանցային օպերատորի կողմից առանց գրավոր համաձայնության ձեռք բերման տեսալսողական ծրագրերի վերահաղորդման դեպքում կարող են խախտվել միաժամանակ մի քանի անձանց իրավունքներ, ինչպես նաեւ՝ խախտման հանրային վտանգավորության աստիճանը կարող է էականորեն տարբերվել՝ ելնելով վերահաղորդվող ծրագրերի թվաքանակից, նախատեսվում է պատասխանատվության միջոցների աստիճանական եւ համաչափ սանդղակավորում՝ խախտման ծավալից կախված:
Միաժամանակ, ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել տուգանքների բաժինը եւ 57-րդ հոդվածի բոլոր մասերից «Հասույթ» բառերը հանվել են:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթ
Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1) Խմբագրվել է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի հասկացությունը,
2) Խմբագրվել են Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվող տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները, առավել հստակ սահմանելով տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը:
3) Օրենքի 9-րդ հոդվածում ավելացվել է նոր դրույթ, որի համաձայն՝ արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը:
4) Խմբագրվել է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությանը վերաբերող պահանջները:
5) Խմբագրվել եւ նոր լրացումներ են կատարվել Տուգանքների բաժնում, մասնավորապես, ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտմամբ գործունեության իրականացումները:
6) Առաջարկվում է գործող օրենքն ավելացնել նոր 58.1-րդ հոդվածով, որը վերաբերում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցմանը եւ դադարեցմանը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում՝
1. Իրավական հստակության եւ կանխատեսելիության բարձրացման ապահովվում: Հստակ եւ կիրառելի իրավական նորմերի սահմանմամբ կկանխվի երկիմաստ մեկնաբանությունները եւ կապահովվի ոլորտում գործող սուբյեկտների համար կանխատեսելի իրավական միջավայր,
2. Հավասար մրցակցային պայմանների ապահովում, որի արդյունքում տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունը, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումներն ու անբարենպաստ դիրքում հայտնվելու ռիսկերը,
3. Օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի եւ այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական եւ տեղեկատվական անվտանգությունը:
4. Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանություն իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունը ու վերահսկելիությունը:
5. Կկատարելագործվի տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության եւ կարգավորման մեխանիզմները՝ նպատակ ունենալով բարձրացնել օրենքի կիրառելիությունը եւ գործնական արդյունավետությունը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում