Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգքրի (այսուհետ՝ օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասում 11-րդ կետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 12-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«12) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ:»:
Հոդված 2. 380.1-ին հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.
1) 1-ին մասում «գործարքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման» բառերը.
2) 1.1-ին մասից հետո լրացնել 1.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով իսկ վճարային քարտերի միջոցով վճարման դեպքում պարտադիր է նաեւ ոչ էլեկտրոնաին հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը:».
3) 2-րդ մասում «իրականացման գործարքների» բառերից հետո լրացնել «, եւ 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 381-րդ հոդվածի 3-րդ մասում 19-րդ կետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 20-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«20) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումն ուղղված է բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի եւ քաղաքացիների փոխահարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես՝ վճարահաշվարկային տերմինալների միջոցով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների համար կատարված վճարումների դիմաց քաղաքացիներին տրվող հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնների տրամադրման դյուրինացմանը:
Միաժամանակ նախագծի ընդունումը կնպաստի բժշկական հաստատությունների կողմից պետպատվերի եւ սոցիալական փաթեթի շրջանակներից դուրս մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության բարձրացմանը, առողջապահական տվյալների ամբողջականության ապահովմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Համաձայն Հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի՝ կազմակերպությունների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է բնակչությանը ծառայություններ մատուցելիս: Հիմք ընդունելով հարկային օրենսգրքի այս հոդվածը՝ բժշկական կազմակերպությունները ծառայություններ տրամադրելիս պարտադիր պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոն: Գործնականում, երբ վճարումը իրականացվում է վճարային քարտերի միջոցով, ՀԴՄ-ՊՈՍ համակցված տերմինալների միջոցով քաղաքացուն տեղում տրամադրվում է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, իսկ վճարային տերմինալների միջոցով վճարում իրականացնելիս սարքավորումը տրամադրում է միայն ԿԲ խորհրդի 14.10.2016թ. թիվ 168-Ն որոշմամբ սահմանված «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը: Այդ դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն ստանալու համար քաղաքացին պետք է մոտենա բժշկական հաստատության հաշվապահություն: Նման գործընթացը բարդություն է ստեղծում քաղաքացիների համար, բժշկական հաստատություններում առաջանում են կազմակերպչական խնդիրներ եւ հետագայում դրանք հաշվապահորեն ձեւակերպելու դժվարություններ:
Միաժամանակ, ներկայումս բժշկական հաստատությունների կողմից պետպատվերի եւ սոցիալական փաթեթի շրջանակներից դուրս մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների վերաբերյալ տվյալները շատ հաճախ չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ, չնայած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն՝ լիցենզավորված անձը էլեկտրոնային առողջապահության համակարգում պետք է ապահովի տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության եւ նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին: Ավելին՝ ՀՀ կառավարության 29 հունիսի 2002 թվականի N867 որոշմամբ հաստատված են դեղատնային գործունեության իրականացման, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը, որոնք եւս սահմանում են էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու եւ սահմանված տվյալների մուտքագրման պահանջ:
Մատուցված բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մասին տեղեկության բացակայությունը հնարավոր է լինում պարզել միայն այն դեպքում, երբ տվյալ լիցենզավորված անձը ներառված է լինում առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից կազմված տարեկան ստուգումների պլանում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն լրացումներ, որոնց համաձայն՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերի համարա պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ եթե վճարումը իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով (վճարային տերմինալ) կամ վճարային քարտերի, ապա այս դեպքերում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր, եւ ծառայությունների մատուցման դիմաց կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով:
Միաժամանակ, նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ եւ 381-րդ հոդվածներում կատարել լրացումներ, որոնց համաձայն՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում, համապատասխանաբար, հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվի նաեւ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված` տվյալ ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ, ինչը կապահովի մատուցված ծառայությունների մասին տվյալների պարտադիր մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ:
Օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման 7-րդ հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.5 Առողջապահություն» բաժնի 8-րդ կետի պահանջների ապահովման հետ, մասնավորապես՝ Կառավարության հիմնական նպատակներից շարունակում է մնալ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը, որի շնորհիվ քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Ձեւավորված առողջության պատմության, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս: Այդպիսով կբարձրանա բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների որակը եւ արդյունավետությունը, որը կնպաստի կրկնակի հետազոտությունների եւ բուժումների նվազմանը եւ հետեւաբար դրանց համար կատարվող ծախսերի կրճատմանը թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար: Կապահովվեն նաեւ առողջական տվյալների ամբողջական հավաքումը եւ դրանց հիման վրա վերլուծությունների իրականացումը, որն էլ իր հերթին կհանգեցնեն ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ եւ թափանցիկ բաշխմանը: