Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12231-22.12.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն օրենքի129-րդ հոդվածի 4-րդ մասում «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերից հետո լրացնել «եւ «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերը, իսկ «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի կամ օպերատորի գործունեության» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի  ընդունման անհրաժեշտությունը.

«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի (մրցույթի) անցկացման պահանջ, որին համապատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (Վերահսկող մարմին) նախաձեռնել է ընտրության ընթացակարգի եւ մի շարք այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը: Այդուհանդերձ, օրենքով սահմանված չէ մրցույթի արդյունքների (ընտրության ընթացակարգի)՝ դատական կարգով բողոքարկման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող նորմ, ինչը գործնականում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:

Միաժամանակ, համանման հարաբերություններ կարգավորող՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14.9-րդ հոդվածով թեեւ սահմանված է ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ, սակայն սահմանված չէ բողոքարկման ժամկետ, որպիսի պայմաններում գործում է հայցային վաղեմոթյան ընդհանուր ժամկետը:

Նման պայմաններում շահագրգիռ անձինք, թե՛ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի, թե՛ ՊՄԳ օրենքով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկել հայցային վաղեմոթյան ընդհանուր ժամկետում, որպիսի հնարավորության առկայությունը նպատակահարմար չէ, քանի որ, պայմանավորված այս վեճերի առանձնահատկություններով, պետք է գործի բողոքարկման առավել սեղմ ժամկետ՝ մի կողմից նպաստելով դատարան դիմողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, մյուս կողմից՝ ապահովելով հաղթող հայտատուի արդյունավետ գործունեության իրականացման հնարավորությունը: Այլ խոսքով, եթե այս վեճերի համար գործի հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը, ապա հնարավոր է, որ այդ ժամկետի ավարտին մոտ ժամանակահատվածում եւս հարուցվի դատական գործ, ինչը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության (անգործության) իրավաչափությունը պարզելու տեսանկյունից, այնպես էլ խոչընդոտել մի դեպքում՝ հաղթող հայտատուի կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի, մյուս դեպքում՝ մասնավոր գործընկերոջ գործունեության կամ ՊՄԳ ծրագրի իրականացմանը, ուստի նպատակահարմար է նմանատիպ գործերի հարուցման հնարավորությունը պայմանավորել սեղմ ժամկետներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Հայցի ապահովման միջոցները» վերտառությամբ 129-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորմամբ բացառվում է հայցի ապահովման այնպիսի միջոցի կիրառման հնարավորությունը, որը կհանգեցնի «Պետություն-մասնավոր գործընկերության  մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի իրականացման կասեցմանը: «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը: Օրենքի նշված դրույթն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ձեռնարկել է Կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներ, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել երաշխիքներ այն մասին, որ օպերատորի ընտրության մրցույթի արդյունքների վիճարկումը չի հագեցնելու մրցույթի անցկացման կամ օպերատորի գործունեության կասեցմանը: Մասնավորապես, եթե մրցույթի արդյունքների՝ դատական կարգով վիճարկումը հանգեցնի օպերատորի ընտրության ընթացակարգի կասեցմանը, ապա չի ապահովվի «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված նպատակների իրացումը, իսկ օպերատորի ընտրությունը կարող է տեւել տարիներ՝ պայմանավորված դատական գործի առկայությամբ: Ուստի, օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում բացառել այն դեպքերը, որոնք կարող են հանգեցնել օպերատորի ընտրության մրցույթի կամ օպերատորի գործունեության կասեցմանը` պայմանավորված դատական գործի առկայությամբ: Միաժամանակ, լրացում է կատարվել նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ հետապնդելով հստակեցնել, որ հիշյալ օրենքը չի տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի եւ մրցույթի արդյունքում կնքված գործարքների վրա: Այս փոփոխությունը եւս միտված է խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում օպերատորի ընտրության ընթացակարգի կամ նրա գործունեության կասեցման բացառմանը, մասնավորապես, սույն փոփոխությամբ ընդգծվում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գնման գործընթացի կասեցման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի ընթացակարգի կամ մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքերի վրա: Այլ խոսքով՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի ընթացակարգի կամ արդյունքների բողոքարկման դեպքում նշված դատական գործը չի ներառվելու քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գնումների հետ կապված վեճերով հատուկ հայցային վարույթի ներքո:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվել է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ եւ դրա համար սահմանել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից: Միաժամանակ, առաջարկվել է նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14.9-րդ հոդվածով սահմանված՝ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման համար նույնպես սահմանել երկու ամիս ժամկետ, որը, կրկին, հոսում է բողոքարկվող որոշման կայացման օրվանից: Միաժամանակ, կարեւորելով այն հնարավոր դեպքերը, երբ բողոքարկման ենթակա որոշումը կարող է կայացված լինել նախագծերով առաջարկվող կարգավորումները ուժի մեջ մտնելուց առաջ, նախագծերի անցումային դրույթներով սահմանվել է նաեւ, որ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված գործողությունները (դրսեւորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում: Այսպիսով, ապահովվել է նաեւ այն որոշումները բողոքարկելու հնարավորությունը, որոնք կայացնելու օրվա դրությամբ գործել է դրանք բողոքարկելու՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը եւ, ապահովելու համար դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը, նախագծերով սահմանվել է, որ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում եւս շահագրգիռ անձինք կարող են բողոքարկել համապատասխան որոշումները:

Նախագծով սահմանվել է նաեւ, որ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն եւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հանձնաժողովի եւ հայտատուի միջեւ առաջացող հարաբերությունները ծագում են մրցույթի հայտարարման արդյունքում հայտատուի՝ մրցույթին մասնակցելու ազատ կամահայտնությամբ, իսկ հաղթողի հետ կնքվում է պայմանագիր: Այսինքն՝ արդյունքում օպերատորի եւ Վերահսկող մարմնի միջեւ առաջանում են պայմանագրային իրավահարաբերություններ: Հանրային են այն հարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ ծագած հարաբերություններում: Այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ եւ բավարար պայմանն է (տե՛ս թիվ ՎԴ/7029/05/11 գործով Վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Սույն դեպքում առկա չէ վարչական իրավահարաբերություններին բնորոշ՝ մեկ կողմի իշխանական, գործադիր-կարգադրիչ գործառույթ իրականացնելու հանգամանքը, քանի որ Հանձնաժողովը, ըստ էության, ոչ թե իրականացնում է գործադիր-կարգադրիչ գործառույթ, այլ կազմակերպում է մրցույթ՝ որոշակի կանոնների համապատասխան: Այն չի կարող մեկնաբանվել իբրեւ գործադիր-կարգադրիչ գործառույթի իրականացում, քանի որ Հանձնաժողովը չունի որեւէ իշխանական լիազորություն, այն ներառված չէ իշխանության որեւէ ճյուղում, Հանձնաժողովը վարչական մարմին չէ, իսկ մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ գնահատումը ամենեւին չի նշանակում գործադիր-կարգադրիչ գործառույթի իրականացում: Բացի այդ, հարկ է նշե, որ ի թիվս այլնի, վարչական ակտին բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ այն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով (տե՛ս թիվ ՎԴ/3310/05/15 գործով Վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը), մինչդեռ սույն դեպքում Հանձնաժողովի գործունեության նպատակը ոչ թե իրավունքի սուբյեկտի կոնկրետ գործի կարգավորումն է, այլ մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը: Ընդ որում, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանված է, որ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն եւ կարգավորվում են ՀՀ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ: Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթը եւս իր էությամբ պետություն-մասնավո գործընկերության տարատեսակ է՝ որոշակի առանձնահատկություններով, հետեւաբար, այս առումով եւս, լիովին իրավաչափ է օպերատորի ընտրության ընթացակարգի՝ քաղաքացիական դատավարության կարգով բողոքարկումը:

Նախագծով առաջարկվել է նաեւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցի ապահովման վերաբերյալ կարգավորումներում ավելացնել այնպիսի դրույթ, որը կերաշխավորի, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի արդյունքերի՝ դատական կարգով վիճարկումը չի կասեցնելու մրցույթի անցկացման ընթացակարգը կամ օպերատորի գործունեությունը: Այլ խոսքով, եթե հարուցվի դատական գործ, ապա այդ գործի շրջանակներում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի օպերատորի ընտրության ընթացակարգի կամ նրա գործունեության կասեցմանը:

Միաժամանակ, «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակեցվում է, որ նշված օրենքի գործողությունը չի տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի կամ դրա արդյունքում կնքված գործարքների վրա:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին նորմ եւ բողոքարկման սեղմ ժամկետ՝ ապահովելու համար Օպերատորի գործունեության բնականոն ընթացը եւ բացառելու այդ գործերի ժամանակավրեպ քննության իրավական հնարավորությունը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Միեւնույն արդյունքն ակնկալվում է նաեւ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին երկամսյա ժամկետ սահմանելու մասին կարգավորման ընդունմամբ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաեւ սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման պատշաճ երաշխիքներ, բացառել մրցույթի կասեցման հնարավորությունը:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12 դեկտեմբեր 2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում  կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում լրացում  կատարելու  մասին» եւ «Պետություն-մասնավոր  գործընկերության մասին» օրենքում լրացում  կատարելու  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն