Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.
| «71. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով |
| 72. Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչեւ 2,5 տոննա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն եւ որոշ ուտելի արմատապտուղներ եւ պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի եւ սեխի կեղեւներ եւ կճեպներ) եւ 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար | տարեկան բազային տուրքի չափով |
| 73. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար | տարեկան բազային տուրքի չափով |
| 74. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի փոխարինման համար | տարեկան բազային տուրքի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ կետերով.
| «23) Ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեություն | տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
| «24) Ապրանքի ծագման երկրի որոշման որակավորման քննության մասնակցություն | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքում» լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) անհրաժեշտությունը միտված է Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը եւ կատարելագործմանը, ինչպես նաեւ փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների եւ փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգի սահմանմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման ոլորտում առկա համակարգային խնդիրների հետեւանքներն ունեն ինչպես տնտեսական, այնպես էլ վարչարարական բնույթ: Դրանք բացասաբար են ազդում արտահանման գործընթացների ժամանակային եւ ֆինանսական արդյունավետության վրա, սահմանափակում են տնտեսվարողների մրցունակությունը, նվազեցնում են պետական կառավարման թափանցիկությունը եւ խոչընդոտում են Հայաստանի արտաքին առեւտրային ներուժի լիարժեք իրացմանը:Հետեւաբար անհրաժեշտ է իրականացնել ոլորտի համալիր բարեփոխումներ՝ ուղղված ընթացակարգերի պարզեցմանը, հստակեցմանը եւ իրավական դաշտի կատարելագործմանը:
Ապրանքների արտադրության ոլորտում, մասնավորապես, մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարեւոր նշանակություն ունի ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը, այդ իսկ պատճառով հատկապես կարեւոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի եւ դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար:
Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ ապրանքների՝ տեղական եւ օտարերկրյա, ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն, եւ դրանից ելնելով՝ հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է որոշակի խնդիրներ:
Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման ոլորտի բարելավման անհրաժեշտությունը պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով՝ ներառյալ.
Լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում, որով ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում ավելացվում է ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեության բնագավառը:
Փաթեթով լրացումներ են կատարվում նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համաձայն որի ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար սահմանվել տուրքերի համապատասխան վճարներ:
Հաշվի առնելով, որ Փաթեթով առաջարկվում է փորձաքննություն չպահանջող ապրանքների համար տրամադրված ծագման հավաստագրերի (եւ այլ դեպքերի) համար սահմանել պետական տուրք, ուստի առաջարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Փաթեթի կարգավորման հիմնական նպատակը ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման եւ ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացների իրավական, կազմակերպչական եւ գործառութային բարելավումն է՝ ապահովելով դրանց պարզ, հստակ, կանխատեսելի եւ միասնական կիրառումը: Կարգավորումը միտված է գործող իրավական դաշտի բացերի եւ հակասությունների վերացմանը, վարչարարական բեռի նվազեցմանը, ինչպես նաեւ ոլորտում պետական լիազորությունների եւ պատասխանատվության հստակ տարանջատմանը:
4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք նպատակ են ունեցել պարզեցնել եւ արդիականացնել արտաքին առեւտրի վարչարարական գործընթացները, այդ թվում՝ ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման ոլորտը: Մասնավորապես իրականացվել են քայլեր՝ ուղղված արտաքին տնտեսական գործունեության թույլտվությունների եւ փաստաթղթաշրջանառության միասնական կանոնների մշակմանը: Այդուհանդերձ, ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման ոլորտում առանձին եւ համալիր կարգավորում չի իրականացվել:
Նախաձեռնվել են աշխատանքներ՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ («e-gov» ենթահամակարգերի ընդլայնման ծրագրեր), սակայն ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային ձեւաչափի եւ կիրառման կարգի վերաբերյալ իրավական ակտեր դեռեւս չեն ընդունվել:
Այսպիսով՝ մինչ այժմ իրականացված միջոցառումները չեն ապահովել ոլորտի համալիր կարգավորում, եւ առկա է անհրաժեշտություն մշակելու նոր իրավական ակտ կամ քաղաքականություն, որը կստեղծի միասնական, թվայնացված եւ թափանցիկ համակարգ՝ ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման համար:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը:
Առաջարկվող կարգավորման տարբերակների իրականացման արդյունքում կհաստատվեն միատեսակ, թափանցիկ եւ թվայնացված գործընթացներ, որոնք կբարձրացնեն վարչարարական եւ տնտեսական արդյունավետությունը, կպահպանեն միջազգային ստանդարտներին համապատասխանությունը եւ կնպաստեն Հայաստանի արտահանման եւ ներմուծման ոլորտի կայուն զարգացմանը:
Հաշվի առնելով, որ Կառավարության առաջնահերթ նպատակներից է՝ Գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը, ուստի Փաթեթի ընդունման դեպքում կբարելավվի գործարար եւ աշխատանքային հարաբերությունների ճկունության բարձրացումը:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում» եւ «Արտաքին տնտեսական քաղաքականություն եւ արտահանման խթանում» կետերից:
Ներդրումների ծավալների եւ համատարած արտադրողականության աճը կարող է տեղի ունենալ բարենպաստ գործարար եւ ներդրումային միջավայրի առկայության պայմաններում: Գործարար եւ ներդրումային միջավայրի ճկունությունն ապահովելու նպատակով իրականացվելու են կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նպատակ են ունենալու ընդլայնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հասանելի տնտեսական հնարավորությունների դաշտը:
Արտադրողականության աճի շնորհիվ արտադրության ծավալների ավելացումը ենթադրում է նաեւ իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալների աճ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում