Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1230-26.12.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները՝ այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3.1-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ընդունվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաեւ՝ Հիմնարկ) գործունեությունը դադարեցնելու մասին թիվ 1469-Ն որոշումը, որի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից կդադարեցվի ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաեւ՝ Հիմնարկ) գործունեությունը:

Հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային եւ արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները եւ ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված եւ կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից:

Հիշյալ նպատակի իրականացման համար ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության 100 լրակազմ ունեցող նոր տեղամաս:

Այս համատեքստում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ բուժական քրեակատարողական հիմնարկ, այն է՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Վերոգրյալների հիման վրա՝ նկատի ունենալով, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցվելու է՝ անհրաժեշտություն է առաջացել Հիմնարկին վերաբերելի կարգավորումների մասով փոփոխություններ կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:

Այսպես, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) առաջարկվում է երկարատեւ բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան կարողություններով մասնագիտացված բժշկական ստորաբաժանումը:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով ակնկալվում է ապահովել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը եւ սպասարկումը:

3. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաեւ ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները եւ դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» N 627-Լ հրամանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն