Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից մեկ էլեկտրոնային առեւտրի հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների» բառերը,
2) 1-ին մասի 6-րդ կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ էլեկտրոնային առեւտրի հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրության ուժի մեջ մտնելը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Արտաքին էլեկտրոնային առեւտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը: Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24.06.2024թ. N ՆՀ-195-Ն հրամանագրով: Արձանագրությամբ կանոնակարգվել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առեւտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման եւ այլ մաքսային գործառնությունների հետ կապված հարաբերությունները:
Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը: Մասնավորապես, արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված հիմնական հարցերն են՝
1) էլեկտրոնային առեւտրի հայտարարագրի՝ մաքսային մարմնին ներկայացման ժամանակ հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքերի սահմանումը.
2) էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ դրանց բացթողումից հետո առեւտրային նպատակներով օգտագործման դեպքում անձանց պատասխանատվության սահմանումը.
3) չպահանջված՝ էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման դեպքում դրանց փոխադրման կարգի սահմանումը.
4) մաքսային պահեստներում գտնվող էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերումներից հետո դրանց՝ այդպիսի պահեստներից դուրսբերման եւ անձանց առաքման ժամանակ մաքսային մարմնին ծանուցման կարգի սահմանումը.
5) ֆիզիկական անձանց իրացված եւ առաքված ապրանքների վերադարձի եւ մաքսային պահեստներում տեղակայման նպատակներով մաքսային մարմնին ծանուցման կարգի սահմանումը.
6) էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինների կողմից տույժերի գանձման, ծանուցումների ուղարկման, բռնագանձման միջոցների սահմանումը.
7) էլեկտրոնային առեւտրի ապրանքների արժեքի որոշման ժամանակ առանձին ընթացակարգային դրույթների սահմանումը.
8) էլեկտրոնային առեւտրի օպերատորի՝ որպես մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձի՝ համապատասխան ռեեստրում ներառման կարգի, անձի կողմից ռեեստրում ներառման նպատակով դիմումի ներկայացման կարգի, դիմումի ուսումնասիրության, ռեեստրից հանման, ռեեստրում ներառման վկայականի, դրա կասեցման կամ դադարեցման հետ կապված իրավահարաբերությունների սահմանումը.
9) էլեկտրոնային առեւտրի օպերատորին ներկայացվող լրացուցիչ պահանջների սահմանումը.
10) էլեկտրոնային առեւտրի օպերատորի տարածքների, շինությունների նկատմամբ առաջադրվող պահանջների սահմանումը.
11) էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից ապրանքների հաշվառման եւ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը.
12) էլեկտրոնային առեւտրի օպերատորի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատվության սահմանումը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առեւտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր: Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի եւ ուղեւորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առեւտրի ապրանքների նկատմամբ:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծերով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված իրավահարաբերությունները:
Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվել է՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հաշվի առնելով այն, որ օրենքով նոր տեսակի դրույքաչափեր չեն սահմանվում, այլ գործող դրույքաչափերի վերաբաշխում է տեղի ունենում՝ ապրանքների տարբեր կատեգորիաների միջեւ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն առնչվում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ նախատեսված՝ «2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում» միջոցառմանը:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում